«Այն խայտառակ պարտությունը, որ ՔՊ-ն կրեց համայնքային ընտրություններում, ոչ մի կերպ իրենք հանդուրժել չեն կարողանում: Այդ պարտությունը բացառապես ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն էր, պատասխանը՝ ուղղված թուրքի առաջ ծնկածներին»,- այսօր ԲԴԽ-ի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա նշեց. «Ես հրաժարվում եմ իրավապահ մարմինների համակարգ անվանել արդարադատական այն բաղադրիչներին, ովքեր չեն նկատում, թե ինչպես է բանավոր պայմանավորվածություններով հանձնվում մեր հայրենիքը: Չտեսնելու են տալիս այն տեղեկությունները, որ Նիկոլը թույլ չի տվել Արցախ զենք ուղարկել»:
Մկրտչյանն ասաց, որ փաստեր են հավաքել ու ուղարկել ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին. «Ուղարկել ենք Հայաստանում ներկայացուցչություն ունեցող տարբեր պետությունների պատվիրակություններին: Այդ փաստակազմը վերաբերվում է Հայաստանում սպանված ժողովրդավարությանը, ատելության խոսքին, փաստակազմը վերաբերվում է դատարանների նկատմամբ ճնշումներին, պատվերներին, որոնք այսօր հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը: Բայց արձագանքները բավարար չեն կամ ընդհանրապես չկան: Հիմա քանի՞ կոպեկ արժեն դրանց բարձրագոչ կոչերը ժողովրդավարության եւ իրենց ժողովրդավարական ստանդարտների մասին: Այս իրավիճակը վկայում է, որ դրանք ընդամենը իրենց ներքաղաքական շահերը Հայաստանում օգտագործելու եւ իրենց ազդեցությունը կիրառելու համար են: Այդ երկակի ստանդարտները մեզ պետք չեն: Մեզ իրական ժողովրդավարություն եւ անկախ Հայաստան է պետք»:
Աննա Մկրտչյանը հավատում է, որ Փաշինյանին կարող են «վռնդել» Հայաստանից, դրանից հետո երկրում կլինի կայունություն, արդարություն, անվտանգություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ