Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ միայն ադրբեջանցի զինծառայողներն են բռնություններ իրականացրել հայ գերիների նկատմամբ, այլև բուժաշխատողները». Աննա Մելիքյան

Դեկտեմբեր 17,2021 22:02

«Հայ գերիների նկատմամբ կիրառել են էլեկտրահարիչներ, ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը, եղել են գլխատման դեպքեր՝ անգամ կանանց»,- «Մարդու իրավունքների խախտումներն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով զեկույցի ներկայացման արարողության ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը:

300 էջանոց այս զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների կողմից:

Աննա Մելիքյանը մանրամասնեց. «Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել են մարդասպանական գործողություններ այլևս անմիջական ռազմական գործողությունների հետ կապ չունեցող անձանց նկատմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ, հայ գերեվարված անձանց նկատմամբ, որոնք պիտի որակվեն որպես հանցագործություններ: Սպանված քաղաքացիական անձինք եղել են հիմնականում տարեցներ, այդ թվում կանայք, ունեցել են հաշմանդամություն, հոգեկան առողջության խնդիրներ, հիմնականում դիտավորյալ սպանություններ են տեղի ունեցել: Սպանությունը տեղի է ունեցել, երբ այդ քաղաքացիական անձինք գտնվել են ադրբեջանական զինված ուժերի ձեռքերում՝ ընդհուպ մինչև երեք ամիս անց: Նշված սպանություններն ականատեսների կողմից, հարցազրույցների և տեսանյութերի միջոցով են հավաստվում: Մարմինների վրա առկա են եղել խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքեր: Բոլոր այն մարդիկ, որոնք միանգամից տեղում չեն սպանվել, տեղի է ունեցել բնակավայրերի էթնիկ զտում»:

Բացի քաղաքացիական անձանց կյանքի իրավունքների խախտումներից արձանագրվել են նաև խոշտանգման բազմաթիվ դեպքեր զինծառայողների նկատմամբ, որոնք հայտնվել են ադրբեջանական զինծառայողների ձեռքերում: Նա մանրամասնեց. «Բռնությունը տեղի է ունեցել գերեվարման պահից սկսած, ճանապարհին՝ մեքենայով տեղափոխելիս ընդհուպ մինչև բանտ տեղափոխելը: Անձինք ենթարկվել են բռնության, հնչել են խեղելու սպառնալիքներ, Բաքու տեղափոխելու ճանապարհին շղթայել են, խոնավ սենյակներում են պահել, կանոնավոր ենթարկել ծեծի, չեն տրամադրել սնունդ, որոշ դեպքում շղթայված են եղել, այդ ընթացքում որևէ սնունդ չի եղել, նրանցից մեծ մասը եղել է վիրավոր: Ադրբեջանական զինծառայողները մտել են խուց, ծեծի ենթարկել, հարկադրել ասել՝ Ղարաբաղն Ադրբեջան է կամ հայհոյանքներ հնչեցնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, հրահանգավորել են չնստել, չպառկել, եթե խախտել են, պատժել են: Կարևոր է նշել, որ ոչ միայն ադրբեջանցի զինծառայողներն են բռնություններ իրականացրել հայ գերիների նկատմամբ, այլև բուժաշխատողները, որոնք չեն վերահսկվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031