Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. Հայ-թուրքական երկխոսությունն արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2021 10:28

Հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։

– Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր քաղաքականությունը՝ այլեւս նախապայմաններ չի՞ թելադրելու:

– Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե նախապայմաններից հիմնականը, որը կապված էր Ադրբեջանի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ, կարծես թե, այսօր ունի պակաս նշանակություն, եւ դրանով է պայմանավորված հայ-թուրքական ներկայիս գործընթացը: Բայց ես նորից հարցը տամ՝ Թուրքիան այսօր Հայաստանի առջեւ դրվող նախապայմանները հանե՞լ է իր քաղաքական օրակարգից: Ես ունեմ հստակ տպավորություն, որ ոչ միայն չի հանել, այլեւ նախապայմանների, հարկադրանքի քաղաքականությունը նոր դրսեւորումներ է ստանում: Դրա վառ օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Թուրքիայի պահվածքն է: Շատ դեպքերում Թուրքիան, Ադրբեջանից առաջ ընկնելով, այդ խնդրի առնչությամբ տարաբնույթ պահանջներ է դնում:

Էական փոփոխությո՞ւն է կրել Թուրքիայի հռետորաբանությունը: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ հնչող «մտրակի եւ բլիթի» քաղաքականության տարբեր էլեմենտներից «մտրակները» փորձում են մոռանա՞լ եւ տեսնել ինչ-որ եկած ազդակներ: Սրանք պարզ հարցեր են, որոնք եթե մենք անտեսենք, կկարողանա՞նք հավասարը հավասարի հետ երկխոսության հույս ունենալ, թե՞ փորձելու ենք «երկխոսել» «պարտվածը՝ հաղթողների տանդեմի եւ հաղթողներից յուրաքանչյուրի հետ» կարգավիճակով, կատարելով վերջիններիս պահանջները:

Ես կարծում եմ՝ այս ամենն այնքան տեսանելի է, որ անգամ զարմանք է առաջացնում, երբ դառնում է դիսկուրսի առարկա եւ լուրջ հարցադրումներ է իր հետ բերում:

Վերջապես, Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց սկսելու տարաբնույթ դրսեւորումների ականատես եղանք: Իբրեւ թե իրար հետ ոչ մի առնչություն չունենալով (Հայաստանի իշխանություններն անընդհատ հերքում էին, որ Թուրքիայի հետ կա ինչ-որ գործընթաց)՝ օդից որսում էին իրար հանդեպ դրական ազդակներ, ինչի համար, ի դեպ, մեծ երեւակայություն է պետք ունենալ: Հետո պարզվեց, որ անգամ Վրաստանի վարչապետին են դիմել՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, ինչը հանրության համար բացահայտեց Թուրքիայի նախագահը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար եղավ ՌԴ-ի կողմից միջնորդության առաջարկ: Այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից եւ Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին: Այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց որեւէ միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կամ միջնորդներ: Ռուսական միջնորդությունն ուժի մե՞ջ է, կապ ունի՞ ընթացիկ գործընթացի հետ, եթե այո, փորձեք վերականգնել հնարավոր օրակարգը, եթե ոչ՝ սա ի՞նչ է նշանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան, կա միայն հայտարարություն ներկայացուցիչների նշանակման մասին:

Հետեւաբար, պե՞տք է արդյոք հայ-թուրքական երկխոսություն: Այո, միանշանակ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս համատեքստում, արդյունավե՞տ է: Միանշանակ՝ ոչ: Արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի: Եվ, իհարկե, այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն նման գործընթացի:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031