Դաշնակցական համալսարանականները բողոքում են Մայր բուհի ՔՊ-ականացման դեմ. նրանք «Ձեռքներդ հեռու ԵՊՀ-ից», «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը», «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի լինում» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով ցույց են անում Մայր բուհում, որտեղ ԵՊՀ ռեկտորի ընտրություններ են կայանում, ու միակ թեկնածուն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է: Ընդ որում, նրա դոկտորական ատենախոսությունը ամենաքննարկվածն է գիտական շրջանակներում:
«Մեր ակցիայի նպատակը բուն անձի դեմ բողոքելը չէ, մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ այս իշխանությունների կառավարման տարիներին ամեն ինչ արվել է, որ բոլոր պետական հիմնարկները, որոնք պետք է սահմանադրորեն անկախ գործեն, հարմարացվել են իրենց, որպեսզի դառնան իրենց կամակատարը: Այդպիսի մի օրինակ էլ այսօր Մայր բուհում է: Մենք դրա դեմ չենք կարող չպայքարել եւ մեր բողոքի ձայնը չբարձրացնել, քանի որ ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների խորհրդի կազմը հարմարեցնի իրեն, ամեն ինչ ձեռնարկեց, որ փաստացի լինի ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու: Անկախ անձի քաղաքական հայացքներից եւ դիրքորոշումից՝ մենք այս ընտրությունը լեգիտիմ համարել չենք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մի անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարման կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Պապիկյան Սուրենն է այդ անձը: Ես՝ որպես Մայր բուհի ուսանող, չեմ կարող լռել եւ համակերպվել այն մտքի հետ, որ Պապիկյան Սուրենը այսօր ղեկավարի հոգաբարձուների խորհուրդը եւ իմ փոխարեն որոշումներ կայացնի»,-ասաց բողոքի ցույցի մասնակիցներից Տարոն Մանուկյանը:
«Մենք կարող ենք արձանագրել, որ որեւէ այլ գիտությունների դոկտոր այս ընտրություններին մասնակից չի դարձել: Ակնհայտ է, որ ռեկտորի թեկնածուն ներկա պայմաններում պետք է ներկա իշխանության հետ համագործակցեր, իսկ այս պայմաններում ներկա իշխանության հետ համագործակցողը ուղղակի նրա դավաճանական քաղաքականությունը պաշտպանողն ու արդարացնողն է»,- հավելեց նա:
«Իմ համոզմամբ, ամեն ինչ հետագայում այնպես է լինելու, որ ուսանողներին եւ դասախոսներին լռեցնեն, քանի որ ԵՊՀ-ն փաստացի միակ կառույցն է, որ անկախ է գործում: Ես որպես արեւելագիտության ֆակուլտետի ուսանող՝ լավ եմ հասկանում ներկա քաղաքականության վտանգները…Ես սովորում եմ հայոց պատմություն, Թուրքիայի պատմություն, Թուրքիայի մշակույթ, ուստի լիարժեք հասկանում եմ ներկա քաղաքականության վտանգները, եւ թե ինչ վտանգավոր քաղաքականություն են վարում այս իշխանությունները: Շատ հնարավոր է, որ մի օր էլ արթնանամ եւ տեսնեմ, որ մեր ֆակուլտետն այլեւս չի գործում, քանի որ նրանց քաղաքականությանը դեմ է»,-ասաց Տարոն Մանուկյանը:
Կարդացեք նաև
Համալսարանի ՔՊ-ացման դեմ ցույցի մասնակիցները գնացին միանալու ԲԴԽ-ի դիմաց մեկնարկած երթին, որտեղից շարժվելու են դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ