Լրահոս
Օրվա լրահոսը

Վարսահարդար-ոճաբանը՝ համաշխարհային բրենդի հայաստանյան «Գեղարվեստական գործընկեր»

Դեկտեմբեր 17,2021 13:00

«Առավոտի» հետ զրույցներում երջանկահիշատակ ռեժիսոր Արմեն Մազմանյանը առիթի դեպքում, երբեմն էլ շեղվելով թեմայից, հաճախ էր խոսում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի իր արվեստանոցի ուսանողների հնարավորությունների մասին՝ նրանց համար ապագայի կանխատեսումներ անելով։ Ժամանակը ցույց տվեց, որ դրանք մեծ հաշվով իրականություն դարձան։

Երբ տեղեկացանք, որ վերջերս համաշխարհային Loreal բրենդը վարսահարդար-ոճաբան Սրապ Շիրինյանին շնորհել է «Հայաստանում գեղարվեստական գործընկեր» պատվավոր կոչում կարգավիճակը, մտաբերեցինք Արմեն Մազմանյանից քանիցս լսած այդ անունը, թեեւ վստահ չէինք, որ վարսահարդար- ոճաբանը ռեժիսորի արվեստանոցում ուսում առած դերասանն է։


Հանդիպեցինք Սրապ Շիրինյանին եւ պարզվեց, որ նա Մազմանյանի ուսանողն է եղել։ Ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նա չխոսեց իր դերասանական կարիերայի մասին, միայն նշեց, որ նկարահանվել է մեկ-երկու ֆիլմում։ Ասաց նաեւ, որ մինչ օրս շարունակում է իր գործունեությունը որպես ֆոտոմոդել։ Իսկ Loreal-ի գործընկեր դառնալու մասին նախ նշեց, թե հիշյալ բրենդը 1909 թվականից իր որակյալ արտադրանքով միշտ բարձունքում է եւ ապահովում է իր բծախնդիր հաճախորդների քմահաճությունները, հետո էլ ասաց. «Ես 2016-ից եմ Հայաստանում այդ բրենդի պաշտոնական ներկայացուցիչը, իսկ 2018-ին մասնակցել եմ Loreal-ի կազմակերպած Matrix Color Expedition փառատոնին եւ միանգամից ստացել բրենդի տեխնոլոգ եւ Loreal ակադեմիայի ոճաբան-ուսուցիչ, այս տարվա ամռանից էլ, ինչպես նշեցիք՝ գեղարվեստական գործընկեր կարգավիճակները»։

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե իր համար պատիվ է համագործակցությունը նման համաշխարհային բրենդի հետ, ավելին՝ հաճույք։ Տեղեկացրեց, որ այսօր հիշյալ բրենդն աշխարհում զբաղեցնում է շուկայի 58 տոկոսը, իսկ մնացած 42-ը բաժանվում է մյուս արտադրողների միջեւ։

Հետաքրքրությանը՝ այդ բրենդի ո՞ր արտադրանքն է գերադասում, թեպետ դժվար է նման առատության մեջ առանձնացնել մեկը, նա պատասխանեց. «Ֆավորիտ պրոդուկտ ունեմ. VITAMINO COLOR ACIDIC SEALER-ն է, որը հարթեցնում է մազը, դարձնում այն ավելի առաձգական՝ հաղորդելով շլացուցիչ փայլ, սնուցում եւ վերականգնում է մազի վնասված պիգմենտը, ամեն երանգավորումից հետո օգնում երկար պահպանել վարսերի երանգը»։

Զրույցի ընթացքում մասնագետը հայտնեց, որ ինքը վարսահարդարման արվեստով զբաղվում է 1997-ից, իսկ 2015-ից Հայաստանում եւ այլ երկրներում անցկացնում է մասնագիտական վարսահարդարման վարպետության դասեր, իհարկե՝ Loreal ակադեմիայի հետ համատեղ։

2019թ. Երեւանում հիմնադրել է սեփական բրենդն ու սրահը, որտեղ անցկացվում են վարսահարդարման խմբային եւ անհատական դասընթացներ, դեկտեմբերի 24-ից էլ կթողարկվի www.srapshirinyan.com պաշտոնական կայքը, որտեղ ավելի լայն սպեկտրով կներկայացվի նրա գործունեությունը։ Հարցին՝ մասնակցե՞լ է մրցույթների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մոռացա նշել, որ ոլորտում եմ դեռեւս թատերական ինստիտուտ ընդունվելուց առաջ։ Ինչ վերաբերում է մրցույթներին, խոսեմ ընդամենը մեկի մասին։ Ես ու գործընկերս՝ Կարո Սահակյանը, 2018-ին Հայաստանը ներկայացրինք Ուկրաինայում անցկացվող Matrix Color Expedition միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի»։

Կանխելով հարցը, թե որպես ոճաբան հանրային դեմքերից ո՞ւմ հետ է աշխատել, մեր զրուցակիցը թվարկեց Բոլիվուդի հայտնի այնպիսի դերասանների անուններ, ինչպիսիք են Մրունալ Ջեյնը, Թինա Դատան, Ռաշմի Դեսայը եւ այլն, իսկ Հայաստանում՝ Լուսինե Թովմասյան, Մագա, Նանա, Օլգա Այվազյան, Քրիստինե Եղոյան, Լիլի Հովեր եւ այլ հայտնիներ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031