Այսօր ԲԴԽ-ի մոտ կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները «Ոչ ճնշումներին», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ընդդիմություն լինելը հանցանք չէ» պաստառներով երթով շարժվեցին դեպի դատախազություն:
Դատախազության առջեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասաց, որ եթե դատախազությունը լիներ իրավական շրջանակներում, այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կլիներ կալանավայրում:
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ, ցուցադրելով պաստառների վրա փակցված կալանավորված գործիչների նկարները, ասաց. «Այս նկարներում Աշոտ Մինասյանն է՝ «Աշոտ Երկաթը», ով թուրքի ծնկի է բերել, Առուշ Առուշանյանն է, ով թուրքի է ծնկի բերել ու ՔՊ-ականների է լացացրել, Մամիկոն Ասլանյանն է, ով Վանաձորում ՔՊ-ականներին է լացացրել: Այսպիսի համայնքապետերը պիտի պաշտոնավարեն, որովհետեւ մեր երկրի անվտանգության միակ երաշխավորը այն համայնքապետերն են, որոնք պատրաստ են ոտքի կանգնել բռնապետության դեմ»:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ՀՀ նախագահը կարողացավ այնպես անել, որ ժողովուրդը մոռանա իր գոյությունը. «Հայաստանը իր համար աշխարհագրական տարածք է, բիզնես պրոեկտ: Իր ստատուսով կարողանում է ապահովել իր բիզնեսների անվտանգությունը: ԱԺ նախագահը ասում էր՝ կեղծիքները կեղծող, ԿԳԲ-շնիկ գյադա Պուտինը, այսօր նայում ես՝ ամեն երկրորդ բառը շնորհակալություն է հայտնում նախագահ Պուտինին, որ փրկել է իրեն, իր իշխանությունն ու հայ ժողովրդին: Ես կառաջարկեի, որ խմբակցությունները մի օրինագիծ բերեն, որտեղ նշված կլինի, որ բարձրագույն որոշ պաշտոնյաներ իրավունք չունեն իրենց պաշտոններից հեռանալուց հետո լքել Հայաստանը: Սա պետք է, որ ԱԺ նախագահն ու մյուսները հասկանան, որ չեն գնալու: Հաջորդը Գագիկ Ջհանգիրյանն է… ընտրությունների կեղծիքների մեջ իրենից պրոֆեսիոնալ ռահվիրա չկա, բայց այսօր կարողացել է ողջ արդարադատության համակարգն իր ձեռքն առել: Ես հիշում եմ, որ 99-ի hոկտեմբերի 27-ին այս մարդիկ, երբ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ չէր սառել, ուղղակի սկսեցին առեւտուր անել՝ տաք մարմնի վրա, ասացին՝ կա՛մ մեզ նշանակում ես այս պաշտոններին, իսկ ինքը ուզում էր գլխավոր դատախազ, իսկ հայտնի մականուն վաստակած ԱԺ նախագահին պետք է փոխվարչապետ նշանակեին, այլապես կասենք, որ դու կապ ունես այս հանցագործության հետ: Լավ էր, որ շատ տղամարդավարի Քոչարյանը դուրս վռնդեց: Սա ասում եմ՝ որպես մասնակից, ականատես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ