Վիրտուալ հարթակներում հաճախակի են էլեկտրոնային թերթերից՝ կայքերից, տպագիր մամուլից մեջբերումներ արվում, ամբողջական հոդվածի, հրապարակումներից «կիսումներ», որոնք դառնում են թեժ բանավեճերի առարկա: Եթե առցանց մեկնաբանությունները, կարծիքները, դիտարկումները օպերատիվ տեղ են գտնում նույն առցանց լրատվամիջոցներում, ապա տպագիր մամուլն այդքան հաճախակի չի մեկնաբանում, թե ինչ հարցերի շուրջ են քննարկումները «նոր»՝ զուգահեռ Հայաստանում:
Երեկ ողջ օրը ՖԲ հարթակում քննարկվում էին Աշոտ Երկաթի՝ Մինասյանի, Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունների հարցերը, անգամ ֆլեշ-մոբեր էին անցկացվում նրանց ազատության կոչերով: «Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին» ֆլեշ-մոբի միջոցով` վանաձորցի օգատերերը պահանջում էին հարգել իրենց ընտրության իրավունքն ու ազատել իրենց քվեն ստացած թեկնածուին։
Նրանք տարատեսակ մեկնաբանություններ էին կատարել, կանխատեսումներ արել դեկտեմբերի 17-ին նախատեսվող Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին Ասլանյանի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Նշեմ, որ այդ նիստին պետք է ընտրվի համայնքի ղեկավարը։ «Ասլանյան դաշինքը» ստացել է 15 մանդատ, հետեւաբար, նրանց շանսերը մեծ են: Սակայն օգտատերերը գրում էին. «ավագանու նիստից առաջ ճնշման փորձ է»:
«Միանում եմ «Չկա Հայաստան առանց Արցախի» ակցիային եւ կոչ եմ անում արցախյան դրոշը կախելու նախաձեռնությանը միանալ» ու նշվում է անունը: Ում անունը նշվել է, նա պետք է ոչ միայն կախի Արցախի դրոշը իր պատշգամբից, տեսանելի վայրում, այլ լուսանկարով կոչ անի մեկ այլ ընկերոջ նույնը անել: Արձագանքներն այսպիսին էին՝ «Դրա փոխարեն «Հայաստան» հիմնադրամին փող ուղարկեք, գոնե հազար դրամ», ինչին հետեւում էր. «ինչու եք խորհուրդ տալիս մեկին, որ առանց խորհրդի էլ այդ գումարը փոխանցում է», մեկը անմիջապես «քաղհան» էր անում Ալիեւի՝ իսպանական El Pais ամսագրին ասածը. «Հայաստանն այսօր չգիտի՝ Ղարաբաղը Հայաստան է, թե ոչ… Հայաստանը չի ասում՝ ճանաչո՞ւմ է տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ նրանց վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ»։ Այս հայտարարությունը, ըստ էության, խարխլեց բանակցային գործընթացը, եւ այն դառը պարտության մի մասն էր, որը նրանք կրեցին անցյալ տարի: Բայց այսօր Հայաստանը, կարծես, դիրքորոշում չունի այս հարցում։ Մենք շատ բաց ենք խոսում Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու՝ մեր ցանկության մասին։ Ինչպես ասացիք, սա ոչ թե զինադադարի, այլ լիարժեք խաղաղության համաձայնագիր է լինելու»: Դեռ դրոշներ ենք տարածում զուգահեռ Հայաստանում, մինչդեռ այս նույն հարթակում փակվում են էջեր, որոնք մեր հերոսների անուններով են, իսկ օգտատերի նկատմամբ «խնամքով» վիրտուալ հանցագործություններ են կատարվում, որի դեմն առնող կիբեռմասնագետները չկան, քանի որ դրանք ուղղորդվում են թշնամի պետության պատրաստված մասնագետների կողմից, երբեմն էլ «ներսի թշնամու»:
Կարդացեք նաև
Բրյուսելից, ուր հանդիպեցին Ալիեւն ու Փաշինյանը, տեղեկությունները քչախոս էին. «Երկրի առաջնորդները մինչ քննարկումները միասին լուսանկարվել են» բովանդակությամբ: Սպասումի պահին առցանց լսարան նետվեց Երեւանի քպ-ական քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջի մասին լուրը եւ մոռացվեց Բրյուսելը: Իսկ Բրյուսելում Ալիեւն ասում էր. «Մենք գերիներին վերադարձրել ենք, իսկ նրանց ձերբակալել են…եթե ավելի շատ մարդ վերադարձնենք, միեւնույն է՝ նրանք ձերբակալվելու են»:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր հատուկ բանագնացի մասին, որն ԱՄՆ-ում թրծված, դիվանագիտական դպրոց անցած մեկն էր՝ Սերդար Քըլըչը: Արձագանքը հետեւյալն էր. «մեր կողմից գոնե ուսապարկ չնշանակեն», իսկ թե ով է լինելու թեկնածուն, այս Հայաստանում նշվում էր… Ժիրայր Լիպարիտյանի անունը:
Բրյուսելից դեռ չեկած Փաշինյանի մասին լուրը սկսվեց նրանով, որ նա երեկ հանդիպում է ունենալու Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, օրակարգում էլ լինելու է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։ «Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», հրճվում էր առցանց լսարանը, իրար հարց տալով. «Հիմա Հայկը սեւ է, թե սպիտակ»: Հարցը պատահական չէր, առաջին մարդը, ով հասարակությունը բաժանեց սեւի ու սպիտակի՝ Հայկ Մարությանն էր:
Օգտատերերը քննարկում էին, թե արդյոք Հայկի հեռացման պահանջը կապ ունի պատերազմի ավարտից հետո Սեյրան Օհանյանի միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու շրջանառության մեջ դրված պատմության հետ, ինչը կարծես հերքվեց «Հայաստան» դաշինքի կողմից: Մարությանը երեկ շտապեց առաջինը ՖԲ-ով տեղեկացնել. «Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ եւս 100 նոր ավտոբուսի եւ 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60%-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս», ինչին օգտատերերից մի քանիսը արձագանքեցին. «Ուրիշ բան չունի՞ ասելու, ամբողջ ժողովուրդը սպասում է»: Օգտատերերը կանխատեսում էին, որ առաջիկայում Հայկի նկատմամբ քրեական գործ էլ կհարուցվի, այլ խոսքով, նա էլ կհայտնվի նույն այն խցում, ուր Մամիկոն Ասլանյանն է, եւ այն համայնքապետերը՝ Սյունիքի, որոնց անազատության ժամանակ, փոխադարձ աջակցություն չեղավ:
ՖԲ հարթակը իրավական ստատուսներով «սեփականաշնորհել են» հայտնի իրավաբաններ, փաստաբանները: «Ընդամենը ամիսներ առաջ հնարավոր էր ձերբակալման դեմ բողոք ներկայացնել առցանց։ Հիմա՝ այլեւս ոչ, եւ ստիպված ենք հասնել ծայրամասում գտնվող՝ «կալանք տվող դատավորների» նստավայր՝ Աջափնյակ»,-գրում է նրանցից մեկը:
Ամենատաք թեմաներից մեկը վիրավորանքի քրեականացմանն է վերաբերում, մասնավորապես, Սամսոնյանի գործով, ով առաջինն է, որին մեղադրանք են առաջադրել ՖԲ գրառման համար: «Սա բռնապետությանը բնորոշ վարքագծի տրամաբանության մեջ է։ Խնդրում եմ՝ այստեղ որեւէ իրավական պրոցես չփնտրել, որովհետեւ չեք գտնի», նման մեկնաբանությունները շատ են:
Իրականում իրավաբանության հետ կապ չունեցող գործընթացները թիվ ու հաշիվ չունեն: «Հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը եւ ԵԽ գրասենյակը, նաեւ ԱՄՆ դեսպանատունը որեւէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է: Կալանավորումները բացառապես ընդդիմադիր անձանց նկատմամբ, երբեւէ նման հստակ լռության պայմաններում տեղի չեն ունեցել»,-ահազանգում են նրանք: Վիրտուալ տիրույթում հրապարակային, իրենց անունով հանդես եկող իրավաբան-փաստաբանները խոստովանում են, որ հազիվ են իրենց զսպում, իրենց պաշտպանյալների գործերով «ծանր հանցագործություն» չկատարելու համար: Նրանց վրա դամոկլյան սրի նման կախված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք՝ «ծանր վիրավորանք հասցնելը» կատարելու մեղադրանքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2021