Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքի, Ալեն Սիմոնյանն է գալիս

Դեկտեմբեր 17,2021 09:30

Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից միջանցքում մի քանի օպերատորներ նստած են եղել աթոռներին՝ իրենց հեռախոսներով տարված, երբ այդ հատվածով անցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ երեւույթին, վերջինիս դուր չի եկել օպերատորների՝ ոտքը ոտքին գցած նստած դիրքը ու Սիմոնյանն անցնելուց հետո հետ է դարձել, իր հեռախոսով նկարել օպերատորներին ու հեռացել:

Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները նրա հրահանգով եկան ԱԺ միջանցք ու սկսեցին տանել այն աթոռները, որոնց վրա նստում են լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները: Երբ լրագրողները ԱԺ նախագահությունից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են աթոռները հանում տանում, մեզ ասացին, թե օպերատորները անշնորհք են նստած եղել:

Իրավիճակն այնքան անհասկանալի էր ու անընկալելի, որ փորձեցինք ԱԺ նախագահի հետ հանդիպել՝ պարզելու, թե օրինակ մենք՝ լրագրողներս, ի՞նչ ենք արել, ինչո՞ւ ենք ստիպված մնալ ոտքի վրա ու այդպես գրել մեր նյութը, աշխատել՝ զրկված լինելով աշխատանքային տարրական պայմանից՝ աթոռից:

Ալեն Սիմոնյանի պատճառաբանությունը հետեւյալն էր՝ երբ օպերատորները կամ լրագրողները պատգամավորի են տեսնում, պետք է ոտքի կանգնեն: Նրա մեկնաբանությամբ՝ այդպես պետք է հարգենք ինստիտուտը: Որպես օրինակ, նա նշեց, թե՝ բա որ ասենք Կիպրոսի նախագահի հետ անցնեի այդ միջանցքով…

Ընդ որում, Ալեն Սիմոնյանը հասցրել էր կարդալ աթոռները տանելու իր հրահանգից հետո «Առավոտի» լրագրողի ֆեյսբուքյան գրառումը, դրա տակ եղած վիրավորական մեկնաբանությունները ու սկսեց վիճել, թե՝ ստատուսդ ո՞նց ես գրել այդպես արագ, նստա՞ծ: Ասացի՝ կանգնած: Ալեն Սիմոնյանն էլ, թե՝ «այդպես կանգնած էլ նյութերդ կգրես սրանից հետո»:

ԱԺ նախագահի խոսնակը մեկնաբանություն է տարածել, թե օպերատորները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել: Մինչդեռ նրանք պարզապես նստած են եղել աթոռներին ոտքը ոտքին գցած ու ինչպես պարզվեց, ոտքի չեն կանգնել: Ըստ խոսնակի, նման վերաբերմունք դրսեւորած օպերատորը ներողություն է խնդրել, մինչդեռ օպերատորն ասել էր՝ կներեք, եթե ինձ նկատի ունեք, հեռախոսով եմ զբաղված եղել ու առհասարակ չեմ նկատել՝ ով է անցել:

Երբ այդ կարճատեւ հանդիպումից հետո փորձեցինք ճշտել՝ վաղը Ազգային ժողով գալիս «դմփիկնե՞ր» բերենք մեզ հետ, որ վրան նստենք, թե՞ աթոռները այնուամենայնիվ կվերադարձնեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա դեռ ինքը կորոշի:

Լրագրողները ստիպված Ազգային ժողովի միջանցքի հատակին նստած աշխատում էին՝ կրելով այդ յուրօրինակ «պատիժը», որը սահմանված չէ որեւէ իրավական ակտով: Թեեւ բացարձակ ուշ չէ նոր որոշում ընդունել, որ այսուհետ Ազգային ժողովի տարածքում լրագրողները պատգամավոր տեսնելիս պետք է մի ոտքի վրա կանգնեն՝ որպես բացարձակ հարգանքի նշան, գլուխը կախեն ու հայացքը գետնից բարձրացնեն այն ժամանակ, երբ պատգամավորն իր աշխատասենյակ մտած կլինի:

Հ. Գ. Օրվա վերջում աթոռներն արդեն վերադարձրեցին իրենց տեղը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «… Ֆելդկուրատը զկռտաց։ – Մտադի՛ր չեմ,– համառորեն կրկնում էր նա։– Ես ձեզ համար ոչինչ չեմ անի։ Մտքովս էլ չի անցնի անել, որովհետև դուք անուղղելի սրիկաներ եք։ Բարձրյալի անսահման ողորմածությունը ձեզ ուղեկից չի չինի կյանքի ճանապարհին և նրա աստվածային սիրո շունչը չի դիպչի ձեզ, քանզի աստված չի էլ ցանկանա գործ ունենալ ձեզ նման անզգամների հետ․․․ Լսո՞ւմ եք, ինչ եմ ասում։ Հե՛յ, փոխանավորներ։ Քսան (երե՞ս)փոխաններ վեր նայեցին և միաբերան պատասխանեցին․ – Ճի՛շտ այդպես, լսում ենք։ – Լսելը քիչ է,– իր քարոզը շարունակեց ֆելդկուրատը։– Ձեզ շրջապատող խավարում, դմբոնե՛ր, ձեզ վրա չի իջնի բարձրյալի կարեկցությունը, քանզի գթասրտությունն էլ սահման ունի։ Իսկ դու, է՛շ, որ հետևումն ես կանգնած, չհամարձակվես խրխնջալ, թե չէ կարցեր կքշեմ։ Իսկ դուք, ցածում կանգնածնե՛ր, չկարծեք, թե գինետանն եք գտնվում։ Աստծո գթասրտությունն անսահման է, բայց միայն կարգին մարդկանց, այլ ոչ թե ամեն մի տականքի համար, որը չի հետևում ոչ նրա օրենքներին, ոչ զինվորական կանոնադրությանը։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ ասել։ Դուք աղոթել չեք կարողանում և կարծում եք, թե եկեղեցի գնալը քեֆ ու զվարճություն է, կարծես այստեղ թատրոն է կամ ինչ֊որ կինոմատոգրաֆ։ Ես այդ բանը ձեր մտքից հանել կտամ, որպեսզի չկարծեք, թե ես եկել եմ ձեզ զվարճացնելու և ուրախացնելու։ Ես ձեզ, շան որդիներիդ, մենախուց նստեցնել կտամ,– ահա թե ինչկանեմ ես։ Ես ձեզ հետ միայն ժամանակ եմ վատնում, վատնում միանգամայն իզուր։ Եթե այստեղ իմ փոխարեն ինքը ֆելդմարշալը կամ ինքը արքեպիսկոպոսը լիներ, միևնույն է, դուք չէիք ուղղվի և ձեր հոգին չէիք դարձնի առ աստված։ Եվ այնուամենայնիվ մի օր կհիշեք ինձ ու կասեք, «նա մեր լավն էր ցանկանում»։…»
    Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031