«Տոտալ իրավական ամենաթողություն է, ուզում են կոտրել մեր դիմադրողականությունն ու ողնաշարը: Ունենք Վանաձորում ընտրված համայնքապետ, որին կալանավորել են, ունենք Քաջարանի համայնքապետ, որը դեռ կալանքի տակ է… այդ բոլոր կալանավորումները ապօրինի են: Դրա վառ ապացույցն են դատական գործընթացները, բայց ԲԴԽ-ի աչքերը փակ են: Մարդիկ հրաժարվում են ցուցմունքներից, որոնք գրել են ճնշման տակ»,- այսօր ԲԴԽ-ի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նա հայտարարեց. «Մենք չենք հրաժարվելու ցանկացած մեթոդից, որ հասնենք նրան, որ մեր պետության ղեկին լինեն ազգային շահն առաջին պլան բերող մարդիկ: Ակնհայտ է չէ՞, թե ուր են մեզ տանում այսօր իշխանությունները: Կառուցողական հանդիպումներ են ունենում Ալիեւի հետ, դրա հետեւանքները տեսնում ենք, մեր գերիները շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում ու վկա եք, թե Ադրբեջանի ցինիզմն ուր է հասնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ