Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին

Դեկտեմբեր 18,2021 15:58

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվեց առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում:

Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Այս տեսանկյունից նշեց, որ Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և, նախևառաջ, վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:

Արմեն Պապիկյանը նշեց, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031