Այսօր առավոտից Արագածոտնի մարզի Թալին համայնքում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացել, քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ լարված իրավիճակ է: Նորընտիր ավագանին այսօր ընտրելու է Թալին խոշորացված համայնքի ղեկավար:
Հիշեցնենք, որ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին քաղաքական չորս ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, սակայն ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը՝ 46,6 տոկոսը, բաժին հասավ ՔՊ-ին:
«Զարթոնք»-ին ընտրել են 2 հազար 882 քաղաքացի (26,1 %), «Հայք» լիբերալ կուսակցությունը ստացել է 1 624 քվե (14,7 %): «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքին իր ձայնն է տվել 1 258 ընտրող (11, 4 %):
Կարդացեք նաև
Ընտրություններին մասնակցած այս երեք ուժերը կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ «Հայք»-ը լարվածությունը թոթափելու համար որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն, ըստ որոշ տեղեկությունների նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցում են ավագանու նիստին:
Փողոցում հավաքված են քաղաքացիներ, որոնք «Զարթոնք» կուսակցության համակիրներն են:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թալին համայնքի ավագանու նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը: Ընդդիմադիր երեք կուսակցությունները քաղաքապետի պաշտոնում առաջադրել էին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը:
Տավրոս Սափեյանը ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ