Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»:
ՀՖՖ