Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը «հետաձգվում է»

Դեկտեմբեր 17,2021 10:00

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մի մասն ակնհայտորեն չի բավարարել իշխանությանը, որն այժմ լծված է այդ արդյունքների «շտկմանը»: Ավանդաբար նման «շտկման գործիքներ» են հանդիսանում իրավապահ մարմինները:

Վանաձորում առավել ձայներ հավաքած դաշինքի ղեկավարը, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է: Նույնատիպ գործիք է կիրառվել նաեւ Վարդենիսում: Իսկ Վեդիում եւ Թալինում ավագանի ընտրված ոչ իշխանամետ անդամների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի հանկարծ այդ համայնքներում մեծամասնություն չկազմեն ոչ-ՔՊ-ական ուժերը: Դրան կարելի է ավելացնել, որ Գորիսի համայնքապետը մնում է կալանքի տակ:

Օրակարգ է բերվել նաեւ Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Չնայած Հայկ Մարությանը քաղաքական ելույթներ չի ունենում եւ փորձում է մայրաքաղաքին օգտակար լինել (փոփոխական հաջողությամբ), Փաշինյանին, հավանաբար, մտահոգում է, որ Երեւանի քաղաքապետն ինչ-որ դասավորությունների դեպքում կարող է իրեն մրցակից դառնալ, եւ դրա դեմ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում:

Շատ հնարավոր է, որ վարչապետը քաղաքապետ կնշանակի (եկեք ձեւ չանենք, որ այդ պաշտոնի համար «ընտրություններ» են լինելու) որեւէ ՔՊ-ականի, որը, թեեւ մայրաքաղաքով չի զբաղվի, բայց «կթռնի բոլոր նրանց դեմքին», ովքեր կհամարձակվեն առաջին դեմքին որեւէ թթու խոսք ասել:

«Վերջին երեք տարիների ընթացքում հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները», – ասել է Փաշինյանը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին ելույթ ունենալով: «Առաջին անգամվա» վերաբերյալ վարչապետի պնդումը մասամբ ճիշտ է. 2018 թվականին քաղաքացիների մեծամասնության մի մասը (անկախ նրանից, թե ինչպես է քվեարկել) հույս ուներ, որ ավտորիտար համակարգը կհաղթահարվի, եւ Հայաստանը քայլեր կկատարի ժողովրդավարության ուղղությամբ: Այդպիսի հույսեր ունեի նաեւ ես:

Երկրորդ անգամ՝ 2021 թվականի հունիսին, կառավարության կատարյալ ձախողումից եւ պատերազմում պարտվելուց հետո, ՔՊ-ին ձայն տված 54 % քաղաքացիների (հիշեցնեմ, որ 2018 թվականին 70,5% էր) մեծ մասի մոտիվացիայի մեջ բացարձակապես չկար դեպի ժողովրդավարություն գնալու ցանկությունը: Նրանք տվել են «պողպատե մանդատ»՝ «նախկիններին» ոչնչացնելու համար: Այսինքն՝ ուղղությունը ճիշտ հակառակն է՝ ավտորիտարիզմը խորացնելու եւ ամրապնդելու: Ինչը եւ արվում է:

Այնպես որ հիմա ժողովրդավարության եւ օրինականության «լայն պահանջարկ» չկա: Իսկ այդ պայմաններում ցանկացած, նույնիսկ հրեշտակներից կազմված կառավարությունը գործելու է կամայականություններ եւ ապօրինություններ՝ ճիշտ նույնպիսի, իսկ գուցե եւ շատ ավելի վատ, քան գործում էին նախորդ իշխանությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծեմ փորձ կա կապիկների վրա՝ նորածնին մորից կտրել են եւ այդ նորածինը մեծանալով եւ մայր դառնալով հրաժարվել է իր նորածնից կամ նորածին կատվի աչքերը փակել են մի ամիս թե ինչքան, հետո բացել, ամեն ինչ առողջ էր, բայց կատուները կույր էին եւ այլեւս տեսողությունը չվերականգնվեց:
    Մենք ունենք նորածիններից սկսած ազգային դաստիարակության մեծ պրոբլեմներ, եթե մենք քչից շատից երեխային կյանքի դժվարությունները հաղթահարելու դաստիարակություն ենք տալիս, որն իհարկե շատ անբավարար է, ապա կյանքի բարիքներից օգտվելու դաստիարակություն ընդհանրապես չենք դաստիարակում՝ կյանքի բարիքների բացակայության պատճառով, բայց սա արդարացում չէ, երեխան մեծանալով մնում է բարդույթավորված, լավն էլ տալիս ես՝ կրակն ես գցում, չգիտի ինչ անի դրա հետ: Այստեղից է, որ նման երեխան մեծանալով, հասունանալով մնում է փոքր երեխայի նման եսակենտրոն էգոցենտրիստ, բոլորը նրան պարտական են, նման երեխային եւ ոչ մի կոնֆետ թե խաղալիք չի ուրախացնի, եթե նման կոնֆետ թե խաղալիք ուրիշին էլ տաս, այսինքն՝ երեխայական առողջ եսակենտրոնից պատանեկական առողջ եսասիրության էգոիզմի անցում չի կատարվում, որից հետո պետք է գար հասունության շրջանը, երբ արդեն դու դուրս ես գալիս քո եսից եւ քո եսը դառնում է քո ընտանիքը, քո համայնքը, քո պետությունը, քո ազգը, իսկ դասականների համար՝ մարդկությունը: Եկեք վերանայենք դաստիարակության նորմերն ու գրված չգրված օրենքները, եկեք բոլոր երեխաներին հարուստ ե՛ւ նյութապես ե՛ւ հոգեպես ե՛ւ ֆիզիկապես ե՛ւ մտապես կյանքի բարիքներից օգտվել սովորեցնենք, հենց ծնված օրվանից սկսած, որովհետեւ ավելի մեծ տարիքում էլ ինչ էլ անես, արդյուն չի տա: Էլի հիշենք մեր Մեծն Թումանյանին՝ ծառն ասում է վերցրու ոսկին, համ քե լավ, համ էլ ինձ, չէ ասում է անխելք մարդը, սիրուն աղջիկն էլ թե մարդս դառի, չէ ասում է անխելք մարդը, անխելք է, որովհետեւ առավոտից իրիկուն աշխատել է, իսկ բարիքներից օգտվել իրեն ոչ ոք չի սովորեցրել: Այնպես որ, ոչ միայն պետք է սովորել Արարչի ստեղծած կյանքի բնական դժվարությունները սիրով ու վստահությամբ հաղթահարել, այլեւ պետք է սովորել Արարչի ստեղծած կյանքի բնական բարիքներից սիրով ու վստահությամբ օգտվել ու վայելել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031