Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն դժգոհություն չունի Արման Թաթոյանի գործունեությունից»․ Արուսյակ Ջուլհակյան

Դեկտեմբեր 17,2021 13:52

«Նա աշխատել է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգմանիչ-իրավաբան։ Նա իր բոլոր զբաղեցրած պաշտոնների կողքին գծիկով ավելացրել է իրավաբան»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի կենսագրության վերաբերյալ ասաց «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ քննարկվում է ԱԺ-ի ընտրությանը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը․ «Քաղաքացիական պայմանագիրը», սահմանադրության համաձայն, ներկայացրել է արդարադատության գործող փոխնախարար, կրթությամբ արեւելագետ եւ իրավաբան Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Արեգնազ Մանուկյանը նշեց․ «Նա մասնագիտությամբ արեւելագետ է եւ միայն 2006-2008թթ․-ին է ստացել իրավագիտության բակալավրի աստիճան, սակայն, չգիտես ինչպես, ԱԺ աշխատակազմի օրենսդրության վարչության մասնագետ է աշխատել։ Հիմնավոր կասկածներ կան նաեւ, որ նա չի կարող անաչառ լինել, որովհետեւ այս իշխանությունը ցավոտ է տանում իր հիմքին ոչ հաճելի ամեն հայտարարություն։ Իշխանությունը ՄԻՊ-ի ինստիտուտն էլ է ուզում ապականել։ Առջեւում հայ-թուրքական քիրվայությունն է»։

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պնդեց, որ Քրիստինե Գրիգորյանը լավագույն թեկնածուն է եւ մասնագիտական բարձր որակներ ունի․ «Տիկին Մանուկյան, ծաղրանքով ասացիք, թե տիկին Գրիգորյանի կենսագրությունում գծիկով ավելացված է իրավաբան։ Տեղեկացնեմ, որ ՄԻՊ-ին ներկայացվող պահանջների մեջ իրավաբան լինելը պարտադիր պահանջ չէ։ Ասում եք, թե իշխանությունը ցավոտ է տանում ոչ հաճելի հայտարարությունները։ Հիշեցնեմ, որ բոլոր ՄԻՊ-երը, այդ թվում՝ ձեր քաղաքական առաջնորդի օրոք աշխատածները, ստիպված են եղել ժամկետից շուտ դադարեցնել աշխատանքը, որովհետեւ իրենց աշխատանքը հաճելի չէր ձեր քաղաքական առաջնորդին։ Հիշեցնեմ Արմեն Հարությունյանի հասցեին հնչեցված «իմ վատագույն կադրը» Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման դադարեցումը նրա զեկույցներից հետո»։

Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանի պնդմանը, թե ՔՊ-ն դժգոհ է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից, Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց․ «ՔՊ-ն դժգոհություն չունի Արման Թաթոյանի գործունեությունից։ ՔՊ-ի տարբեր անդամներ եւ պաշտոնյաներ քաղաքական գնահատականներ են հնչեցրել պարոն Թաթոյանի կոնկրետ հայտարարությունների մասին եւ կարծել են, որ նա խախտում է քաղաքական չեզոքության սկզբունքը։ Նաեւ ձեր մի շարք գործընկերներ, տիկին Մանուկյան, այլ պաշտոնյաների վերաբերյալ են գնահատականներ հնչեցրել եւ դա նորմալ է, որ քաղաքական գործիչները քաղաքական գնահատականներ են հնչեցնում»։

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին ասաց Արեգնազ Մանուկյանին․ «Մի քանի տողանոց կենսագրություն ունեք, ինչո՞ւ եք վերլուծում տիկին Գրիգորյանի՝ մի քանի էջանոց կենսագրությունը։ Զարմանում եմ։ Մի բան ասելուց առաջ ասածի տակ հիմք պետք է ունենաք։ Երբ խոսում եմ, մի ընդհատեք, ռեպլիկներ ու փնչոցներ մի արեք»։

Ապա ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, նկատի ունենալով Արեգնազ Մանուկյանի ելույթը, հեգնեց․ «Տիկին Քրիստինե Գրիգորյան, փաստորեն դուք լեզուներ գիտեք ու թարգմանիչ եք աշխատե՞լ․․․դա անթույլատրելի է։ Նման փաստն ինչպե՞ս եք թաքցրել հանրությունից։ Դա ողբերգական իրավիճակի կարող է բերել։ Տիկին Մանուկյան, այնպիսի տոնով սկսեցիք խոսել, ինձ թվաց՝ վերջում ասելու եք, որ Քրիստինե Գրիգորյանն ազատ ժամանակ «Տետրիս» ու «Քենդի քրաշ» է խաղում․․․այս կարգի՝ դեղին մամուլին բնորոշ հրապարակումներով մենք որեւէ բանի չենք հասնի։ Ինչ վերաբերում է պարոն Թաթոյանին, նա իմ ընկերն է, ես բարձր եմ գնահատում նրան։ ՔՊ-ն երբեք չի դատապարտել եւ քննադատել ՄԻՊ-ին։ Իսկ պատգամավորները տարբեր են, կարող են տարբեր կարծիքներ արտահայտել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031