Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի թվում ծավալուն աշխատանքներ են տարվում նաև մանկապարտեզների հիմնանորոգման նպատակով: Եվս մի քանի օր, և կվերաբացվեն հիմնանորոգված երևանյան հերթական մանկապարտեզները:
Նախակրթարաններում 2021թ. ծրագրով իրականացված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով հ. 107, 5 և հ. 144 մանկապարտեզներ:
Այս ծրագիրն իրականացվում է ինչպես համայնքային բյուջեի միջոցներով, այնպես էլ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Նախագծերի իրագործման մոտեցումը հստակ է. ընտրված է հիմնանորոգման տարբերակը: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:
Կարդացեք նաև
«Դուք գիտեք, որ մանկապարտեզներում երեխաների համար լավագույն պայմանների ստեղծումը մեր առաջնահերթություններից է: Եվ, որ կարևոր է, մենք այդ մանկապարտեզները ոչ թե ուղղակի նորոգում, այլ հիմնանորոգում ենք, լուծում ենք բոլոր խնդիրները՝ ենթակառուցվածքները, էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը: 2020թ. մենք երևանի բյուջեով հիմնանորոգել ենք 12 մանկապարտեզ, 2021թ. Երևանի բյուջեով ընթացքում է 8 մանկապարտեզի հիմնանորոգում, որից 3-ն արդեն ավարտվել է և 14 մանկապարտեզ էլ էներգաարդյունավետության ծրագրով ենք հիմնանորոգում: 2022թ. կհիմնանորոգենք ևս 9 մանկապարտեզ՝ նույնպես Երևանի բյուջեով: Փաստացի՝ այս երեք տարիների ընթացքում կստացվի, որ հիմնանորոգել ենք 43 մանկապարտեզ»,- նշել է Հայկ Մարությանը:
Շինարարության ավարտից հետո մանկապարտեզներն ստանում են լուսավոր, գունեղ ու հարմարավետ խմբասենյակներ, ընդարձակ դահլիճ ու մարզասրահ: Հիմնանորոգման ծրագրով վերանորոգվում են տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։
Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 161 մանկապարտեզ: Կյանքի կոչվող ծրագրերն իրագործելուց հետո՝ 2020, 2021 և 2022թթ. ընթացքում, փաստացի կլուծվի երևանյան մանկապարտեզների մեկ քառորդի խնդիրը:
Երևանի քաղաքապետարան