Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ համաձայնի ձեւակերպման հետ, թե պարոն Թաթոյանի աշխատանքից դժգոհ է ՔՊ-ն»․ ՄԻՊ թեկնածու

Դեկտեմբեր 17,2021 13:08

«Տիկին Գրիգորյան, դուք ճանաչված չեք, բայց հեղինակություն եք վայելո՞ւմ։ Կրկնում եմ սահմանադրության կետը՝ ՄԻՊ թեկնածուն պետք է բարձր հեղինակություն վայելի հանրության շրջանում։ Դուք կարծում եք, որ հանրության շրջանում բարձր հեղինակություն եք վայելո՞ւմ»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ քննարկվում է ԱԺ-ի ընտրությանը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը․ «Քաղաքացիական պայմանագիրը», սահմանադրության համաձայն, ներկայացրել է արդարադատության գործող փոխնախարար, կրթությամբ արեւելագետ եւ իրավաբան Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Քրիստինե Գրիգորյան

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չեմ պնդում, որ ես ճանաչված չեմ, բայց պնդում եմ, որ ունեմ հեղինակություն։ Խնդիրը նրանում է, որ հեղինակության գնահատողական հատկանիշները շատ դժվար է չափել, դրանք տարբեր են։ Ամեն դեպքում, Վենետիկի հանձնաժողովը չորս չափորոշիչ ունի՝ բարոյականություն, բարեվարքություն, մասնագիտական կրթություն ու մասնագիտական փորձառություն։ Սրանք ամփոփվել են հեղինակություն տերմինի մեջ»։

Արեգնազ Մանուկյանը նաեւ հարցրեց, թե Քրիստինե Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ ինչո՞ւ են գործող ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ միայն ՔՊ-ն ու Ադրբեջանը։ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Չեմ համաձայնի ձեւակերպման հետ, թե պարոն Թաթոյանի աշխատանքից դժգոհ է ՔՊ-ն։ Իսկ Ադրբեջանի մասով ակնհայտ է, որ ճիշտ եք։ Կարծում եմ՝ ՔՊ-ն հնարավորություն կունենա այդ մասին արտահայտվելու։ Իմ կողմից կարող եմ ասել, որ պարոն Թաթոյանի աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, եւ նրա ներդրումն անգնահատելի է»։

Մանուկյանը չհամաձայնեց․ «Տպավորություն է, որ երջանիկ անորոշության կամ տեղեկատվական վակուումի մեջ եք եւ չեք հետեւում բարձր պաշտոնյաների եւ ձեր թեկնածությունն առաջադրածների հայտարարություններին Արման Թաթոյանի վերաբերյալ»։

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ Մանուկյանի ասածին այսպես պատասխանեց․ «Այո, գործող իշխանությունը կարող է ունենալ հարցեր, որոնք տարբեր կարող են լինել ՄԻՊ-ի կարծիքներից։ Սա անտրամաբանական եւ անհամեմատելի է, որովհետեւ աշխատանքի մեջ տարբեր կարծիքներ կարող են լինել։ Թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներն անընդհատ ցիտում հակառակորդ երկրի պաշտոնյաների մեջբերումները, իմ համար տարօրինակ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031