Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իրականությունը՝ երիտասարդ ռեժիսորի ֆիլմերում

Դեկտեմբեր 18,2021 12:30

Երիտասարդ ռեժիսոր Գոռ Գրիգորյանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում՝ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցում:

Գոռը պատմում է, որ այս 2021-ին իր կուրսային աշխատանքը՝ «Երկու հոգի նույն քաղաքում» վավերագրական ֆիլմը, միջազգային կինոփառատոներում արժանացել է մրցանակների, որից հետո սկսել է ավելի պրպտալ եւ փոքր դետալների միջից մեծ պատմություններ վերհանել: Հարցին՝ ֆիլմն ինչի՞ մասին է եւ ո՞րն է նպատակը, Գոռը պատասխանեց. «Ֆիլմը նույն քաղաքում ապրող երկու մարդկանց մասին է՝ պոետ Հուսիկ Արայի ու ռեպեր Չիլանի: Հիմնական նպատակներից մեկը եղել է այն, որ մենք ցույց տանք ստեղծագործող մարդու ապրելակերպը: Նրանց ցույց ենք տվել տարբեր հոգեվիճակներում, բայց ֆիլմում կապող միջոց էլ է եղել՝ ֆիլմում գրվել է հատուկ երաժշտություն, երկուսով նրանք ունեցել են ընդհանուր գործ, որով էլ ֆիլմը վերջանում է»: Ֆիլմի օպերատորը Սիմոն Դավթյանն է: Ռեժիսորի խոսքով՝ օպերատորի հետ աշխատանքը հաջողված էր առաջին իսկ նկարահանումից:

Այս ամենին զուգահեռ, Գոռը ժանրային հետաքրքիր ենթատեքստեր է ավելացրել, մտածելով, որ հասարակության կողմից հնարավոր է չընդունվի, բայց ի զարմանս իրեն, ամեն բան միանշանակ ընդունվեց:

Արդեն խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Գոռը նշեց, որ ընթացքում են նոր կարճամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումները, որն իր դիպլոմային աշխատանքն է: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: «Փակագծերը չեմ բացում, միայն կարող եմ ասել, որ այն կատակերգություն է եւ իմ առաջին խաղարկային ֆիլմը, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 2022 թվականին»,-մեզ հետ զրույցում ասել է Գոռ Գրիգորյանը, ավելացնելով, որ ֆիլմում խաղում են նաեւ Համազգային թատրոնի դերասանները:

Խոսելով կատակերգության նրբությունների մասին, Գոռը նշեց, որ ստենդ ափով էլ է զբաղվում, փորձելով ինքնատիպությունը պահել եւ լինել տարբերվող: Սպասվող ֆիլմի կատակները, իր վստահեցմամբ, կլինեն արդարացված եւ հիմնական շեշտը լինելու է իրավիճակային կատակերգության վրա: Զրուցակցիս խոսքով՝ ֆիլմի վերնագիրը քննարկումների փուլում է, ընթացքում կորոշվի:

Հարցին՝ ի՞նչ կփոխանցեն երիտասարդ ռեժիսորի ֆիլմերը հանդիսատեսին, պատասխանեց հենց ինքը՝ Գոռ Գրիգորյանը: «Ես ընդհանրապես շատ պոզիտիվ մարդ եմ, ամեն անգամ մարդկանց ուզում եմ դրական էմոցիաներ փոխանցել: Իմ ֆիլմերի մեջ, կարելի է ասել, որ ինձ եմ դրել, այսինքն՝ ֆիլմերովս նույնպես ուզում եմ դրական, այլ ոչ թե բացասական էմոցիաներ փոխանցել, քանի որ կյանքը ինքնին բարդ բան է»:
Զրույցի վերջում իմացա, որ Գոռը գույների հետ խնդիր ունի եւ կարմիր ու կանաչ գույները չի տեսնում: Դա է պատճառը, որ աշխատում է ֆիլմերում այս երկու գույները քիչ լինեն: «Ընդհանրապես բարդ է, երբ «Ավատարը» քո համար ուղղակի բոյով մարդկանց մասին կինո է»,-կեսկատակ-կեսլուրջ, Գոռն այսպես եզրափակեց զրույցը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031