Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբանի այցելելիս պետք է ազատ զգալ, այլապես սեանսը չի հաջողվի»

Դեկտեմբեր 18,2021 13:00

Հարցազրույց հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ

– Ինչո՞ւ ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը։ Հիշո՞ւմ եք այն պահը, երբ վերջնականապես որոշեցիք, որ ցանկանում եք դառնալ հոգեբան:

– Հոգեբանի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն ունեցել եմ դեռեւս դպրոցից, բայց մասնագիտություն ընտրելիս հաղթեց լրագրության հանդեպ իմ սերը: Սակայն հենց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում, երբ սկսեցինք հոգեբանություն ուսումնասիրել, արդեն վստահ էի՝ հոգեբանությունն իմ երկրորդ, բայց հիմնական մասնագիտությունն է լինելու, քանի որ հետաքրքրությունս օրեցօր ավելանում էր:

– Ո՞վ է «լավ հոգեբանը»: Ի՞նչ եք հասկացել լավ հոգեբան ասելով համալսարանում սովորելու տարիներին եւ ինչպե՞ս եք դա հասկանում հիմա:

– Հոգեբանի մասնագիտությունը կենսակերպ է, հոգեվիճակ, որի կրողն ամեն մեկը լինել չի կարող: Հոգեբան մասնագետը պետք է ձուլված լինի իր մասնագիտությանը, այլապես հաջողել չի կարողանա: Նա պետք է լինի hանդուրժող, համբերատար, խորաթափանց եւ կարողանա նույնիսկ առանց խոսքի, միայն ժեստերի միջոցով, հասկանալ դիմացինին:

Հոգեբանի մասին պատկերացումներս համալսարանական տարիներին փոքր-ինչ այլ էին. կարծում էի՝ հետաքրքիր մասնագիտություն է եւ համապատասխան բանալիներն ունենալու դեպքում կարելի է բացել յուրաքանչյուրի հոգին, սակայն ընթացքում հասկացա, որ միայն բանալիների առկայությունը քիչ է, եթե չունես հմտություն, փորձ, եւ չես տիրապետում մասնագիտական մի շարք առանձնահատկությունների: Այսօր արդեն հոգեբանությունն իմ տարերքն է, որը միշտ օգնում է ինձ, եւ թույլ տալիս օգնել նաեւ իմ կարիքն ունեցող մարդկանց:
Հոգեբանը պետք է ներքին խաղաղության կրող եւ փոխանցող լինի, նրա հետ այցելուն չպետք է լարվի, իրեն հարմարավետության գոտում զգա եւ կրկին մասնագետի մոտ վերադառնալու ցանկություն ունենա:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ շատերը չեն համարձակվում դիմել հոգեբանի՝ անգամ խնդիրների առկայության դեպքում։

– Չնայած հոգեբանի մասնագիտության շուրջ կարծիքները խիստ տարբեր են եւ հակասական, այնուամենայնիվ, վերջին տարիներին մասնագիտական աջակցություն ստանալ ցանկացողների թիվն ավելանում է: Այսօր մարդիկ ավելի հաճախ են դիմում հոգեբանի, քան երեկ եւ պատճառն այն է, որ մտածողությունը փոխվել է:

Շատերի մոտ էլ կա թյուր կարծիք, որ հոգեբանը պետք է եւ/կամ կարող է իրենց խորհուրդ տալ եւ դիմում են մասնագետի հենց այդ խորհուրդը ստանալու նպատակով: Իրականում հոգեբանը խորհուրդ տալու իրավունք չունի, նա պետք է օգնի այցելուին հասկանալ իր խնդիրը, գնալ դրան ընդառաջ եւ նա ինքը կընտրի ելքերն ու խնդիրների լուծման ուղիները:

– Ուզում եմ դիմել հոգեբանի, բայց մտածում եմ, որ գուցե չկարողանամ ներկայացնել այն, ինչ ինձ հուզում է: Այսպիսով, ես պե՞տք է պատրաստվեմ խորհրդակցության, թե՞ հանպատրաստից գնամ:

– Հոգեբանի այցելելիս պետք է ազատ զգալ, քանի որ եթե կա լարվածություն կամ անվստահություն, սեանսը չի հաջողվի: Լավ մասնագետը կարող է անել այնպես, որ այցելուի լարվածությունը դուրս գա, վերջինս իրեն անկաշկանդ զգա, սակայն միանձնյա հաջողության հասնել չի կարող, պետք է երկուստեք համագործակցություն լինի:

– Այսօր ի՞նչ խնդրով են առավելապես հոգեբանի դիմում մեծահասակները եւ դեռահասները:

– Խնդիրներն ամենատարբեր են՝ ներանձնային կոնֆլիկտ, սթրես, կպչուն մտքեր, վախեր եւ ֆոբիներ, ընտանեկան խնդիրներ, սեռական կողմնորոշում եւ այլն: Տարիքին զուգահեռ խնդիրները հիմնականում բարդանում են, բարդանում են նաեւ դրանց հաղթահարման եղանակները, սակայն լավ մասնագիտական աջակցության դեպքում բոլոր խնդիրները հաղթահարելի են:

– Ըստ ձեզ՝ ի՞նչն է «կոտրում» մարդուն:

– Մարդուն կոտրում են չհասկացվածությունը, միջավայրում ընդունված չլինելը, ենթադրյալ չհաջողված կյանքը եւ այլն, սակայն այդ ամենը ոչինչ են համապատասխան հոգեկերտվածքի առկայության դեպքում: Սակայն ամենից հաճախ մարդուն կոտրում են սեփական մտքերն ու մոտիվացիայի անկումը: Մտքերը նյութական են եւ եթե դրանք բացասական ֆոն են արտահայտում, մարդու կյանքի որակն ինքնըստինքյան ընկնում է: Անհրաժեշտ է կյանքը լցնել դրական հույզերով ու մտքերով, մտածել գեղեցիկի ու հնարավորի մասին: Հոգեբանության հայտնի կաղապարներից է՝ «եթե չես կարողանում փոխել իրողութունը, փոխիր վերաբերմունքդ այդ իրողության շուրջ»: Անհնարին ոչինչ չկա եւ լավատեսությունը հզոր զենք է խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման հարցում, ուստի պետք է ոչ թե խնդիրներ ստեղծել եւ ուռճացնել դրանք, այլ հաղթահարման ուղիներ մշակել:

Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031