Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է մեխանիզմ, որը Հայաստանին դուրս կդնի Ռուսաստանի եւ Թուրքիայի կայսերական ու ոչ ազատական նախագծերից. «Սպիտակ թուղթ»

Դեկտեմբեր 17,2021 14:00

Սկիզբը՝ այստեղ

«Չեզոքությունը պետք է ընդունվի որպես ճկունություն ունեցող մոտեցում, որի վերջնական նպատակն է սահմանափակել տատանվող աշխարհաքաղաքական մրցությունների եւ խաղերի ազդեցությունը Հայաստանի համար»

Զինված եւ միջազգայնորեն երաշխավորված չեզոքության գաղափարը

Ստորեւ ներկայացվում է ռազմավարության երկարաժամկետ տեսլականը, որը Հայաստանը կարող է դիտարկել որպես իր արտաքին քաղաքական սկզբունքի մեկ սցենար: Հեղինակները կարծում են, որ արժե այդ թեմայի մասին խոսել:

Նախադրյալներ. Հայաստանը ցանկանում է պակաս խոցելի լինել տարածաշրջանային մեծ տերությունների միջեւ աշխարհաքաղաքական մրցակցության համար: Միեւնույն ժամանակ, Հայաստանը պետք է միջոցներ ապահովի իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար:
Հայաստանը շատ փոքր պետություն է՝ ըստ բոլոր չափանիշների եւ սահմանումների, ինչպես նաեւ «փոխանցումային» պետություն է: Որպես այդպիսին, Հայաստանը գտնվում է անվտանգության մշտական երկընտրանքի մեջ, որը հեղինակները ներկայացրին այս փաստաթղթում, եւ որը բազմիցս նկատվել է շատ մեկնաբանների կողմից: Հայաստանի գոյատեւումը՝ որպես անկախ միավոր, կախված է մյուսների՝ այդ փաստի լիարժեք ընդունումից: Չնայած ՄԱԿ-ը/միջազգայնորեն ճանաչված պետությունները, որպես այդպիսին, «չեն անհետանում», նրանք ռիսկի են ենթարկվում ձախողված պետություններ դառնալու կամ ամբողջովին ենթադասվելու առավել լիարժեք երկրների կողմից. վտանգ, որը հավասարապես սպառնում է նրանց ժողովուրդների բարգավաճմանը:

Չեզոքությունը պետք է ընդունվի որպես ճկունություն ունեցող մոտեցում, որի վերջնական նպատակն է սահմանափակել տատանվող աշխարհաքաղաքական մրցությունների եւ խաղերի ազդեցությունը Հայաստանի համար: Կարեւոր է պնդել, որ չեզոքությունը պետք է դուրս գա Սառը պատերազմի երկբեւեռ առճակատման եւ խմբային համատեքստից: Անհրաժեշտ է մի մեխանիզմ, որը Հայաստանին եւ նախկին ԽՄ՝ նոր ապագաղութացված պետություններին դուրս կդնի Ռուսաստանի եւ Թուրքիայի կայսերական ու ոչ ազատական նախագծերից, ինչպես նաեւ ավելի հեռավոր պետությունների անհարկի ազդեցություններից եւ ուժային խաղերից: Իրանի կայսերական ռեֆլեքսներն ավելի պաշտպանողական են, քան հարձակողական, իսկ տվյալ պահին այդ պետությունը կարող է դրական մոտեցում ունենալ նման տարբերակի նկատմամբ:

Հայաստանը եւ Հարավային Կովկասի (ՀԿ) երկու մյուս պետությունները բախվում են մրցակցության, եթե ոչ՝ առճակատման, երկու մակարդակի վրա: Առաջին մակարդակը կայսերական նոր հավակնություններով եւ փոխադարձ կասկածներով հարեւան երկու նախկին կայսրություններն են՝ Թուրքիան եւ Ռուսաստանը: Երկրորդ մակարդակը հետսառըպատերազմյան Արեւելք-Արեւմուտք առճակատման մնացորդներն են. առճակատում, որն այժմ կիրառվում է այս տարածաշրջանի համար: Այս պրիսմակի արդիականությունը, սակայն, մեծապես գերագնահատված է: Ավելին, դա ավելի քիչ արդիական է, երբ խոսքը վերաբերում է ՀԿ-ին, քան, օրինակ, Ուկրաինային, քանի որ Արեւմուտքը տարածաշրջանում առաջնությունը տալիս է Ռուսաստանին: Եվ, վերջապես, այն նվազում է, քանի որ տարածաշրջանային ազդեցությունները բազմազանեցվում են (Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ): Ուժերի բազմաբեւեռ հավասարակշռությունը ներկայումս զարգանում է:

Իրապաշտների եւ նեոիրապաշտների համար ուժերի համաշխարհային հավասարակշռությունը կարող է նշանակել վերադարձ դեպի օրինաչափ միջազգային քաղաքականություն: Այնուամենայնիվ, դա կարող է նաեւ որոշ փոքր պետությունների չեզոքություն որդեգրելու հնարավորություն տալ: Չեզոքությունը մի շարք սահմանափակումներ է առաջացնում այս փոքր պետությունների համար՝ պայմանով, որ երկարաժամկետ հեռանկարում նրանք կստանան անվտանգության եւ ինքնիշխանության ավելի մեծ զգացողություն: Նույնիսկ եթե Ադրբեջանը շատ ավելի լավ հաջողություններ եւ միջոցներ ունի Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ իր արտաքին հարաբերությունները հավասարակշռելու հարցում, քան Հայաստանը, իսկ Վրաստանը մի փոքր պակաս խոցելի է, քան Հայաստանը, բայց դեռեւս բարձր գին է վճարում Ռուսաստանի հետ փշոտ հարաբերությունների համար, ՀԿ երեք պետությունները մի ընդհանուր խնդրի են բախվում՝ կապված բազմակի եւ մրցակցային շահերի հավասարակշռման հետ:

Ստորեւ ներկայացված են որոշ նախադրյալներ, որոնք ընկած են չեզոքության հասնելու գործընթացի հիմքում.

Ա. Հայաստանը զարգացնում է իր ողջ տարածքի հզոր պաշտպանունակությունը: Նա ոչ մեկին պատերազմ չի հայտարարում եւ չի վարում պատերազմի քաղաքականություն ոչ մեկի հետ: Նա նաեւ ելնում է այն նախադրյալից, որ ոչ մեկը չի պատերազմի միայն Հայաստանի շահերի համար:

Բ. Չեզոքությունը պետք է կարգավորվի քաղաքական կոնվենցիայով եւ (կամ) իրավական միջազգային կոնվենցիայով: Որպեսզի Ռուսաստանի համար իսկապես ընդունելի լինի, դա, ի վերջո, պետք է դառնա միջազգային իրավունքի մաս (եւ ոչ միայն ինքնահռչակված, ինչպես Թուրքմենստանի կամ Մոլդովայի դեպքում), նույնիսկ եթե սկզբում նման ուղղության ընտրությունն ընկնի մի անհատի պետական պատասխանատվության վրա եւ աշխատի դրա համար: Այս պահին օտարերկրյա ռազմական բազաները դուրս կբերվեն:

Գ. Չեզոքության հասնելու գործընթացը կպահանջեր ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դուրս բերել ռուսական ռազմաբազան: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը հասկանալի կդարձնեն, որ ՆԱՏՕ-ին անդամակցություն տեղի չի ունենա: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, նույնիսկ բարձր մակարդակի վրա, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հետ միասին, ոչ միայն հնարավոր կլիներ, այլ նաեւ ցանկալի` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ հակաահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, սպառնալիքների նոր տեսակները, բնական պաշարների պաշտպանությունը եւ մարդկանց թրաֆիքինգը: ՀԱՊԿ-ի ներսում Հայաստանի կարգավիճակը սկզբում պետք է վերանայվեր, ինչպես եւ ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության»-ը: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ Ռուսաստանի պահանջով), չեզոքությունը կարող է փոփոխվել հայ-ռուսական անվտանգության երկկողմ դաշնագրով. այս երկու հարցերը ձեւականորեն տարանջատված են եւ գործում են մի քանի տարի: Սա գուցե նախընտրելի տարբերակ չէ Հայաստանի համար, բայց կարող է անհրաժեշտ փոխզիջում լինել որոշ ժամանակով:

Դ. ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականությանը եւ ճգնաժամերի կառավարմանը մասնակցելը միանշանակ թույլատրվում է: Չեզոք պետությունները նույնպես հանդիսանում են ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) կոոպերատիվ անվտանգության բլոկի նման ուժեղ տեղաբաշխման մաս (հավաքական անվտանգությունն ուղղված չէ արտաքին թշնամու դեմ):

Ե. Միջոցներ. պաշտպանության ծախսեր, պաշտպանական բարեփոխումներ, ավելի մեծ ծանոթություն արեւմտյան դրական ժողովրդավարական արժեքներին. առեւտրի աճ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաեւ ավելի մեծ մասնակցություն չինական՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Զ. Կարող էին պաշտպանական երկկողմ հարաբերություններ լինել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ այլ պետությունների (օրինակ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի) հետ, որոնց շրջանակը եւ մակարդակը պետք է նորովի մտածել:

Է. Հատուկ բազմակողմ հարաբերություններ կարող են ստեղծվել անվտանգության ոլորտում՝ Եվրոպայի չեզոք պետությունների (Իռլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Ավստրիա) հետ:

Ը. Հայաստանի ազգային հեղինակությունը կբարձրանար, քանի որ Հայաստանն իր համար հեռանկար կունենար՝ խռովարար լինելու կամ լսելի չլինելու փոխարեն: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, այստեղ կարող է տեղ լինել փակուղուց դեպի դարպասներ եւ կամուրջներ անցնելու համար:

Եթե այս սցենարը հնարավորինս շուտ ընդունվի, կարող է դրական ազդեցություն ունենալ խիստ արդիական հարցերի վրա.

Թ. Դա կարող է մեղմացնել այն ոչ կառուցողական եւ հապճեպ ձեւերը, որոնցով ներկայումս լուծվում է սահմանների կարգավորման հարցը, հատկապես եթե Հայաստանն անմիջական աշխատանքային քննարկումներ սկսի Ադրբեջանի եւ (կամ) Թուրքիայի հետ:

Ժ. Կարող է հնարավորություն լինել միջազգային միջամտության/վերահսկողության համար. օրինակ՝ հավաքական անվտանգության առաքելությամբ, որում եւրոպական չեզոք պետությունները դերակատարություն կունենային Հայաստանի բնակչության անվտանգությունն ապահովելիս՝ սահմանամերձ բնակիչների անվտանգության վրա կենտրոնացած ռազմական-քաղաքացիական առաքելության միջոցով: Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկայիս իրավիճակը, որում Ռուսաստանը հանդես է գալիս որպես միակ միջնորդ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, չի նպաստում հարաբերությունների հանդարտեցմանը:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության
քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
16.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031