Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ից երբեւէ որեւէ մեկը գնահատական չի տվել Արման Թաթոյանի գործունեությանը»․ Վլադիմիր Վարդանյան

Դեկտեմբեր 17,2021 11:29

«Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են երկու սուբյեկտներ՝ Ադրբեջանը եւ ՔՊ-ն։ Ինչո՞վ եք սա բացատրում»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը», սահմանադրության համաձայն, ներկայացրել է արդարադատության գործող փոխնախարար, կրթությամբ արեւելագետ եւ իրավաբան Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացնող Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ցավում եմ, որ ՀՀ սահմանադրությունում պատգամավորի համար հանրային հեղինակության պահանջ դրված չի, որովհետեւ շատ դեպքերում շատ մարդիկ, այո, չէին լինի ԱԺ-ում։ Բայց, գիտեք, պատգամավորի պարագայում մեկ չափելի հատկանիշ կա։ Եթե քաղաքացիները քվե են տալիս, մարդը հայտնվում է  ԱԺ-ում։ Եթե ոչ, ուրեմն՝ ոչ։ Նույնը վերաբերում է ՄԻՊ-ին։ Եթե ՄԻՊ-ը ստանա ԱԺ որակյալ մեծամասնության հավանությունը, նշանակում է՝ բոլոր չափանիշները բավարարված են։ Ինչ վերաբերում է Արման Թաթոյանին, ապա որեւէ մեկը որեւէ գնահատական ՔՊ-ի կողմից չի տվել նրա գործունեությանը։ Երբեք չի տվել։ Բացի դա, պատիվ եմ ունեցել բոլոր ՄԻՊ-երի հետ ծանոթ լինելու։ Իսկ սա առաջին դեպքն է, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարում է ամբողջ ժամկետով։ Այսինքն, բնականոն ընթացակարգով նոր ՄԻՊ ենք ընտրում։ Ինչ վերաբերում  է ձեր ակնարկին, թե ինչու նորից Արման Թաթոյանին չենք առաջադրել, ասեմ, որ օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստում բարձրաձայնվել է հստակ չափորոշիչ, որ ՄԻՊ-ի անկախության ամրապնդման տեսանկյունից վերընտրման ինստիտուտը պետք է բացառվի։ ՄԻՊ-ը պետք է պաշտոնավարի ավելի երկար, քան այն մարմինը, որը նշանակում է նրան այդ պաշտոնին, եւ վերընտրման հնարավորությունը պետք է բացառվի՝ որպես վերընտրման չափանիշ»։

Հիշեցնենք, որ այս ընթացքում իշխող խմբակցության մի քանի պատգամավորներ գնահատական են հնչեցրել ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ։ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, մասնավորապես հայտարարել է, թե նրա աշխատանքում քաղաքական երանգավորում կա, Արման Թաթոյանն էլ հարցադրում է հնչեցրել՝ ինձ մեդիատեռորի մեջ եք մեղադրո՞ւմ։ Մարիա Կարապետյանը նաեւ պնդել է, թե Թաթոյանի եւ իշխանական պատգամավորների միջեւ տարաձայնություններ կան։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Ղազարյանն էլ ավելի վաղ հարցադրում էր արել, որին ի պատասխան Արման Թաթոյանն ասել էր՝ «ձեր հարցը կլինե՞ր, եթե դուք չլինեիք իշխող խմբակցության անդամ»։

Բացի այդ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, թե ՄԻՊ-ն անաչառ չէ եւ նրան մի քանի ամիս է մնացել, ինչին ի պատասխան Արման Թաթոյանը մի քանի հարցադրում էր հղել նրան։

Գրանցվել է նաեւ հանրային հարթակում ՔՊ կուսակցության անդամի կողմից ՄԻՊ-ին գրառումով հայհոյելու դեպք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031