Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ճանապարհ է հարթում տարածաշրջանում վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների համար

Դեկտեմբեր 17,2021 15:41

2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, Եվրոպական միության ներկայացուցիչները և վերջինիս անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարները:

Գագաթնաժողովը կենտրոնացած էր հինգ առանցքային ոլորտների աջակցության վրա՝ տնտեսություն, կառավարում, շրջակա միջավայր, թվայնացում և հասարակություն: Այս առաջնահերթությունները հիմնված են Եվրոպական հարևանության գործիքի անցյալի ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ «կանաչ» և թվային անցումը, ինչպես նաև հետհամավարակային վերականգնումը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր:

Մասնակիցները վերահաստատեցին նախորդ գագաթնաժողովներում և երկկողմ համաձայնագրերում իրենց ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև դրանք առաջ տանելու վճռականությունը: «Այս ճանապարհին մեր հավակնոտ բարեփոխումների օրակարգը և ընդլայնված համագործակցությունը շարունակում են լինել առաջընթացի և աջակցության անհրաժեշտ պայմանը. տարածաշրջանում բարեկեցության մակարդակի բարձրացում և խաղաղության, կայունության ու դիմակայունության ամրապնդում, հատկապես՝ COVID-19 համավարակի համատեքստում»,- ասվում է հռչակագրում:

Փաստաթղթում մասնակիցները խորը մտահոգություն են արտահայտում Արևելյան գործընկերության տարածաշրջանի տարբեր մասերում շարունակական ապակայունացման և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումների առնչությամբ, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղության, անվտանգության և կայունության համար։

Հռչակագրում նաև ասվում է, որ ԵՄ-ն ափսոսում է Բելառուսի իշխանությունների՝ Արևելյան գործընկերությանն իրենց մասնակցությունը դադարեցնելու որոշման համար։ Միևնույն ժամանակ, ժողովրդավարական Բելառուսի տնտեսական աջակցության մոտ 3 միլիարդ եվրո բյուջեով համապարփակ ծրագիրն արտացոլում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Բելառուսի ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը:

Բացի այդ, ԵՄ-ն ընդունել է ասոցացված գործընկերների եռյակի՝ Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի նախաձեռնությունը՝ ընդլայնելու ԵՄ-ի հետ իրենց համագործակցությունը։ Եվրոպական միությունը նաև ի գիտություն է ընդունել նրանց միջև աճող համակարգումը Ասոցացման համաձայնագրերի և ԽՀԱԱՀ-ների իրականացման հետ կապված ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության շուրջ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն և շահագրգիռ գործընկերները ողջունեցին 2021 թվականի մարտին ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթացը:

Հռչակագիրը նաև հիշեցնում է, որ Արևելյան գործընկերության «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխումներ» նոր օրակարգը կառուցված է երկու հիմնասյուների շուրջ՝ կառավարում և ներդրումներ։ Այս օրակարգը կամրապնդվի 2,3 միլիարդ եվրո տարածաշրջանային տնտեսական և ներդրումային ծրագրով, որը կարող է մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել տարածաշրջանի համար:

Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենք անհամբեր սպասում են 2023 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովին, որը կլինի «նոր սերնդի առաջնահերթությունների և թիրախների իրականացման գնահատման և վերանայման առաջին հանգրվանը»:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031