«Տիկին Մանուկյան, ՄԻՊ պաշտոնում անկողմնակալ գործելու մասին կասկածների առնչությամբ հնարավոր է ավելի երկար խոսել։ Խմբակցությունների հետ հանդիպելու հնարավորություն կունենամ։ Հիմա էլ հրապարակավ անում եմ այդ առաջարկը «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին»,-«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի արտահայտած կասկածներին այսօր այսպես արձագանքեց ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ-ի ընտրությանը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը․ «Քաղաքացիական պայմանագիրը», սահմանադրության համաձայն, ներկայացրել է արդարադատության գործող փոխնախարար, կրթությամբ արեւելագետ եւ իրավաբան Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Քրիստինե Գրիգորյանը նշեց․ «Դուք կարող եք երկար կասկածներ ունենալ, ես էլ երկար արդարանամ կամ երաշխիքներ տրամադրեմ, բայց բնական է, որ ձեր կասկածները կարող են մնալ չփարատված, իսկ իմ հիմնավորումները լինեն բավարար կամ ոչ։ Դա ցույց կտա գործունեությունս, եթե առաջադրվեմ ու ընտրվեմ։ Տիկին Մանուկյան, ինձ երբեմն նաեւ հարցնում են, թե Արման Թաթոյանի բարձր հեղինակությունը համարո՞ւմ եմ ինձ համար մարտահրավեր։ Այսօրվա քննարկման ժամանակ էլ դա կարմիր թելով գնաց։ Ինքս վերահաստատում եմ պարոն Թաթոյանի հեղինակությունը։ Այն ինձ համար լավ օգնություն է եւ առիթ, որովհետեւ ՄԻՊ ինստիտուտը հեղինակության ինստիտուտ է»։
Հանձնաժողովում քվեարկության արդյունքներով մեկ ձայնի տարբերությամբ (4 կողմ, 3 դեմ) Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացնելու հարցը ստացավ դրական եզրակացություն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ