ՏԻՄ ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները մի շարք համայնքներում իրենց պարտությունը փորձեցին ժողովրդավարության ձեռքբերում ներկայացնել: Քիչ ժամանակ անց, սակայն, վերընտրված ու իշխանությանը ոչ լոյալ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում, կալանավորվում:
Իրավաբան, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ գործընթացներին, խոսել նաև մի շարք այլ հարցերի շուրջ:
«Ընդհանրապես, այս տխրահռչակ իշխանությունը երկակի ստանդարտների իշխանություն է. երբ որևէ երևույթ ու իրադարձություն իրենց անձնական շահերին ու նպատակահարմարությանն է առնչվում, իրենք դա որակում են լավագույն տերմիններով, հղում են կատարում ժողովրդավարության, իրավական պետության հիմնարար սկզբունքներին: Իսկ իրականում հիմա մեր պետության ներսում առերեսվել ենք իրավական անվտանգության լրջագույն սպառնալիքներին: Վերլուծենք իրադարձությունները նախ հետընտրական գործընթացների համատեքստում: Այդ շրջանում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ եղան, այլև մի շարք հակաիրավական բնույթի գործեր հարուցվեցին: Անհեթեթությունների շարքն այդ ամենով չավարտվեց: Տեսանք, որ պատգամավոր հանդիսացող անձինք ուղղակիորեն հակասահմանադրական կերպով ազատազրկվեցին՝ առանց «Ազգային ժողովի կանոնակարգ», «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքներն ու Սահմանդրության տարրական ընթացակարգերը պահպանելու: Փառք Աստծո, ՍԴ-ն վերջերս իր համապատասխան որոշմամբ գնահատական տվեց, ու այդ մարդիկ ազատ արձակվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը:
Անդրադառնալով ավելի թարմ օրինակներին, խոսելով նաև մի շարք քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու որոշումների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ շատ դեպքերում կալանքը որպես պատժիչ գործիք է կիրառվում: «Նման իրավիճակ ունենք նաև վերընտրված համայնքապետերի առումով: Մինչ այժմ ազատազրկված է Առուշ Առուշանյանը, նախօրեին կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը: Ինչո՞ւ նշեցի երկակի ստանդարտների մասին, որովհետև ակներև է հետևյալը. եթե որևէ գործընթաց իրենց նպատակահարմարության ներքո է, խոսում են ժողովրդավարությունից, ժողովրդի կամքից ու ընտրությունից: Մինչդեռ այս դեպքում, երբ ժողովուրդն ուղղակիորեն իր կամքն է արտահայտել, այլ պատկեր ենք տեսնում: Ամբողջ վարչական լծակներն իրենց ձեռքում էին, ու դրանից ամեն կերպ օգտվում էին՝ կանխելու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՏԻՄ մարմիններում վերընտրվելու հնարավորությունը: Բայց անգամ այս պայմաններում հանրությունը իր վստահության քվեն էր տվել այդ անձանց: Եվ այն, ինչ այսօր իրականացվում է, ուղղակի հարված է իրավական պետության հիմնարար սկզբունքներին ու իրավական պետության ակունքներին: Իշխանությունը վաղուց վակխանալիայի իրավիճակ է ստեղծել, այսօր անարխիստ մթնոլորտ է: Իշխանություններին թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է, այլևս ոչ մի արգելքի ու ոչ մի կարմիր գծի առջև կանգ չեն առնում, չեն կաշկանդվում ոչ մի կարգավորմամբ: Սա լրջագույն վտանգ ու լրջագույն խնդիր է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ տարբեր իրադարձություններով ու գործընթացներով պայմանավորված՝ այս 3 տարում նման գնահատականներ կրկին հնչեցվել են։
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում