168.am–ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին և դրա հետ կապված գործընթացներին, նկատեց՝ Թուրքիայի հետ Հայաստանը հարևան է, և մի օր պետք է սովորեն կողք կողքի ապրել, սակայն Թուրքիան պետք է առանց նախապայմանների գնա հարաբերությունների հաստատման։
«Նախկինում Թուրքիան նախապայման էր առաջ քաշում Արցախի հարցը, հիմա իրենք համարում են, որ այդ հարցը լուծված է, և նման նախապայման առաջ չեն քաշում, բայց չէ՞ որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եթե Հայոց ցեղասպանության փաստը մի կողմ են դնում, ապա այդ դեպքում մենք կորցնում ենք մի ամբողջ սփյուռք։ Սա նշանակում է, որ մեր ազգը բաժանվում է երկու մասի։ Սփյուռքի համար հիմնական ապրելու, հայ մնալու համար հիմնական գաղափարը ցեղասպանության ճանաչումն էր, բայց հիմա Թուրքիան առաջ կքաշի դրանից հրաժարում։ Եվ ես կարծում եմ՝ այս իշխանությունները հեշտությամբ ընդառաջ կգնան Թուրքիայի այդ պահանջին»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Ըստ նրա, նման իրավիճակում հայ-թուրքական հարաբերություններ հաստատելուն ուղղված բոլոր քայլերում ու գործողություններում Թուրքիան թելադրող է, նա թելադրում է իր պայմանները։
«Բոլորն էլ լսել են Ալիևի հայտարարությունները, որ եթե Հայաստանը փորձի արդիականացնել իր բանակը և այլն, ապա իրենք անմիջապես այդ ամենը կկանխեն, սա ի՞նչ է նշանակում՝ սա սպառնալիք է, և իրենք այս պահին ունեն գերիշխող դիրք, որովհետև ՀՀ իշխանությունը մեկը մյուսի հետևից գնում է զիջումների, ինչ է թե՝ իրենց աթոռը պահեն»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում