«Մամուլում հրապարակում կար, որ պարոն Մարուքյանի ուղիղ եթերի ներքո սրտիկելու բան եմ դրել։ Նայել եմ իր ուղիղ եթերը եւ հետո խոսել նաեւ պարոն Մարուքյանի հետ։ Սրտիկելը հետո եմ տեսել, որ մատս է կպել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից որպես ՀՀ ՄԻՊ առաջադրված թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
«Աղմուկից հետո չուզեցի այն հեռացնել, բայց տեղյակ եմ պահել պարոն Մարուքյանին։ Գիտակցում եմ, որ եթե ՍԴ-ում գործի քննություն կա, կողմնակալ դիրքավորումներն ինձ որպես ՄԻՊ թեկնածու չեն օգնելու»,-հավելեց Քրիստինե Գրիգորյանը։
Նշենք, որ Քրիստինե Գրիգորյանը «սրտիկ» էր դրել «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի «ֆեյսբուքյան» ուղիղ եթերին, որում Էդմոն Մարուքյանը ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործով անցնող Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին էր խոսում։ Այսինքն, ապագա ՄԻՊ-ը «սրտիկել» էր արդարադատության փոխնախարարի կարգավիճակում իր իսկ կողմից զեկուցած՝ ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի տեսակետը, որով նա կոչ էր անում մերժել հայհոյանքը քաղաքական մշակույթում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ