Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՔՊ-ի ՄԻՊ-ի թեկնածուն հանրային հեղինակություն չունի․ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանումը

Դեկտեմբեր 17,2021 11:12

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ-ի ընտրությանը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը։

Քրիստինե Գրիգորյան

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը», սահմանադրության համաձայն, ներկայացրել է արդարադատության գործող փոխնախարար, կրթությամբ արեւելագետ եւ իրավաբան Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Նրա կենսագրությունը ներկայացնելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց․ «Նա լուրջ մասնագիտական փորձառություն ունի նաեւ այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմանի գործունեությանը։ Փոխնախարարի պաշտոնում հիմնականում զբաղվել է միջազգային իրավական ոլորտի համակարգմամբ։ Նրա գործունեությունը վկայում է, որ նա եղել եւ մնում է մարդու իրավունքների ջատագով»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Վլադիմիր Վարդանյանին հիշեցրեց, որ ըստ սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը․ «Ինչպե՞ս եք որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության մեջ բարձր  հեղինակություն է վայելում»։

Վարդանյանն արձագանքեց․ «Լավ հարց է։ Չափանիշ է, որի գնահատականը կտա ԱԺ-ն՝ իր ընտրության միջոցով։ Քրիստինե Գրիգորյանը շատ ակտիվ է աշխատել ՄԻՊ գրասենյակի, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության հետ։ Այս ամենի հանրագումարը վկայում է, որ նա օժտված է բավարար հատկանիշներով»։

Արեգնազ Մանուկյանը չհամաձայնեց․ «Սահմանադրությունում գրված չէ, որ նա պետք է ակտիվ գործունեությամբ զբաղվի։ Գրված է հստակ, որ հեղինակություն վայելող անձ պետք է լինի։ Եկեք նիստից հետո միասին դուրս գանք փողոց ու պատահական անցորդներին հարցնենք, թե ով է Քրիստինե Գրիգորյանը։ Վստահեցնում եմ, որ որեւէ մեկը նրան չի ճանաչի։ Ինչի՞ց եք ենթադրել, որ հանրության շրջանում հեղինակություն է վայելում»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Այո, եթե ես, դուք, ձեր խմբակցությունից որոշ անձինք դուրս գանք եւ քայլենք, ապա շատ մարդ կարող է եւ ձեզ էլ չճանաչել։ Բայց դա չի նշանակում, որ դուք չեք վայելում հանրության հեղինակությունը։ Մենք գործ ունենք ինստիտուտի հետ, որը չի պահանջում հստակ չափորոշիչներ։ Ձեր կարծիքով՝ ո՞վ է այն անձը, որը կարող է ունենալ նման հատկանիշներ։ Չափելի հատկանիշները ներկայացված են կենսագրականում՝ կրթություն, մասնագիտական փորձ, հմտություններ։ Ձեր ասած չափանիշը գնահատելի է, գնահատողն ԱԺ-ն է լինելու»։

Արեգնազ Մանուկյանն ասաց․ «Պատգամավորին ներկայացվող պահանջներում նշված չէ, որ նա պետք է հանրային հեղինակություն վայելի։ Հետեւաբար, բնական է, որ ինձ եւ ձեզ կարող են փողոցում չճանաչել։ Մինչդեռ ՄԻՊ-ի դեպքում հստակ նշված է, որ նա պետք է հեղինակություն վայելի։ Դուք կարող էիք հարցումներ անել ու պարզել, թե ով է հեղինակություն վայելում։ Դուք եք առաջադրել եւ դուք էլ պետք է դա պարզեիք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031