«Մարդու իրավունքների տեսանկյունից սխալ է ասել, որ պատերազմն ավարտվել է, այն տեղայնացվել է»,- «Մարդու իրավունքների խախտումներն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով զեկույցի ներկայացման ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
300 էջանոց այս զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների կողմից:
Այն հիմնավոր ներկայացնում է պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել Արցախի բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով։ Մասնավորապես, զեկույցում ներկայացված են փաստեր Արցախի բնակչության կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, սեփականության իրավունքների խախտումների, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների, լրագրողների թիրախավորման, վարձկանների ներգրավման, պատերազմի վարման արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու մասին։
Կարդացեք նաև
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը տեղեկացրեց՝ մոտ 900 հարցազրույցներ են իրականացրել, համագործակցել են ռազմական փորձագետների հետ. «Նրանց օգնությամբ վերլուծել ենք պատերազմի ընթացքում օգտագործված զենքերը: Համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների հետ, փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել իրականությունը: Մեր փաստահավաք զեկույցը կազմված է կոնկրետ մարդկանց պատմությունների և տեղի ունեցած դեպքերի միջև ամենավերջին հանգամանքը ճշգրտված ներկայացնելու սկզբունքով»:
Արման Թաթոյանը հատկապես կարևորեց քաղաքացիական հասարակության ներգրավումն ու անմիջական մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում և նշեց. «Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպությունների խիստ անհամարժեք արձագանքը նպաստեց մարդու իրավունքների հեղինակության անկմանը»:
Հիմնավորելով իր այն հայտարարությունը, որ պատերազմն ավարտված չէ մարդու իրավունքների տեսանկյունից՝ Արման Թաթոյանն ասաց. «Ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են մեր համայնքների միջև ճանապարհներին, մեր գյուղերի հարևանությամբ: Էլ ավելի ինտենսիվացել են մարդու իրավունքների խախտումները: Դիտավորյալ հրդեհում են նրանց արոտավայրերը, գողություններ են կատարվում, մեր գյուղերը հայտնվել են հումանիտար և լուրջ խնդիրների առաջ: Այս ամենը վկայում է ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթը: Այս զեկույցը պետք է օգտագործվի, որպեսզի բարձրացվի հանցանք կատարած անձանց պատասխանատվության հարցը»:
Արման Թաթոյանը ցավով նշեց՝ մարդու իրավունքների հարցերն անընդհատ անտեսվում են և դրանք ռազմականացվում ու քաղաքականացվում են. «Ամեն ինչ տարվում է ռազմաքաղաքական տանիքի տակ: Սա անթույլատրելի է: Իրավունք չունի որևէ մեկը սահմանային, անվտանգությանը վերաբերող հարցերը կտրել մարդու իրավունքներից: Օրինակ՝ գովերգվում է այլընտրանքային ճանապարհը: Բան չունեմ ասելու՝ այլընտրանքային ճանապարհները կարևոր են, և մարդիկ տեղերում չարչարվում են, բայց այդ ճանապարհներն աչքի տեսանելիությամբ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Կապան-Ճակատեն ճանապարհին 90-ականներին դիպուկահարների կրակոցներ են արձակվել, նրանց ներկայության պատճառով ոչ միայն եղած գյուղերն են դիտարկվել, այլև նորերը օրինակ՝ Գեղանուշը: Մարդիկ պետք է շնչեն, նրանց իրավունքները պետք է իրացվեն, սրանք ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ուղիղ կանոններ են: Իսկ թե հետո ինչ կորոշվի բանակցություններով, դա բանակցությունների հարց է: Բայց մարդկանց իրավունքները պետք է իրացվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ