Facebook-ը աշխարհում մոտ 50 հազար օգտահաշիվների ավելի քան 100 երկրում, այդ թվում Հայաստանում, տեղեկացրել է, որ նրանք ենթադրաբար թիրախավորված են կառավարությունների կամ մասնավոր հաճախորդների համար աշխատող լրտեսող ընկերությունների կողմից:
Նման արդյունքներ է բացահայտել Meta ընկերությունը ամիսների հետաքննությունից հետո: Արդյունքում Facebook-ից հայտնել են, որ գործողություններ են ձեռնարկում 7 գաղտնալսող ընկերությունների նկատմամբ, որոնք տեղակայված են 4 երկրներում: Բացի այդ, ընկերությունը հեռացրել է 1500 կեղծ օգտահաշիվ, արգելափակել որոշ հասցեներ և այդ ընկերություններին նախազգուշական նամակներ ուղարկել:
Meta-ի բացահայտած լրտեսող ընկերությունների շարքում են Cytrox-ը՝ Հյուսիսային Մակեդոնիայից: Ըստ զեկույցի՝ Meta-ն հեռացրել է 300 օգտահաշիվ Facebook-ում և Instagram-ում, որոնք այդ ընկերությունն օգտագործել է ներգրավելու և խաբելու թիրախներին: Զեկույցում նշվում է 10 երկիր, որոնք օգտագործում են Cytrox: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը:
Մյուս 7 ընկերություններն են BellTrox-ը, որը տեղակայված է Հնդկաստանում, Իսրայելում տեղակայված Cognyte, Cobwebs Technologies, Bluehawk CI և Black Cube ընկերությունները և ևս մեկ ընկերություն, որը գտնվում է Չինաստանում, սակայն չի հաջողվել նույնականացնել նրա անունը: Մյուս ընկերությունը ավելի վաղ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Pegasus-ն է:
Կարդացեք նաև
Meta-ի զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ այս ընկերությունները օգտագործել են Meta-ի Facebook և Instagram դուստր ձեռնարկությունները լրտեսական գործունեության համար՝ հիմնականում հետազոտելու և վարակելու և հետագայում լրտեսող ծրագրեր ներդնելու համար: Նաև զեկույցի հեղինակները նկատել են, որ լրտեսող ընկերությունները պարբերաբար թիրախավորում են քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, այլախոհներին, ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ