Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական «սառույցը» հալչում է

Դեկտեմբեր 18,2021 12:00

Սակայն Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նշանակել է կոշտ դիվանագետի

Հայաստանի շուրջ իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում, եւ վստահաբար, դեռ շարունակվելու են նույն ընթացքով: Հստակ էր, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների որոշակի փուլից Անկարան կսկսի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին զարկ տալ ու առանձին գործընթաց սկսել:

Հայաստանում դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը, թերեւս, դժվար կլիներ գտնել ռացիոնալ մեկ մարդու, որը չէր ցանկանա, որ Հայաստանն իր հարեւանների հետ ապրեր հաշտ ու համերաշխ: Հայաստանի նախկին բոլոր նախագահները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ յուրաքանչյուրն իր չափով իրականացրել են որոշակի քայլեր: Պաշտոնական Երեւանը Թուրքիայի նկատմամբ տարածքային որեւէ պահանջ չի ներկայացրել, Թուրքիան էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Բայց Անկարան տարիների ընթացքում իր քայլերով ցույց տվեց, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Բաքվին լիակատար աջակցությամբ Հարավային Կովկասում այլ հավակնություններ ունի ու դրանք բավական մեծ հավակնություններ են:

Այսօրվա Թուրքիան 1990-ականների ու Աբդուլլա Գյուլի ժամանակների Թուրքիան չէ, Էրդողանը չի էլ թաքցնում իր ծրագրերը խորհրդային նախկին հանրապետություններում, ու հեռու չեն այն ժամանակները, երբ տարբեր երկրների քաղաքական այրերի օրակարգում կլինի՝ Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա ընտրության հարցը:

Այսպես, պաշտոնական Անկարան օրեր առաջ մի քանի հայտարարություններից հետո դրսեւորեց գործնական քայլեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»,- հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Նա հայտնեց, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, եւ հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Թուրք նախարարը նաեւ նշել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երեւան չարթերային թռիչքներ են գործարկվելու: Չավուշօղլուի այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել:
Նշյալ հայտարարությունից անմիջապես հետո պաշտոնական Երեւանը «դրական գնահատեց» Թուրքիայի հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, եւ հաստատեց, որ եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Ավելին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արձանագրեց, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը։ Նա օրերս նկատել էր, որ գործընթացն առանց նախապայմանների պետք է լինի. «Սա որեւէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային եւ պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ»։

Պաշտոնական Երեւանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ «3+2» ձեւաչափը անկախ գործընթացներ է համարում։ Սակայն, ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս են ընթացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ի՞նչ ձեւաչափով եւ ո՞ւմ միջոցով, առայժմ հայտնի չէ։

Անկարայից հայտնած նորությանը հաջորդեց մի ուշագրավ հրապարակում ամերիկյան Bloomberg պարբերականում: Պարբերականը, հիմնվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության վրա, գրեց, թե հոկտեմբերի վերջին, Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը: Bloomberg-ը գրում է. «Անկարան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք լարված շրջան են ապրում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով»:

Կասկած չկա, որ պաշտոնական Անկարան արեւմտյան առաջնորդների հետ բանակցություններում հայկական «խաղաքարտը» բանեցնում է եւ լիակատար պատրաստակամություն է դրսեւորում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բնականաբար՝ իր ակնկալիքները Արեւմուտքից դրա դիմաց պահանջելով:

Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից ընդամենը 2 օր անց՝ դեկտեմբեր 15-ին, Չավուշօղլուն արդեն հայտնեց, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Ո՞վ է Սերդար Քըլըչը: Նա ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 1984-ից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում: 2006-2008թթ. նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնական է եղել, 2008-2010թթ. Բեյրութում Թուրքիայի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել: 2010-2012թթ. եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014-ին՝ Տոկիոյում, 2014-2021-ին՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանն է եղել:

Տարբեր հրապարակումներից կարելի է պատկերացում կազմել, թե ում հետ են գործ ունենալու Հայաստանի իշխանությունները: Նա բավական կոշտ, արմատական դիվանագետ է համարվում, նույնիսկ բանը հասել է նրան, որ Էրդողանը որոշել է, որ Թրամփի իշխանության շրջանում փոխել ԱՄՆ-ում Թուրքիայի՝ սույն կոշտ դիվանագետին: Սերդար Քըլըչը Twitter-ում մեկնաբանել է 1915թ. «իրադարձությունների» վերաբերյալ Թրամփի հայտարարությունները, գրելով. «1915թ. իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքների մասին Թրամփի հայտարարությունը կողմնակալ է եւ անընդունելի, այն անտեսում է հարյուր հազարավոր մուսուլմանների ցավը, որոնք դարձել են Անատոլիայում հայ դաշնակցական ավազակախմբերի կողմից իրականացված աննախադեպ բռնության զոհերը»:

Բավական բարդ է պատկերացնել, եթե մի պահ մտորենք, թե թուրք նման դիվանագետի հետ ով կարող է բանակցել Հայաստանի կողմից, եւ այս առումով, գործող իշխանությունների ընտրությունը ում վրա է կանգ առնելու, թերեւս, դժվար լուծելի խնդիր է: Պաշտոնական Երեւանի որոշումը, Հայաստանի համար այս բարդ փուլում, իսկապես, պետք է լինի խիստ հաշվարկված:

Կարելի է կասկած չունենալ, որ պաշտոնական Անկարան՝ չնայած տարիներ շարունակ Հայաստանի հանդեպ վարած կոշտ քաղաքականության, Հայաստանը շրջափակման մեջ պահելու իր գծով, այսօր էլ շարունակելու է նույնը՝ սակայն «դիվանագիտական» քողի ներքո: Նա թե 44-օրյա պատերազմում թուրքական ներկայության հարցն է ձգտելու մոռացության մատնել, թե առհասարակ՝ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է ձգտելու փոխել:

Ի դեպ, հայ-թուրքական «սառույցի» հալչելու վերջին իրադարձություններից քիչ առաջ՝ դեկտեմբերի սկզբին, խիստ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ: Թուրքական իշխանությունները հրապարակավ խոստովանեցին, որ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմում՝ աջակցելով ադրբեջանական զինված ուժերին: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարեց, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարեւոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում:

Գովաբանելով հետախուզական եւ պաշտպանական ուժերի երկրի ներսում եւ արտերկրում կատարած ծառայությունը՝ Օքթայը նշեց՝ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, վերջերս էլ Աֆղանստանում ազգային անվտանգության կազմակերպությունը պատմական կարեւորության օպերացիաներ է իրականացրել՝ սպասարկելով Թուրքիայի շահերը: Այս համատեքստում նա ընդգծել էր անցյալ տարվա պատերազմում ադրբեջանական զինված ուժերին ցուցաբերած աջակցությունը եւ Ադրբեջանի հաղթանակի գործում Անկարայի ներդրման գործոնը. «Մեր սահմանների ներսում եւ սահմաններից այն կողմ պատմության ամենահաջող գործողությունները իրականացնելով հանդերձ տարածաշրջանում ձեռքբերումների մաս ենք կազմել՝ Լիբիայում հեղափոխականների դեմ մղված պայքարից մինչեւ Ղարաբաղի հաղթանակ»:
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում թուրքական հետախուզական ուժերի մասնակցության մասին պաշտոնական այս խոստովանությունը նախկինում չէր հայտարարվել: Անկարան կտրականապես հերքում էր ռազմական օպերացիաներում այդ կառույցի դերակատարության մասին պնդումները: Ավելին, Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը նաեւ մեղադրվում էր սիրիացի ջիհադիստներին ԼՂ տեղափոխելու համար: Եվ, հիշեցնենք, որ այս մասին ակնարկել էր ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ հայտարարելով, թե տեղյակ են ԼՂ-ում թուրքական հետախուզության աշխատանքի մասին: Նա նաեւ նշել էր, որ ռուսական կողմը ստույգ տվյալներ ունի ռազմական գործողությունների տարածքում Մերձավոր Արեւելքից եւ Սիրիայից ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ:

Հայաստանի իշխանություններն էլ ժամանակ առ ժամանակ նշում էին թուրքական հետախուզության միջոցով պատերազմում օտարերկրյա զինյալների ներգրավվածության մասին: Հայ-թուրքական «սառույցի» հալչելու վերջին ազդակներից հետո, կարելի է ենթադրել, որ կողմերը կգնան «սուր հարցերը» շրջանցելու ճանապարհով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031