ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 5-րդ նախարարական հանդիպմանը
Ձերդ գերազանցություննե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ ընկերներ,
Նախևառաջ, ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի այս 5-րդ նախարարական նիստի գումարման համար։
Մեզ այսօր համախմբել և միավորել են մեր հին քաղաքակրթությունների լայնածավալ պատմությունը, մշակույթը և արժեքները, որ մենք հավաքել և կուտակել ենք դարերի ընթացքում։ Հին քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է մեր նախնիների գիտելիքներն ու իմաստությունը համադրելու համար, որպեսզի հասցեագրենք այն արտասովոր մարտահրավերները, որոնց բախվում է գլոբալացված աշխարհն այսօր, ինչպիսիք են զինված հակամարտությունները, դաժան ծայրահեղականությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը:
Կարդացեք նաև
Այս բարդ մարտահրավերների համատեքստում հին քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պաշտպանությունը և այն ապագա սերունդներին հաղորդակցության և համագործակցության միջոցով փոխանցելու մեր ընդհանուր նպատակն առավել քան երբևէ կարևոր է։
Մշակութային ժառանգությունը հասարակությունների ինքնության և պատմական հիշողության շարժիչ ուժն է: Մենք խորապես համոզված ենք, որ համաշխարհային ժառանգությունը պաշտպանելու միակ ճանապարհը երկխոսության, մշակութային բազմազանության հարգման և խաղաղության պահպանման սկզբունքների վրա հիմնված համակարգի կիրառումն է։ Որպես երկխոսություն և համագործակցություն խթանող հարթակ՝ այս ֆորումը, իսկապես, կարող է էական դեր խաղալ համաշխարհային ներկայիս մարտահրավերներին դիմակայելու և կառուցողական պատասխաններ առաջարկելու գործում: Այս նպատակի իրագործումը խաղաղությունն ու կայուն զարգացումը խրախուսելու համատեղ ջանքեր և հանձնառություն է պահանջում։ Հայաստանը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս ուղղությամբ իրականացվող քայլերում:
Մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ համագործակցությունը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Մենք ունենք աշխարհասփյուռ հայկական համայնքների կողմից կառուցված հուշարձաններ մոտ հարյուր երկրում։
Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերված խնամքն ու ուշադրությունն ամենուր են։ Օրինակ, մեր տարածաշրջանում հայկական բազմաթիվ հուշարձանների գտնվում են Իրանում: Մենք գնահատում ենք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից դրանց պաշտպանության պատասխանատվության ստանձնումը։ Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի 65-ամյա ուխտագնացության» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում այդ առումով առկա արդյունավետ համագործակցության ամենաթարմ օրինակներից է։
Մեծարգո՛ գործընկերներ,
Մեր ժողովուրդների պատմական հիշողության հարստությունն ուրվագծում է մեր երկրների քաղաքակրթական և բարոյական արժեքների բուն էությունը։ Ցավոք, էթնիկ կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով բազմաթիվ մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ոչնչացման դեպքերն աստիճանաբար ավելանում են, և հնագույն քաղաքակրթությունները ներկայացնող մշակութային արժեքները հատկապես վտանգված են նրանց կողմից, ովքեր այդ արտեֆակտներն ու դրանց հետևում գտնվող պատմությունը համարում են սպառնալիք:
Այսպիսով, այսօր, առավել քան երբևէ, հնագույն քաղաքակրթությունների արտեֆակտների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության կենտրոնացված ջանքերը։
Այս առումով, հատկապես խոցելի է հայկական հնագույն մշակութային և կրոնական ժառանգությունը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից վայրերում: Այս խորին մտահոգությամբ է, որ Հայաստանը փորձում է համախմբել միջազգային տարբեր դերակատարներին՝ պատմամշակութային արժեքների 1500 օբյեկտներ, այդ թվում՝ հնագույն վանքեր, պատմական թաղամասեր, գերեզմանատների և հնագիտական վայրեր փրկելու նպատակով:
Այս առնչությամբ, երկու կարևոր նախաձեռնություններ արժանի են հիշատակման։
Հայաստանի հայցով Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները»։
Այս իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումն աննախադեպ է բազմաթիվ առումներով: Հանուն արդարության և մարդկության՝ աշխարհի ամենաբարձր դատարանը կայացրեց վճիռ, որով պաշտպանում է հին քաղաքակրթության գոյության իրավունքը։ Այս պարտադրանքը պետք է իրականացվի տարածաշրջանի հայ բնիկ ժողովրդի ներգրավմամբ՝ առանց որևէ վերապահումների։
Մենք նաև բարձր ենք գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անկախ փորձագիտական առաքելություն ուղարկմանը, ինչը, Ադրբեջանը, ցավոք, շարունակում է մինչ օրս արգելափակել՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավման համար։
Այս առումով, մենք համաձայն ենք ֆորումի երկու փորձագիտական հանդիպումների եզրակացության հետ, որը սահմանում է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մասը:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք ականատես ենք մշակութային ժառանգության աճող դերին, որն ունի իր էական տնտեսական և սոցիալական ազդեցությունը համայնքների խաղաղության և անվտանգության վրա՝ որպես կայուն զարգացման հիմնարար անհրաժեշտություն: Մասնավորապես, հակամարտային իրավիճակներում մշակութային ինքնության ճանաչումը, ժառանգության պատշաճ պահպանումը և ապօրինի թրաֆիքինգի դեմ ընդհանուր արժեքների վրա հիմնված պայքարը կարող է խթանել հանդուրժողականությունն ու հարգանքը տարբեր համայնքների միջև, ինչը նախապայման է հասարակության խաղաղ զարգացման համար: Մենք հավատում ենք, որ մշակութահեն մոտեցումը կարևոր է 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի իրականացման համար:
Մենք հասկանում ենք, որ մշակութային ժառանգությունը զբոսաշրջային ռեսուրս է, և որպես այդպիսին, զբոսաշրջության ճիշտ կառավարումը կարող է նպաստել հենց այդ ժառանգության պահպանմանը և կայուն զարգացման խթանմանը: Հայաստանը պատրաստ է նպաստել համաշխարհային ջանքերին՝ առաջնահերթություն տալով մշակութային ժառանգության պաշտպանությանը և կայուն զբոսաշրջության զարգացմանը՝ մշակութային բազմազանության նկատմամբ հարգանք ձևավորելու գործում։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մշակվում է մշակույթի ոլորտի 2021-2025 թվականների ռազմավարական ծրագիրը, որը, ի թիվս այլ ասպեկտների, վերաբերում է մշակութային հուշարձանների պահպանմանն ու պահպանությանը։
Կարծում ենք, որ այս նպատակին կարող են ծառայել նաև ֆորումի անդամ երկրների սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, կանոնավոր խորհրդակցություններն ու հնարավոր համատեղ նախաձեռնությունները մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ։
Ավելին, մենք հսկայական ներուժ ենք տեսնում այս ֆորումի անդամ երկրների փորձագետների հետ համագործակցության զարգացման գործում: Այս առումով, մենք ողջունում ենք 2021 թվականի մայիսին և հոկտեմբերին կայացած երկու փորձագիտական հանդիպումների արդյունքները: Մասնավորապես, մենք կարծում ենք, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի փորձագետների կոմիտեի ստեղծումը թույլ կտա անդամ երկրներին պարբերաբար կիսվել մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, կայուն զբոսաշրջության և մշակութային արժեքների վերականգնման վերաբերյալ փորձով։
Եվ վերջապես, մենք ողջունում ենք ֆորումի ճանապարհային քարտեզի համար առաջարկվող տարրերը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ նպաստելու այս ուղղությամբ ձեռնարկվող համատեղ ջանքերին:
Մենք անհամբեր սպասում ենք գալիք նախարարական ֆորումին, որը կհյուրընկալվի Իրաքում և նպատակաուղղված կլինի սերտ հաղորդակցության և համագործակցության շարունակականությանը:
Շնորհակալություն։
ՀՀ ԱԳՆ