Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանալեզու լրատվամիջոցները` Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների մասին․ «Ազգ»

Դեկտեմբեր 18,2021 10:10

Գերմանալեզու լրատվամիջոցները դեկտեմբերի 14-ից ի վեր արձագանքեցին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե հնարավոր է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ սկսվեն: Թուրքիայի արտգործնախարարի հաղորդմանը հետեւել էր պաշտոնական Երեւանի հաստատումը:

Dpa գործակալության տարածած լրատվության մեջ, որ արտատպել են մի շարք լրատվամիջոցներ, շեշտվում է՝ «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները նորմալացնել», ինչպես Հայաստանի արտգործնախարարության ձեւակերպումն է: («Ազգ»-ի առաջիկա համարում կանդրադառնանք «նորմալ», «նորմալացում» բառերինՙ դրանք դիտարկելով հատկապես գերմանական խոսույթի մեջ մեր նկատած ընկալմանը- Ան.Հ. ): Լրատվությանն անդրադարձած «Շպիգելը» ծանուցում է Թուրքիայի տեղեկությունն առ այն, որ երկու երկրները պիտի հաստատեն հատուկ բանագնացներ՝ հետագա քայլերի մասին պայմանավորվելու համար:

«Շպիգելը» հիշեցնում է, որ երկու երկրների սահմանները փակ են տասնամյակներ ի վեր՝ Թուրքիան սերտ համագործակցում է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի հետ, 2020 թվականի պատերազմում Անկարան նաեւ ռազմական աջակցություն էր հատկացնում Բաքվին: «Շպիգելը» հիշեցնում է վարչապետ Փաշինյանի՝ 2020-ի հոկտեմբերին հնչեցրած խոսքը, թե Թուրքիան է մեղավոր ԼՂ-ի շուրջ վեճի՝ ռազմական հակամարտության վերածվելու համար: «Առանց Թուրքիայի ակտիվ ներգրավվման, այսքան չէր խորանա»: Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու որոշման շարժիչը Թուրքիայի ամբողջական սատարմամբ է եղել, Փաշինյանի եզրահանգումն է ներկայացնում «Շպիգելը»:

Գերմանական հիշյալ լրատուն հավելում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են վերջինիս՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով, թեեւ պատմաբանները 1,5 միլիոն զոհի մասին են ակնարկում, սակայն Անկարան ընդունում է զոհ գնացած 300 000 – 500 000-ի առկայությունը՝ մերժելով ցեղասպանություն եզրաբառը:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» դեկտեմբերի 14-ին լուրը զետեղել է «Թուրքիան եւ Հայաստանը կամենում են կրկին մերձենալ» վերնագրով, բայց գլխագրում թերահավատությունն այսպես է ձեւակերպել՝ «Վե՞րջ սառցե ժամանակահատվածին»: Նույն օրը թերթի վերլուծաբան Ռայներ Հերմանը Անկարայից ծավալուն հոդված է գրում՝ «Թուրքիան Հայաստանի միջով հաղորդակցության միջանցք է կամենում» վերնագրով: «Մեկ տարի առաջ Թուրքիան սատարում էր Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում: Այժմ Անկարան ու Երեւանը կամենում են խոսել իրար հետ:

Այդուհանդերձ հաջողությունը կախված է նաեւ տարածաշրջանի այլ երկրներից, իր հերթին գրում է «ՖԱՑ»-ը: Երկու կողմերն էլ իրենց առաջին քայլերն են անում երկկողմ բարդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որոնց շաբաթներ առաջ էին սպասում: Երկուշաբթի Չավուշօղլուն հայտարարեց Հայաստանի հարցով հատուկ բանագնաց նշանակելու, Ստամբուլի եւ Երեւանի միջեւ չարտերային թռիչքները վերագործարկելու մասին, գրում է Հերմանը եւ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Վ. Հունանյանի խոսքը ներկայացնում առանց կրճատման. «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների նորմալացնել (կարգավորել) հարաբերությունները Թուրքիայի հետ»: «Սրան նախորդել էին նոյեմբերի վերջին Սոչիում Պուտինի հետ Փաշինյանի եւ Ալիեւի անուղղակի հանդիպումները: Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերից, գրում է «Ֆրակֆուրտեր ալգեմայնեն»՝ հիշատակելով «հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայաստանից մեկ տարի առաջ Ադրբեջանի նվաճած Ֆիզուլի այցի ժամանակ հնչեցրած միտքը՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման (կարգավորման) համար որեւէ խոչընդոտ չի լինի, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու ազնիվ կամք դրսեւորի»: Թերթի վերլուծաբանը անդրադառնում է հրադադարից մեկ տարի անց՝ նոյեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Հայաստանին ուղղված հորդորին, որ կոչ էր անում օգտվել Անկարայի եւ Բաքվի ղեկավարների խաղաղության ժեստից:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031