«Այն համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն չի հաղթել, թեկնածուներին զանգվածաբար կալանավորում են, ճնշումներ են իրականացնում, քրեական գործեր հարուցում։ Ձեր գնահատականն ինչպիսի՞նն է»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին հարցրեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ այսօր քննարկվում է ԱԺ-ի ընտրությանը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը․ «Քաղաքացիական պայմանագիրը», սահմանադրության համաձայն, ներկայացրել է արդարադատության գործող փոխնախարար, կրթությամբ արեւելագետ եւ իրավաբան Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
«Տրամաբանական է, որ քրեական գործերի մանրամասներն ինձ հայտնի չեն։ Արձանագրեմ, որ հանրային հնչեղություն ունեցող անձանց գործերով իրավապահ մարմինները պետք է որոշակի պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ գործընթացների մասին է խոսքը, որովհետեւ տպավորությունները տարբեր կարող են լինել՝ հիմնավորված կամ ոչ։ Նկատի ունենալով նախաքննության առանձնահատկությունը՝ ողջ տեղեկատվությունն իրավապահ մարմնի ձեռքում է։ Գործի չվնասման սկզբունքի պահպանմամբ իրավապահները պետք է հայտարարություններով հանդես գան։ Նման բացատրություններն օգտակար կլինեն»,-պատասխանեց Քրիստինե Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ