Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը կորցրինք, հերիք չէ՞, որ հիմա էլ լրջորեն խաղում ենք Հայաստանի ճակատագրի հետ

Դեկտեմբեր 18,2021 14:00

Այսքան խայտառակ պարտություններից եւ զիջումներից հետո, փոխանակ մեր ազգը միակամվի, ընդհակառակը՝ մեր տարատեսակ մասնատումներով, շարունակաբար ներսից՝ էլ ավելի ենք թուլացնում մեզ: Երկիրը բառիս բուն իմաստով կործանման եզրին է, եւ արտաքին, եւ ներքին մարտահրավերները երկիրն առել են աքցանի մեջ, ժողովուրդը շնչահեղձ է լինում գների աննախադեպ աճից, երկրի պաշտպանվածությունը հեղհեղուկ վիճակում է եւ ահա այս պայմաններում երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում՝ ԱԺ-ում թիմային՝ խմբակցությունների մակարդակով ռազբորկաներ ու ծեծուջարդ է իրականացվում:

Մի կողմից ՔՊ-ի որոշ պատգամավորների ու նրանց օգնականների՝ թվով մոտ 20 հոգի, մյուս կողմից՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների միջեւ՝ թվով 3 հոգի, ԱԺ-ի փոխնախագահի աշխատասենյակում բարձրաձայն հայհոյոցներով, գոռգոռոցներով՝ փողոցային խուլիգանների մակարդակով մեծ կռիվ են սարքում, իսկ անվտանգության աշխատակիցները, որոնց թիվը բավականին պատկառելի է ԱԺ-ում, համարյա ոչ մի միջոց չեն ձեռնարկում, ոչ մի միջամտություն չեն իրականացնում, կարծես իրենց ԱԺ են բերել ոչ թե անվտանգություն ապահովելու, այլ ներկայացում դիտելու:

Կարծես մեր բյուջեի գումարներն այնքան շատ են, որ ԱԺ-ի շենքը հեղեղում են զինվորական հագուստով մի քանի տասնյակ ոստիկաններով, որոնք իրենց հիմնական գործը՝ անվտանգություն ապահովելու փոխարեն, կարծես այստեղ են ներկայացում դիտելու եւ վճարվում են ոչինչ չանելու համար:

Կատարվածի մեջ կարեւորը բնավ այն չէ, որ մի քանի հարված են իրար հասցրել, այլ այն, որ նախ այդ պատգամավորները չեն գիտակցում, թե ինչ ասել է երկրի Ազգային ժողով, իսկ երկրորդ, արտաքին մարտահրավերների այս սրված պայմաններում, փոխանակ մի կողմ թողնելու քաղաքական հայացքներն ու տարաձայնությունները, զսպելու ատելությունը միմյանց նկատմամբ, մեջք-մեջքի տալով եւ համախմբվելով, վերջին ճիգով փորձել փրկել Արցախից մնացած վերջին թիզն ու դե ֆակտո պատերազմական վիճակում՝ թշնամու կրակահերթերի տակ, գրավյալ տարածքների հարեւանությամբ գտնվող ու ոչ պակաս վտանգավոր դիրքերում հայտնված, դեռեւս մեզ պատկանող, սակայն թիրախավորված տարածքները: Էլ չեմ ասում, որ առանց այն էլ, արցախյան պատերազմից սկսած ու դրանից հետո ընկած ժամանակահատվածում աշխարհը մեզ չափազանց անլուրջ է ընդունում, նման ճղճիմ գործողությունները մեր իմիջը վերջնականապես հավասարեցնում են զրոյի: Փաստացի, մի կողմ թողած երկրին պատուհասած մահացու վիճակը, երկրի որոշ երեսփոխաններ Ազգային ժողովի շենքում տղայական ռազբորկաներ են անում ու փորձում անձնական հարցեր լուծել:

Անկեղծ ասեմ, բառերը չեն բավականացնում նկարագրելու նմանատիպ դիպվածներն, այն էլ այն պարագայում, երբ երկրի վիճակը մազից է կախված, երբ որոշվում է հազարամյա պատմություն ունեցող երկրի, պետության եւ պետականության լինել-չլինելու հարցը:

Արցախը կորցրինք, հերիք չէ՞, որ հիմա էլ լրջորեն խաղում ենք Հայաստանի ճակատագրի հետ: Թուրք-ադրբեջանական տանդեմը հիմար չէ, մանրակրկիտ հետեւում է մեր ամեն քայլին, տեսնում, թե այս ճակատագրական պահերին ինչով է զբաղված մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, եւ հետեւաբար, նոր առիթ ենք տալիս, որպեսզի ավելի թեւավորված պատրաստվի ժամանակի շնչին չտիրապետող՝ գլխավորը ոչ գլխավորից չտարբերող երկրի հետ՝ հետագա գործընթացների իրականացման հարցում էլ ավելի շահեկան դիրք ունենալու համար: Եթե մենք այսքան առյուծ ժողովուրդ ենք եւ կարող ենք նույնքան առյուծ պատգամավորներ ընտրել, բա ինչո՞ւ տանուլ տվեցինք արցախյան պատերազմը եւ Արցախը, հիմա էլ մաս-մաս, առանց դիմագրավման՝ հերթով հանձնել Հայաստանի տարածքները: Այնպիսի տպավորություն է, որ Արցախը եւ Շահումյանը լրիվ ազատագրել ենք, արդեն Բաքվի մատույցներում ենք, սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում շուտով մեզ կանցնի նաեւ Բաքուն, վերջին պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի տասնյակ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ ենք տվել, համարյա գերիներ չունենք, հիմա էլ եկել է ժամանակը, որ այդ պատգամավորներն ու նրանց օգնականներն արդեն իրավունք են վաստակել ներքին հարցերը՝ անհարթությունները նման կերպ շտկել ու գնում են նման քայլի:

Դա նման է նրան, որ մեկի տանը մահ կա, դագաղը դեռ տանն է եւ հանգուցյալի տերերն այդ ժամանակ սկսում են իրենց երբեմնի թշնամիների հետ ռազբորկաներ եւ ծեծուկռիվ սարքել: Խելքի եկեք, նժարին Հայաստանի ճակատագիրն է դրված:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031