«Այժմ տպավորություն ունեմ, թե տիտուլյար ընդդիմությունը սպասում է ինչ-որ արտաքին ազդակների, կամ Նիկոլի ինչ-որ ավելի կատաստրոֆիկ անհաջողության, որ սկսի իշխանափոխության գործընթացը։ Այս մոտեցումն անընդունելի է, քանի որ յուրաքանչյուր օր երկիրը կորցնում է անվտանգության ու կայունության եւս մի կարեւոր կռվան»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
– Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան եւ Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու եւ որ ամեն քայլ Ադրբեջանի հետ խորհրդակցելով են անելու: «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում»,-եղավ պաշտոնական Երեւանի արձագանքը։ Իշխող ուժի ներկայացուցիչները դժվարանում են ասել, թե ի՞նչն է այժմ փոխվել, որ Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման: Ձեր կարծիքով, ո՞րն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գինը:
– Թուրքիան Հայաստանի առջեւ մշտապես դրել է երեք նախապայման. հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ տարածքային պահանջներից հրաժարումը, Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը։ Արցախից հայկական զորքերն արդեն դուրս են բերվել եւ այս նախապայմանը կատարվել է, Թուրքիայի հետ սկսված երկխոսությունն, ըստ ամենայնի, նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է ներկայիս Թուրքիայի սահմանները, այսինքն, այս նախապայմանն էլ է կատարվել։ Հայ պաշտոնյաները ավելի ու ավելի հազվադեպ են անդրադառնում Ցեղասպանության հարցին, ուրեմն երրորդ նախապայմանը եւս կատարվում է։
Պատերազմից հետո Թուրքիան ավելացրեց չորրորդ նախապայմանը՝ Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջեւան եւ Թուրքիա միջանցքի հարց, եւ ըստ ամենայնի, Հայաստանը գնում է նաեւ այս նախապայմանի կատարմանը։
Այսինքն, Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարվում են, նա ստանում է հստակ ստրատեգիական առավելություններ տարածաշրջանում, եւ նրա հայտարարությունը նախապայմանների բացակայության մասին բնական է, քանի որ դրանք բոլորն էլ արդեն կատարվել են։
Կարդացեք նաև
– Թուրքական պետությունները շարունակում են պնդել դեպի Նախիջեւան միջանցքի գոյության փաստը, Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ այդ հարցն օրակարգում չկա: Սոչիի հանդիպումից հետո էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Մոսկվայում կայացած երեք երկրների փոխվարչապետների մասնակցությամբ հանձնաժողովում չի հաջողվել համաձայնություններ ձեռք բերել, այդ թվում նաեւ, դեռ հայտնի չեն, թե ո՞ր ճանապարհներն են ապաշրջափակվելու: Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո էլ այս մասով հակասական հայտարարություններ եղան: Ո՞ւմ հավատալ:
– Կարծում եմ, այս հարցում դեռեւս հստակ որոշում չկա։ Եթե նախկինում Ռուսաստանը կողմ էր միջանցքին պայմանով, որ ինքն է այն վերահսկելու, ապա այժմ մի կողմից թուրքական պետություններն են պնդում, որ իրենք եւս պետք է մասնակցեն վերահսկողությանը, մյուս կողմից՝ Ռուսաստանն է սկսում կասկածել իր համար միջանցքի էֆեկտիվությանը, դրան ավելացնենք նաեւ այս պահին Ռուսաստանի խիստ զբաղվածությունը Ուկրաինայի խնդիրներով, ինչը տանում է հսկայական ռեսուրսներ։ Նաեւ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմին խոստացել է, որ միջանցք լինելու է, մյուս կողմին՝ որ չի լինելու, դրանով իսկ այս հարցի լուծումը եւս վանել է իրենից եւ Հայաստանին շնորհել է պասիվ դիտորդի կարգավիճակ։ Բրյուսելում եւս չհստակեցվեց, թե որ ճանապարհներն են ապաշրջափակվելու, Ալիեւը մի բան է ասում, մյուսներն ավելի անհստակ են արտահայտվում։ Կարծում եմ՝ վերջնական լուծում դեռ չկա։
-1990-ականներին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը առաջարկել էր Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով առաջ շարժվել: Այն ժամանակ հարթակը չկայացավ, նաեւ Հայաստանն էր խիստ ընդդիմանում, քանի որ այդ հարթակում մենք զիջում էինք մեր շահերը: Հիմա դեմ է միայն Վրաստանը եւ «3+2» ձեւաչափով հանդիպումը կայացավ Մոսկվայում: ՀՀ վարչապետն, իհարկե, ասում է, որ այդ հարթակում չպետք է քննարկվեն հարցեր, որոնք այլ հարթակներում արդեն քննարկվում են, բայց ակնհայտ է, որ մասնակից պետությունները տարբեր նպատակներ են հետապնդում, ընդ որում, այս հարթակից կարծես տարածաշրջանում թուլանում են Արեւմուտքի դիրքերը, բայց յուրաքանչյուր պետություն որոշակի կախվածություն ունի Արեւմուտքից: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:
– Եթե Վրաստանը մասնակցեր այս ձեւաչափին, ապա գոնե ֆորմալ առումով կարելի էր խոսել տարածաշրջանային անվտանգության կամ ինտեգրացիայի մասին։ Այժմ մենք ունենք մի կողմից Հայաստանը, մյուս կողմից՝ ռուսական, թուրքա-ադրբեջանական եւ իրանական տարածաշրջանային գերտերությունները, եւ ուրեմն, նման ձեւաչափը պարզապես կնշանակի, որ գերտերությունները Հայաստանի հաշվին ուզում են իրենց հարցերը լուծել։ Պատկերավոր ասած, խոսքը գնում է Հայաստանի հերթական բաժանման մասին՝ կլինի քաղաքական, տնտեսական ազդեցության գոտիների տեսքով, թե կոպիտ տարածքային մասնատման տեսքով։ Կարծում եմ, մենք այնտեղ անելիք չունենք, քանի որ մեր ձայնը լսելի չի լինելու, մեզ ոչ ոք բանի տեղ չի դնելու։
– Բրյուսելում կայացավ նախ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ, ապա երկկողմ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. ինչպե՞ս կմեկնաբանեք հանդիպումներից հետո հնչած հայտարարությունները, ինչի՞ շուրջ էին պայմանավորվածությունները:
– Ինչպես եւ սպասվում էր, Շառլ Միշելի հայտարարության մեջ մեծ տեղ հատկացվեց հումանիտար խնդիրներին՝ գերիների եւ անհայտ կորածների ճակատագրին, ականազերծման խնդիրներին։ Մտահոգիչն այն է, որ այստեղ եւս այս խնդիրները համադրվեցին, ինչը ադրբեջանական մոտեցումն է։ Խոսվել է զորքերը պատշաճ հեռավորության վրա հեռացնելու հարցերից, սակայն հիշենք, որ ԵՄ-ն չունի ոչ միայն զորքեր, այլեւ «կոշտի ուժի» այլ գործիքակազմ, որով կարողանա ապահովել այս ցանկությունը։
Միաժամանակ, պետք է նկատել, որ Ալիեւը ոչ միայն պնդում է «Զանգեզուրյան միջանցքի» խնդիրը, այլեւ արդեն կոմունիկացիաների բացման դիմաց պահանջում է վերհասկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ։ Ինչպես Ադրբեջանը, այնպեսեւ Թուրքիան, միշտ գնում են առավելագույնին հասնելու մոտեցմամբ, եւ մի խնդիրը դեռ չլուծած, արդեն նոր պահանջներ ու նախապայմաններ առաջադրելու քաղաքականություն են վարում, եւ ցավով պետք է նկատել, որ նրանք հիմնականում հաջողում են։
Մտահոգիչ է նաեւ, որ ԵՄ-ն չի դատապարտում Ադրբեջանի ագրեսիան, հավասարության նշան է դնում նրանց եւ ագրեսիայի զոհ Հայաստանի միջեւ։ Պարզվում է, արդեն նաեւ ԵՄ օրհնանքով է միս ու արյուն ստանում «դելիմիտացիա ու դեմարկացիա» կոչվող կործանարար անհեթեթությունը։ Մյուս մտահոգիչ փաստն այն է, որ որեւէ խոսք չի գնացել Արցախի ինքնորոշման մասին, մինչդեռ այն կարեւորագույն է համարվել ԵՄ մի շարք փաստաթղթերում։
Կարծում եմ, ընդհանուր առմամբ, հանդիպումը պետք է գնահատել որպես խիստ անհաջող։ Ակնհայտ է, որ հայկական դիվանագիտությունը չի կարողանում ի շահ իրեն օգտագործել ոչ միայն ռուսական միջնորդությունները, այլեւ եվրոպական հարթակները։
– Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները ակտիվ քննադատում են իշխող ուժին, նրա քայլերը, բայց գործողություններ չկան, ինչի համար իրենք էլ են քննադատության արժանանում: Ի՞նչ պետք է անել, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը եւ ինչո՞ւ չի անում:
– Ասել, որ Հայաստանը կործանման եզրին է, եւ այդ վիճակին է բերել Նիկոլ Փաշինյանի անճար, դավաճանական կառավարումը՝ նշանակում է դեռ ոչինչ չասել, անհրաժեշտ է օր առաջ, ժամ առաջ հասնել այս սարսափելի ռեժիմի հեռացմանը։ Մինչդեռ տիտուլյար ընդդիմությունը շատ մեղմ է վերաբերվում իշխանություններին, շատ քնքուշ է ընդդիմանում՝ ինչ-որ հարցեր խորհրդարանում, հարցազրույցներ, ֆեյսբուքյան քննադատող ստատուսներ, ու վերջ։ Ընդ որում, այդ քննադատությունն ավելի շատ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, իսկ անվտանգության հարցերը ընդդիմության ֆոկուսում չեն։ Իսկ իրենք ունեն ամենալայն գործիքակազմ՝ սկսած խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելուց ու բոյկոտից, մինչեւ լայնածավալ փողոցային պայքար։
Եթե անգամ չի ստացվում Նիկոլին այս պահին հեռացնել, ապա անհրաժեշտ է Հայաստանին իրենց կամքը թելադրող երկրներին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի ընդունում ոչ սահմանազատում-սահմանագծումը, ոչ այս պայմաններում Թուրքիայի հետ երկխոսությունը, ոչ «3+2»-ը, ոչ Արցախի ինքնորոշման խնդրի անտեսումը, իսկ կառավարությանն ուղղված անգամ ամենաբոցաշունչ հարցերով նման միջավայր չես ստեղծի։
Ընդ որում, անընդունելի է նաեւ մոտեցումը, թե բա «ժողովուրդը փողոց դուրս չի գալիս». անգամ նոյեմբերին շատ վատ կազմակերպած հանրահավաքին մեծ բազմություն էր հավաքվել՝ այն կորիզը, որը հետագայում կարելի էր ավելացնել ու դարձնել կրիտիկական։ Դրա համար կան դասագրքային գործիքներ, որը Նիկոլը շատ լավ կիրառեց իր հեղաշրջման ժամանակ, հարյուր հոգանոց խումբը դարձնելով տասնյակ հազարավոր միտինգավորներ։ Թող տիտուլյար ընդդիմությունը կիրառի այդ մեթոդները, եւ եթե չհաջողի, նոր միայն հայտարարի, թե ժողովուրդը անհաղորդ է իր Հայրենիքի ճակատագրին։
Այժմ տպավորություն ունեմ, թե տիտուլյար ընդդիմությունը սպասում է ինչ-որ արտաքին ազդակների, կամ Նիկոլի ինչ-որ ավելի կատաստրոֆիկ անհաջողության, որ սկսի իշխանափոխության գործընթացը։ Այս մոտեցումն անընդունելի է, քանի որ յուրաքանչյուր օր երկիրը կորցնում է անվտանգության ու կայունության եւս մի կարեւոր կռվան։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2021