Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնանալու կեղծ խոստումներ տալով տարբեր կանանցից ավելի քան 3 միլիոն դրամ գումար էր հափշտակել. Երևանի բնակիչը կալանավորվել է

Դեկտեմբեր 17,2021 17:33

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչը, 2020թ. սեպտեմբեր ամսից 2021թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համացանցի «Facebook.com», «Instagram», «Odnoklassniki.ru», «OK.ru» կայքերի միջոցով ծանոթացել ու մտերմացել է տարբեր կին օգտատերերի հետ և ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով ու չարաշահելով նրանց վստահությունը՝ տարբեր պատճառաբանություններով, խարդախությամբ, հափշտակել է ընդհանուր 3 370 000 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, տղամարդը տարբեր պատճառաբանություններով ուղղորդել է կանանց` «Idram» վճարային համակարգում նրանց անվամբ էլեկտրոնային դրամապանակ գրանցել, այնուհետև խաբեությամբ ձեռք բերելով նրանց անվամբ գրանցված  էլեկտրոնային դրամապանակի տվյալները՝ փոփոխել է դրամապանակին կցված օգտատիրոջ կողմից օգտագործվող  բջջային հեռախոսահամարը՝ դրան կցելով այլ բջջային հեռախոսահամար:

Ստանալով հասանելիություն այլ անձանց անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակներին՝ դրանց միջոցով, օգտատիրոջ անվամբ, առցանց եղանակով ձևակերպել է 1.000.000, 620 000, 1.430.000 ՀՀ դրամ գումարի վարկային պայմանագրեր, որոնցով հաստատված, այլ անձի անվամբ գործող հաշվին փոխանցված նշված գումարները փոխանցել է այլ հաշվեհամարի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով դրանք:

Բացի այդ, 33-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարին ծանոթացել է «instagram.com» կայքի մեկ այլ կին օգտատիրոջ հետ, կարճ ժամանակահատվածում մտերմացել է նրա հետ, շփումը շարունակել «Facebook.com» կայքի և հեռախոսազանգերի միջոցով, որից հետո  ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր իր գումարային խնդիրները լուծելու պատրվակով, վերադարձնելու պայմանով, վերցրել է նրա՝ ընդհանուր 320.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանիները, շղթան և կախազարդը, սակայն չի վերադարձել՝ խարդախությամբ հափշտակելով դրանք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), և 178-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031