Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյան. «Մեր բռնցքամարտիկների նվաճումները Հայաստանում բում են առաջացրել»

Դեկտեմբեր 17,2021 00:45

«Դինամո» մարզահամալիրում այսօր, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեկնարկեց թիմային ձեւաչափով բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին շրջանաձեւ մրցակարգով մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի եւ Վրաստանի հավաքականները: Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականը 6:3 հաշվով հաղթեց Իրանի թիմին:

Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ:

-Պարոն Հովսեփյան, նման ձեւաչափով մրցաշար Հայաստանում կազմակերպելու գաղափարը ե՞րբ ծնվեց:

-Այդպիսի միտք միշտ էլ ունեցել եմ: Եթե հիշում եք, ես միշտ ասել եմ, որ Հայաստանի բռնցքամարտիկները մենամարտերի, հետեւաբար, մրցափորձի պակաս ունեն, ինչը անպայման պետք է լրացնել: Դրա եղանակները տարբեր են: Կարծում եմ, այս ձեւաչափը ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է: Մեր բռնցքամարտիկները մի քանի օր տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ մենամարտելու հնարավորություն ունեն եւ, որ կարեւոր է, պարտություն կրելուց հետո էլ չեն լքում ռինգը, այլ պատրաստվում են հաջորդ հավաքականի ներկայացուցչի հետ պայքարին:

-Երեւան ժամանել է երեք երկրի հավաքական: Ծախսերն իրե՞նք են հոգում:

-Մրցաշարն անցկացվում է իմ անձնական միջոցներով: Հայաստան ժամանելու պահից սկսած, բոլոր ծախսերը հոգում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

-Սա, ըստ էության, ընկերական բնույթ կրող մրցաշար է: Հայաստանը բոլո՞ր քաշային կարգերում ներկայացուցիչ ունի:

-Այո: Ու այս մրցաշարը Հայաստանի հավաքականի մարզիչներին նաեւ երիտասարդներին փորձարկելու հնարավորություն է տվել:

-Մրցաշրջան 2021-ը ավարտվում է: Ինչպե՞ս եք գնահատում մեր բռնցքամարտիկների մրցելույթները տարվա ընթացքում կայացած միջազգային կարեւորագույն մրցաշարերում, ինչի պակաս չկար:

–Չէի ուզենա, որ տարվա ընթացքում մեր գրանցած արդյունքների մասին մենք խոսենք: Բայց գոհ եմ: Շատ բարձր արդյունքներ գրանցեցինք: Մարզաշխարհի մարդկանց հավաստիացմամբ՝ այնպիսի արդյունքներ, որպիսիք տասնամյակներ չենք ունեցել: Բայց արդեն եղածով չենք բավարարվելու ու աշխատելու ենք ձեռքբերումները շատացնել:

-Ձեր կարծիքով տարվա 10 լավագույն մարզիկների ցուցակում քանի՞ բռնցքամարտի կլինի:

– Մեր առաջնային նպատակը այլ է՝ օլիմպիական խաղերում, աշխարհում ու Եվրոպայում, միջազգային խոշորագույն մրցաշարերում չեմպիոններ ու մրցանակակիրներ ունենալը: Իսկ թե քանի՞ բռնցքամարտիկ կընդգրկվի լավագույն 10-յակում, թող որոշեն մարզական լրագրողները եւ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները:

-2022 թվականի ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

-Թերեւս, ամենակարեւորը մայիսի 21-ից 31-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունն է: Բոլոր ուժերը տրամադրելու ենք, որպեսզի այդ հեղինակավոր իրադարձությունը կազմակերպենք բարձր մակարդակով եւ, իհարկե, որպեսզի մեր առաջատար բռնցքամարտիկներն արժանապատիվ մասնակցություն ունենան: Նաեւ բոլոր տարիքային խմբերի հավաքականները հանդես են գալու Եվրոպայի, 17-18 տարեկանները`աշխարհի առաջնությունում:

-Դուք մշտապես հայտարարում եք, որ ձեր գլխավոր նպատակներից մեկը մարզերում բռնցքամարտը զարգացնելն է:

-Այո, դա շատ կարեւորում եմ: Վերջին շրջանում տեսնում եմ, որ մեր մարզիկների գրանցած բարձր արդյունքները, հատկապես օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնությունում, Հայաստանի ամբողջ տարածքում բռնցքամարտի բում է առաջացրել: Դա ուրախացնում է: Մի օրինակ բերեմ. աշխարհի առաջնությունում Դավիթ Չալոյանի եզրափակիչ մտնելը Գյումրիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրենց գյուղում, Շիրակի եւ մյուս մարզերում ոգեւորել է երեխաներին ու բռնցքամարտով զբաղվել ցանկացողների թիվը կտրուկ աճել է: Մենք ծրագրեր ունենք եւ ամեն բան անելու ենք դրանք կյանքի կոչելու համար:

-Լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ բռնցքամարտը, հնարավոր է, դուրս մնա օլիմպիական խաղերի ծրագրից:

-Չեմ հավատում, որ այդպիսի բան կլինի: Վստահ եմ, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, որ օրերս անվանափոխվեց, ամեն բան կանի ՄՕԿ-ի պահանջները իրականացնելու եւ նման բան թույլ չտալու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031