Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են մարդիկ ձգտում իշխանության

Դեկտեմբեր 18,2021 10:00

Այդ հարցին պատասխանելու համար հիշենք մի շատ հայտնի հոգեբանական փորձի մասին, որն արվել է 1971 թվականին Սթենֆորդի համալսարանում:

Սոցիալական հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն առաջարկել է կամավորներին բաժանվել երկու խմբի, որոնցից մեկը «կխաղար» կալանավորների, իսկ մյուսը՝ բանտապետների դերը: Շատ արագ վերջիններիցս շատերը լիովին մտան դերի մեջ եւ սկսեցին դրսեւորել որպես սադիստներ, իսկ «խաղարկային բանտը» շուտով չէր տարբերվում նացիստական համակենտրոնացման ճամբարից:

Երբ 2004 թվականին հայտնի դարձավ, որ Իրաքի Աբու-Գրեյբ ամերիկյան ռազմական բանտում զինվորները նվաստացնում եւ կտտանքների էին ենթարկում կալանավորներին (առանց որեւէ նպատակի, պարզապես «հաճույքի» համար), Զիմբարդոյին հրավիրեցին սադիստական հակումներ դրսեւորած զինծառայողների հետ աշխատելու: Հետեւությունը նույնն էր, ինչ-որ Սթենֆորդյան փորձի դեպքում. նորմալ, հոգեպես առողջ մարդիկ են, շատերը լավ ամուսիններ եւ հայրեր են, ծնողների մասին հոգ տանող զավակներ: Պարզապես իրենց վարքային մոդելն այդպես են պատկերացնում եւ շատ արագ մտնում են դերի մեջ:

Հայկական վարքային ստանդարտները իշխանության պարագայում լավագույնս ձեւակերպվում են «Քաջ Նազար» հեքիաթում, երբ գլխավոր հերոսն իր ստացած աթոռից վերջնականապես շշմած, էլ չգիտի, թե ինչ հրահանգներ տա՝ ինքնահաստատվելու համար ու սկսում է իր նազիր-վեզիրներին հրամայել՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Ահա եւ պատասխանը. սովորաբար իշխանության են ձգտում մարդիկ, որոնք ինքնահաստատման սուր կարիք ունեն, իսկ երբ հասնում են իրենց նպատակին, մտնում են դերի մեջ, եւ նրանց անընդհատ մեծարանքի ու քծնանքի «նոր դոզաներ» են պետք:

Փողը, «պադավատները», «դաչաները», «ախրանան» եւ այլն՝ դրանք ինքնահաստատման մասնավոր դրսեւորումներ են, որոնք շատ դեպքերում կարող են եւ չլինել: Կարեւորը իշխելն է, հրահանգներ տալը, դիրքն օգտագործելով՝ մարդկանց նվաստացնելը եւ այդ ամենից ներքին բավարարվածություն զգալը: Մի խոսքով՝ ինքնահաստատվելը: «Ախ, դուք ինձ բավականաչափ չե՞ք մեծարում, հիմա ես ձեզնից աթոռները կխլեմ, ամբողջ օրը ոտի վրա կկանգնեք»՝ մանր հարց է, բայց չափազանց բնութագրական: Ի դեպ, հավաքարարին, թե բարձր «նաչալնիկին», իմ կարծիքով, հարգում են անձնական հատկանիշների, ոչ թե պաշտոնի բերումով:

Իր ուսումնասիրությունները Զիմբարդոն ամփոփել է գրքում, որը կոչվում է «Լյուցիֆերի էֆեկտը. ինչու են լավ մարդիկ չարագործ դառնում»: Կարծում եմ, ասվածի համատեքստում այդ հարցի պատասխանը նույնպես պարզ է։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարի հեղինակ՝ Արա Բեքարյան («Քաջ Նազարը և պալատականներ»)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Իմ կարծիքով բոլոր նման տեսակի անձնավորությունները ունեն մեծ անլիարժեքության կոմպլեքս և առանց Ձեր նշված “հեղինակների” գտնվում են ազատ անկման մեջ։
    “Քաջ Նազարի” կերպարը շատ լավ նկարագրված է նաև “Երկիր հակառակ կողմը” գրքում ։)

  2. Լավատես says:

    Շատ հնարավոր է, որ բոլոր պետությունների ղեկավարները նշանակվում են կամ ուղղորդվում են վերպետական թվային թե ֆինանսական թե կոռպոռացիաների կամ էլ բոլորը միասին ինտերնացիոնալի կողմից եւ այդ ղեկավարները ստեղծում են արհեստական հակամարտություններ, որով ոչնչացնում են պետություններն ու ազգերը, ժողովուրդները եւ քաղաքացիական հասարակությունները: Դրա համար պետք չի առողջ տրամաբանություն փնտրել եւ ոչ մի պետության քաղաքականության մեջ, բոլորի նպատակն է ոչնչացնել սեփական պետությունը եւ օգնել սեփական դաշնակիցներին նույնպես ոչնչացնել իրենց ազգային պետությունը: Սա հերթական բայց ժամանակակից աշխարհակալության փորձն է’ նախկինի շարունակությունը, ասենք’ Մակեդոնացի, պարսկական, հռոմեական, արաբական, բյուզանդական, մոնղոլ թաթարական, ռուսական, բրիտանական, ամերիկյան եւ այլն, սրանց ժամանակակից տարբերակը, բոլոր կայսրությունները սկզբից լուծարում են, մասերի են բաժանում ազգային պետությունները, հետո արդեն այդ առաձին մասերից նորից հավաքում սինթեզում են նոր աշխարհակալություն’ ով քաղաքակիրթ ձեւով, ով վայրենի: Բոլոր ժամանակներում էլ ով պայքարում է, նա փրկվում է, ով չի պայքարում, նա վերանում է, սա բնության օրենքն է: Քո ղեկավարը կարող է քո հինգերորդ շարասյան ներկայացուցիչն է եւ նա դա իր գործերով հաստատում է, պայքարել, նշանակում է այդ ղեկավարին ոչ թե գահընկեց անել, այլ ստիպել կառավարելի լինել ժողովրդի կողմից, սա է ժողովրդավարությունը, երբ քո սեփական անվտանգության համակարգը հնարավոր է նույնպես հինգերորդ շարասյան ներկայացուցիչներ են ղեկավարում: Այսինքն’ ժողովրդավարություն նշանակում է պայքար սեփական ղեկավարին ժողովրդի կողմից կառավարելի դարձնելու համար: Օրինակ, չգիտեմ, թե որ շարասյանն է պատկանում այսօրվա Երեւանի քաղաքապետը, անկախ նրա այդ պատկանելիությունից, երեւանցիները կարո՞ղ են միահամուռ պայքար մղել այդ քաղաքապետին իրենց’ երեւանցիների խիստ կառավարման տակ դնեն եւ ստիպեն գործել ի շահ երեւանցիների: Փառք Արարչին եւ երեւանցիներին, նրանց պայքարի հաղթանակը կլինի իսկական ժողովրդավարություն եւ պայքարի հանելով պետության բոլոր մնացած համայնքները կստիպեն Կառավարությանը’ անկախ շարասյան համարից, գործել ի շահ մեր բոլոր համայնքների: Փառք Արարչին եւ մեր համայնքներին, իսկական ժողովրդավարությունը միայն միահամուռ պայքարով ու միահամուռ սիրով է կերտվում:

Պատասխանել