Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջ քաշվող միասնական «թյուրքական աշխարհի» գաղափարը որևէ վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, կա թյուրքական աշխարհի ընդհանրություն՝ մշակութային, պատմական: Եվ Կենտրոնական Ասիայի պետություններ, անգամ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները, մեր թաթարները, բաշկիրները, այո՛, նրանք թուրքերի հետ ունեն ընդհանուր պատմություն: Դա լեզվական պատմություն է, մշակութային, ընդհանուր ավանդույթներ: Ուստի դրանում սարսափելի բան չկա»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան RTI-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի անվտանգությանը չի սպառնում «նեոօսմանյան կայսրության», Ստամբուլից մինչև Յակուտիա «թյուրքական աշխարհի» ստեղծման գաղափարը:
Այնուամենայնիվ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «իհարկե, Թուրքիայում կան ազգայնական տրամադրություններով ուժեր, որոնք այդ մշակութային միասնությունը ցանկանում են վերածել ավելի մեծ բանի»: «Բայց, փառք աստծո, այդ ազգայնականներն այնքան էլ շատ չեն, և նրանք մեծամասնություն չեն կազմում, չնայած շարունակում են պնդել «Մեծ Թուրան» ստեղծելու իրենց գաղափարը: Նրանք չեն ասում «Օսմանյան կայսրություն», նրանք ասում են «Մեծ Թուրան»,- ասել է Պեսկովը:
Միաժամանակ, Պեսկովը նկատել է, որ ազգայնականներ կան ամենուրեք, նրանք, որպես կանոն, յուրաքանչյուր պետության քաղաքական թատերաբեմում լինում են:
Կարդացեք նաև
«Իհարկե, նրանց, որպես կանոն, զսպում են գործող իշխանությունները: Եվ հենց այստեղ է նախագահ Էրդողանը, որը շատ ջերմ, կարելի է ասել բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ, որոնք, չնայած տարաձայնություններին, հնարավորություն են տալիս նրանց ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենաբարդ խնդիրները»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ «այդպես եղել է բազմիցս, դա վերաբերում է և՛ Սիրիային, դա վերաբերում է նաև ոչ վաղ անցյալի երկկողմ հարաբերությունների ողբերգական պահերին»: «Բայց այնուամենայնիվ հաջողվել է դուրս գալ խաղաղ, կառուցողական կարգավորման հունի, և փաստացի, չնայած որոշակի տարաձայնություններին, Թուրքիան մեր հարևանն է, շատ կարևոր հարևանը: Թուրքիան մեր գործընկերն է շատ առևտրատնտեսական, ներդրումային գործակցության կարևոր նախագծերում, և Թուրքիան մեր «վիզավին» է բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում, դրանց լուծման գործընթացում»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ