«Հայաստանն իմ տունն է: Ես Հայաստանինն եմ»: Եգիպտոսում ծնված և մեծացած Ռամի Զաքարյանի հայրը հայ էր, իսկ մայրը՝ ղպտի։ Իր հայկական արմատների մասին նա առաջին անգամ իմացավ ընկերոջ հետ սրճարանում զրուցելիս, երբ ընկերը նկատեց, որ նրա ազգանունը հայկական հնչողություն ունի:
Ռամին լսել էր, որ պապիկը եգիպտացի չէր, սակայն հստակ չգիտեր, թե ինչ ազգության էր նա պատկանում: Ահա այդպես որոշեց այցելել Եգիպտոսի հայկական եկեղեցի և փնտրել իր ազգանվան մասին որևէ տեղեկություն։ Պարզվեց, որ իր պապը ծնվել է Եգիպտոսում 1904 թվականին, իսկ ընտանիքը գաղթել է Տիգրանակերտից։
Այս բացահայտումը նոր էջ բացեց Ռամիի կյանքում: Նա ավելի խորացավ իր հայկական արմատների մեջ և սկսեց հետաքրքրվել հայրենիքով: Առցանց ծանոթացավ իր կնոջ հետ և ընդլայնեց իր հայկական շրջանակը։
Երբ 2014 թվականին Ռամին առաջին անգամ ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան, նրա կյանքի ամենահուզիչ օրն էր։ Գիտեր, որ այստեղ երջանիկ է լինելու: Դա նաև առաջին անգամն էր, որ նա անձամբ հանդիպեց իր ապագա կնոջը:
Կարդացեք նաև
Ռամին ներկայումս աշխատում է որպես գովազդային արշավների մենեջեր Երևանի թվային շուկայի ոլորտում: Նա նաև 5-ամյա Անահիտի և 3-ամյա Սամվելի հայրն է և հույս ունի համալրել իր ընտանիքը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ