Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արդեն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացրել է, եւ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում այն քննարկվելու է: Տեքստում նշվում է, որ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը եւ «Իմ քայլը» դաշինքը։ Ապա նշվում է, որ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել Երեւանի քաղաքացիների առաջ ստանձնած եւ նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները կամ քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին հարցրինք՝ Հայկ Մարությանից իրենց դժգոհություններն ինչո՞ւ առաջ չէին հայտնում, ի՞նչ է փոխվել։ «Փոխվել է էն, որ, այո, մենք մի քաղաքական թիմով ենք ընտրվել, եւ կարիք կար ինստիտուցիոնալ ռեֆորմներ կատարելու, ու դրա համար պետք էր նաեւ որոշակի ժամանակ։ Եվ արդեն հասկանալով, որ երրորդ տարին է մոտենում ավարտին, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք արդյունքներից խիստ դժգոհ ենք, եւ հիմնականում չեն արվել ինստիտուցիոնալ ռեֆորմներ կառավարման մասով եւ նշված բոլոր պատճառների մասով, նաեւ քաղաքի կառավարման տեսանկյունից գտնում ենք, որ մեզ պետք է փոփոխություն, որպեսզի կարողանանք լուծել քաղաքի բոլոր խնդիրները»,- ասաց Լեւոն Հովհաննիսյանը։
– Իսկ դա ձե՞ր դիրքորոշումն է, թե՞ Նիկոլ Փաշինյանն է որոշել։ Եթե Փաշինյանը դժգոհ չլիներ Մարությանից, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ինքնուրույն կդժգոհե՞ր քաղաքապետի աշխատանքից։
– Ես Ձեզ ամենայն անկեղծությամբ վստահ ասում եմ, որ այս պրոցեսը, որ մենք եկել ենք էս կետին, որ պետք է բաժանվենք, միայն աշխատանքային տարբեր հարցերով հարաբերվելու ընթացքում է ձեւավորվել։ Եվ որոշ ժամանակ հետո, երբ ստեղծվել է այսպիսի իրավիճակ, նոր մնացած մեր կառավարության բարձրաստիճան գործընկերները դրա մասին տեղեկացել են։ Այսինքն՝ այս եզրակացությունը, այս աշխատանքային խնդիրները զուտ ֆրակցիայի ներքին մակարդակով աշխատանքների հետեւանքով են առաջացել։ Դա մեր ներսում հասունացած պրոցես է։ Իհարկե մենք, քանի որ քաղաքական մարմին ենք, պետք է խորհրդակցենք նաեւ մեր գործընկերների հետ, ներկայացնենք՝ իրավիճակն ինչպիսին է, եւ մտածենք լուծման շուրջ։
Կարդացեք նաև
– Դուք կարող եք բազմաթիվ հիմնավորումներ բերել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է․ այս պրոցեսից օրեր առաջ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում Մարությանի հասցեին հոդված հրապարակվեց, թե Քոչարյանի հետ է հանդիպում, «շեղվել է հեղափոխությունից» եւ այլն։
-Հիմա դրա ի՞նչը մեկնաբանել։
– Այն, որ սա Փաշինյանի անձնական ցանկությունն է, որովհետեւ Հայկ Մարությանն ընտրությունների ժամանակ չի սատարել ՔՊ-ին, չի կանգնել ձեր կողքը, մանավանդ` պատերազմից հետո։
– Այն, որ մենք՝ բոլորս, նախորդ տարեվերջից բավականին ցավոտ եւ անընդունելի ենք համարել, որ ամենածանր պահից մեկ ամիս չանցած՝ պարոն Մարությանը որոշել է բաժանվել թիմից եւ իր վրա չվերցնել պատասխանատվության մի մասը, դա մեզ տխրեցրել է, իհարկե։ Բայց այն, որ էստեղ ինչ-որ պատժիչ կամ այլ գործոններ կան, ես քանի որ ֆրակցիայի ներսի աշխատանքային պրոցեսներին լավ եմ տիրապետում, Ձեզ վստահ ասում եմ, որ մենք հասկացանք, որ այս լուծմանը պիտի գանք, դրա մեջ մեծ կշիռ են ունեցել մեր ներքին աշխատանքային խնդիրները։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում