Այն տեսակետները, թե Թուրքիան կառուցողական է տրամադրված և իրապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հաաստանի հետ, անհիմն են։ Ավելին, նույնիսկ հնարավոր է Հայաստանի ավելի խորը մեկուսացում։ Մենք իրենց երաշխիքներ ենք տալիս, որ Սյունիքով ապահովվելու է տեղաշարժի անվտանգությունը Թուրքիայից դեպի Նախիջևան, ապա Ադրբեջան, քանի որ այդ ուղին, ըստ նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության, հսկելու են ռուս խաղաղապահները, բայց մյուս կողմից ոչ մի երաշխիք չկա, որ ՀՀ քաղաքացիները և հայկական ապրանքները կարող են անվտանգ տեղափոխվել Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ եթե Թուրքիան Սյունիքով կապվեց Ադրբեջանի հետ, ապա շատ շուտով փորձելու է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս։
Պանթուրքական ծրագրերն այս դեպքում լուրջ վտանգ կարող են ներկայացնել Ռուսաստանի, Իրանի և, ինչու չէ, նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիայի վերջնական նպատակն է հասնել մինչև Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջան։ Բացի այդ, պատահական չէ, որ կոնկրետ այս փուլում են Թուրքիայում որոշել բացել 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը, որը ներկայացվում է որպես ազատության մարտիկ։ Այս թեմային անդրադարձավ անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։
Ուստի այս փուլում Հայաստանը պետք է լարի իր ուժերը դիվանագիտության ոլորտում, ակտիվորեն աշխատի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարիդրացիական հարևան Իրանի ու իրենցից էական ուժ ներկայացնող Չինաստանի ու Հնդկաստանի հետ։ Սակայն հարկ է, որ այս աշխատանքը կոնկրետ գործնական տեսք ստանա պայմանագրերի ու կոնկրետ պայմանավորվածությունների տեսքով, որպեսզի հնարավոր լինի բալանսավորել թուրքական սպառնալիքը։
Կարդացեք նաև
Բայց իշխանությունները այսպիսի կարևոր հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն ներքաղաքական հարցերով են զբաղված էժանագին գործիքակազմով, ընդդիմադիր ուժերին ու անհատներին վերաբերվելով թշնամաբար, իսկ թշնամուն՝ բարեկամաբար։ Եվ վերջապես՝ եթե միամիտներ կան, որոնք հավատում են, որ նույնիսկ հաշտության պայմանագրի ստորագրումից ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո հակառակորդը հրադադարի ռեժիմը չի խախտելու ու սադրանքների չի դիմելու, ապա այդ մարդկանց խորը հիասթափություն է սպասում։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում