Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը հավատարիմ է իր ավանդույթներին

Դեկտեմբեր 18,2021 13:30

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկան երիտասարդ երաժիշտներ՝ դաշնակահար Խաչիկ Անդրեասյանը, ջութակահար Արեգ Նավասարդյանը եւ թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը։ Մեզ հետ զրույցում համերգին ներկա մասնագետները նշեցին, որ ծրագիրը բավականին բարդ էր ու հավակնորդ եւ երիտասարդ կատարողներն էլ հիանալի մեկնաբանեցին երաժշտասեր հանրությանը քաջածանոթ ստեղծագործությունները՝ Ռախմանինովի Ռապսոդիան Պագանինիի թեմայով, Պագանինիի ջութակի թիվ 1 կոնցերտը եւ Էլգարի թավջութակի կոնցերտը։

Արտյոմ Իոանիսյանը

Մեր զրուցակիցները հատկապես նշեցին, որ հնարավորինս հաճախ պետք է նման համերգներ անցկացվեն, առանձնահատուկ էլ շեշտեցին, որ մեր պետական նվագախմբերից ֆիլհարմոնիկը իր գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ արդեն շուրջ 20 տարի հնարավորություն է տալիս երիտասարդներին ներկայանալ, ճանաչելի դառնալ, այդպիսով ճանապարհ հարթել դեպի մեծ բեմ։ Ընդ որում, Արեգ Նավասարդյանին եւ Արտյոմ Իոանիսյանին ժամանակին հանդիպել էինք ֆիլհարմոնիկի հետ համերգներում։

Արեգ Նավասարդյանը

Արեգն ուսանել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսումը շարունակել Ավստրիայի Գրացի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանի նախապատրաստական բաժանմունքում՝ պրոֆեսոր Բորիս Կուշնիրի ղեկավարությամբ, ներկայումս սովորում է Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Պավել Վերնիկովի դասարանում։ Իր ելույթը երիտասարդը նվիրեց վերջերս կյանքից հեռացած իր ուսուցչի՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի հիշատակին։ Արտյոմն էլ է ավարտել Չայկովսկու անվան դպրոցը՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանը, այս պահին ուսումը շարունակում է Շվեյցարիայում՝ պրոֆեսոր Դենիս Սեվերինի մոտ։ Խաչիկը նույն դպրոցում է ուսանել՝ Զարուհի Վարդանյանի դասարանում, հետո ավարտել է Երեւանի կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ, վերջերս էլ ընդունվել է Տեխասի Քրիստոնեական համալսարան՝ Թամաշ Ունգարի դասարան։

Խաչիկ Անդրեասյանը

Մեզ հետ զրույցում մաեստրո Թոփչյանը նախ նշեց, թե այս երիտասարդները հրաշալի երաժիշտներ են, տաղանդավոր, հետո էլ հակիրճ անդրադարձավ յուրաքանչյուրին, ասելով. «Արտյոմը լավ տեխնիկա ունի, շա՛տ երաժշտական է։ Արեգը, կարելի է ասել, Պագանինիի ստեղծագործությունների վրա է մասնագիտացած եւ պատշաճ կերպով կատարեց այդ բարդ կոնցերտը։ Խաչիկն էլ արժանի մենակատար է՝ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու համար»։

Դիտարկմանը՝ մաեստրոն երիտասարդ տաղանդների հետ հանդես գալու մեծ փորձ ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանրապես ես սերտ կապի մեջ եմ մեր պատանի տաղանդավոր երաժիշտների հետ, աշխատում եմ հնարավորինս նրանց բոլորին մեծ բեմ դուրս գալու հնարավորություն տալ, սիմֆոնիկ նվագախմբերի հետ աշխատելու փորձ ձեռք բերել։ Համերգներից դուրս էլ, հավանաբար գիտեք, հյուրախաղորդ եւ մեր անվանի երաժիշտների մասնակցությամբ վարպետության դասեր ենք անցկացնում։ Ինքս էլ հաճախ օգնում եմ խորհուրդներով՝ ուսման եւ կարիերայի հետ կապված։ Երբեմն փորձում եմ իմ կապերն օգտագործել նրանց արտերկրյա համերգները կազմակերպելու նպատակով։ Ոչ միայն այս երեք երաժիշտները, այլ ժամանակին ֆիլհարմոնիկի հետ համագործակցած երիտասարդները կարողանում են ոչ միայն մեզ մոտ, այլեւ դրսում կարիերա անե»։

Հայաստանցի գործիքային երիտասարդ երաժիշտ կատարողներին այս կամ այն չափով աջակցում են պետական նվագախմբերի գեղարվեստական ղեկավարները, նրանց հնարավորություն ընձեռելով այդ տարիքից զգալու մեծ բեմի ու նվագախմբի հետ հանդես գալու բերկրանքը։ Նույնը չենք կարող ասել երիտասարդ դիրիժորների համար։ Օրինակ, ժամանակին լուսաբանել ենք ֆիլհարմոնիկի համերգները Ներսես Մկրտչյանի եւ Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ։ Այս տարի Մոցարտի ծննդյան 265-ամյակին նվիրված երեկոյին օպերային թատրոնի նվագախումբը ղեկավարեց Նիկոլայ Պողոսյանը, որը նվագախմբի արտիստներից է՝ ֆագոտահար։ Որպես դիրիժոր նրա գործունեությունը ընդամենը հինգ տարվա պատմություն ունի։ Եթե չենք սխալվում՝ Նիկոլայը ղեկավարել է նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը արտերկրում։ Գուցե սա ամբողջական պատկերը չէ կամ չմտաբերեցինք մեկ-երկուսին, բայց դիրիժորների հարցում, այո, վիճակը շատ տխուր է։ Բայց, ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ վերջապես օրերս օպերային թատրոնում դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը հանդիպում է կազմակերպել՝ հրավիրելով երիտասարդ դիրիժորների։ Նպատակն է նրանց ներգրավել օպերային թատրոնի աշխատանքներում։ Այս մասին մանրամասն՝ առաջիկայում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այո՛, հավատարիմ է իր ավանդույթներին՝ անտեսելով հայ ազգայինը …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031