Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերը կարծում են, որ PR-ը սուտը քողարկելու միջոց է»

Դեկտեմբեր 17,2021 12:30

Հարցազրույց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ:

– Կմեկնաբանեք` ի՞նչ է PR-ը պարզեցված բառերով:

– Եթե պարզ ձևակերպեմ, ապա PR-ը հարաբերություններ ձևավորելու, գրագետ հաղորդակցվելու արվեստն է: PR-ն հատուկ է ժողովրդավարական երկրներին. Հետադարձ կապի առկայությունը, նախաձեռնությունների, ծրագրերի հանրայնացումը, հասարակության իրազեկվածության բարձրացումը հանրային կապերի մասնագետի գործառույթներից են:

Հայ հասարակությունը թյուր պատկերացում ունի PR-ի մասին, որովհետև այս եզրույթը հանիրավի օգտագործվում է քաղաքական ելույթներում բացասական երանգավորմամբ: Շատերը կարծում են, որ PR-ը սուտը քողարկելու միջոց է, կամ գովազդ է, կամ էլ առանց որեւէ հիմքի ինչ-որ երեւույթի մասին բարձրաձայն խոսելն ու ներկայացնելն է, սակայն հստակ կարող ենք արձանագրել, որ  PR-ի հիմքում հաղորդակցությունն է և ճշմարտության ներկայացումը: Պետական գերատեսչություններ-հասարակություն, ընկերություն-հասարակություն, գերատեսչություններ- ԶԼՄ-ներ փոխհարաբերությունները ստեղծում և զարգացնում են հանրային կապերի մասնագետները: PR մասնագետներն ուսումնասիրում են հասարակության պահանջներն ու ակնկալիքները, վերլուծում են իրավիճակը, մշակում են հաղորդակցության ռազմավարություն, ինչպես նաև մարտավարական քայլեր և գնում քայլ առ քայլ իրագործման:  Կարևոր են այն ուղերձները, որոնք պետք է հնչեցնել, կարևոր են այն գործիքները, որոնցով պետք է տարածել ուղերձները և կարևոր են հանրայնացման տեխնոլոգիաները, որոնք ուշադրության հրավիրման դերակատարություն ունեն:

PR մասնագետը գաղափարից մինչեւ իրագործում համակարգողն է և վերջում իրականացված գաղափարների և ծրագրերի արդյունավետության գնահատողը: Արդյո՞ք իրականացված ծրագիրը ծառայեց նպատակին, այն կարելի է շարունակել, թե ոչ: PR-ը միայն մասնագիտություն չէ, այլ կենսակերպ է, բոլորս էլ ամեն վայրկյան շփվում ենք, հարաբերվում, հաղորդակցվում և ձևավորում մեր երկարաժամկետ և կարճաժամկետ հարաբերությունները:

– SMM եւ PR, այս երկու հասկացությունները հաճախ շփոթում են, ո՞րն է տարբերությունը:

– Նախ հասկանանք, թե որոնք են մարքեթինգի և PR –ի տարբերությունները, որպեսզի հեշտ լինի հասկանալ, թե ի՞նչ է սոցիալական մեդիա մարքեթինգը:

Մարքեթինգը շուկայագիտությունն է, այսինքն՝ գների պլանավորում, շուկայի ուսումնասիրություն, վաճառքի ապահովում, շուկաների ընդլայնում …. Մարքեթոլոգի աշխատանքի վերջնարդյունքն ապրանքի վաճառքի ապահովումն է, իսկ PR մասնագետը հեղինակություն ձեւավորողն է, բրենդի տեսանելիության զարգացնողն ու դիրքավորողը: Արտաքին և ներքին միջավայրում հաղորդակցություն իրականացնողը, ԶԼՄ-ների հետ կապող օղակը, ուղերձ մշակողն ու տարածողը: Գրագետ հեղինակության ձեւավորումը հաղորդակցման շնորհիվ կարող է ապահովել նաև լավ վաճառք: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման զուգընթաց հայտնվեց մի եզրույթ, որը ավելի ծանոթ է որպես SMM (Social media marketing), բայց PR մասնագետները հաճախ օգտագործում են SMC (Social media communications): Սոցիալական մեդիայում հաղորդակցության իրականացումը հանրային կապերի մասնագետի կարևոր առաքելություններից մեկն է: Սոցիալական մեդիայի զարգացումը տեղեկատվության փոխանցման ահռելի ծավալներ է ստեղծել և այդ բարդ գործը կառավարելը ևս հանրային կապերի մասնագետի ամենօրյա աշխատանքն է: Այդ պատճառով ասում ենք, որ PR մասնագետը 24/7 ռեժիմում աշխատող, բազմաթիվ հմտությունների տիրապետող մարդն է:

– Տարիներ առաջ, երբ Ձեր առաջին քայլերն էիք անում PR-ում և այսօր, երբ ոլորտը զարգացման ճանապարհ է անցել, շատ բա՞ն է փոխվել:

–Բնականաբար, փոխվել է: 1994 թվականին, երբ ընդունվեցի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը պատկերացում էլ չունեի, որ կան հատուկ մասնագետներ, ովքեր ստեղծում են այն ամենը, ինչը հետո պետք է լուսաբանեն լրագրողները: Ուսանողական տարիներին համալսարանի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահն էի, հետո ընտրվեցի նաև ամբողջ համալսարանի Ուսանողական Միության տեղեկատվական եւ վերլուծական հանձնաժողովի նախագահ: Հենց այս ժամանակ էր, որ առաջին անգամ բախվեցի այն խնդրին, որ այն ինչ մենք կազմակերպում ենք և իրականացնում բոլոր ուսանողներին հասանելի չէ, նրանք չգիտեն, թե իրենց կողմից ընտրված պատվիրակներն ինչով են զբաղված, ինչ հարցեր են քննարկում և բարձրաձայնում, կարողանու՞մ են իրենց իրավունքները պաշտպանել: Ես ստիպեցի իմ ընկերներին, որ ԵՊՀ ռեկտորին խնդրենք, որ մեզ Երևանի համալսարան թերթում հատկացնի որոշ տարածք, որտեղ կներկայացնենք մեր նախաձեռնությունների և իրականացված ծրագրերի մասին, կներկայացնենք ԵՊՀ տաղանդավոր երիտասարդներին, մի խոսքով կհանրայնացնենք ուսանողական կյանքը և ավելի շատ ուսանողներ մասնակից կդառնան գործընթացին: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ է PR-ը, եւ ցանկացած գործողություն անում էի հիմնվելով լրագրողական հմտություններիս վրա: Բայց կամաց-կամաց հասկացա, որ սա առանձին մասնագիտություն է, որ լրագրողը և PR մասնագետը գտնվում են խաղադաշտի տարբեր կողմերում: Սկսեցի ուսումնասիրել արդեն մասնագիտական գրականություն, համակցեցի 8 տարիների փորձս, որի արդյունքում էլ հրատարակվեց «Հանրային կապեր» գիրքը, որն, ըստ էության, պարզ ու մատչելի է մասնագետների համար, շատերի համար ծառայել է որպես ուղեցույց: PR ոլորտը շատ արագ է զարգանում, այնպես որ այսօր նոր մասնագիտական ձեռնարկ եմ ստեղծում, որ համապատասխանի թվային դարաշրջանին:

Եթե համեմատենք երեկ և այսօր PR ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնագիտական գործիքներն են շատացել, մի կողմից մեր գործը հեշտացել է, մյուս կողմից մեծացել են տեղեկատվության տարածման ծավալներն ու ձևերը:  Պետք է ավելացնեմ նաեւ, որ PR-ը գնալով էլ ավելի է հետաքրքրանում, եւ չնայած որ PR մասնագետն այսօր աշխատում է բավականին ծանր գրաֆիկով, միեւնույն է՝ այս ուղին բռնած մարդկանց թիվը գնալով ավելանում է:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են լրագրողներն այդքան հաճախ դառնում PR մասնագետներ:

–Շատ պարզ է, լրագրողները կարողանում են տեքստի հետ աշխատել, իսկ PR-ում կարողանում են հիմավորվել այն մասնագետները, ովքեր տեքստի հետ աշխատել գիտեն: Լսարանին ուղղված ուղերձները գրագետ կարողանում են ձևակերպել այն մասնագետներն, ովքեր ունեն լավ բառամթերք, ովքեր համոզիչ և գրագետ են, ովքեր ներկայանալի տեսք և խոսք ունեն: Օրինակ՝ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ունի PR մագիստրոսական ծրագիր, որտեղ բազային կրթություն ունեցողներն ավարտելով բակալավրիական կրթությունը՝ շարունակում են «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում: Եվ հենց այս առավելությունը հաշվի առնելով՝ մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն արագ աշխատաշուկայում գտնում են իրենց տեղը:

– Կա տարածված կարծիք, որ PR մասնագետների մեջ գերակշռում են կանայք։ Կմեկնաբանե՞ք այս կարծիքը Ձեր տեսանկյունից:

– Կարծում եմ՝ կանայք բոլոր ոլորտներում են շատ, հատկապես այն ոլորտներում, որտեղ ստեղծագործելու, արարելու, նոր բան ստեղծելու հնարավորություն կա: PR-ը սեռ չի ճանաչում, այստեղ կարեւոր են մասնագետի հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը: Իմ միջավայրում և՛ կանայք են, և՛ տղամարդիկ:

– Ըստ Ձեզ, որ հատկանիշներն են օգնում PR մասնագետին իր աշխատանքում:

– PR մասնագետը պետք է կարողանա հաղորդակցվել, գրագետ փոխհարաբերություններ ձևավորել, տեղեկացված և համոզիչ լինել, պատասխանատու լինել և արագ կողմնորոշվելու ունակություն ունենալ, էթիկայի և էթիկետի կանոններին հետևել… կարդալ, կարդալ, կարդալ…սովորել, սովորել, սովորել… Այս մասնագիտությամբ զբաղվող մարդն ամեն վայրկյան սովորելու առաքելություն ունի:  Այս հատկանիշների առկայությունը ոչ միայն PR ոլորտում, այլ շատ ոլորտներում կօգնեն անձին ունենալ լավ աշխատանք եւ հաջողված կարիերա:

– Կարծում եք` Ձեր մասնագիտությունը ապագայում պահանջված կլինի՞:

– Համոզված եմ, որ հանրային կապերի մասնագետների դերակատարությունը գնալով ավելի կմեծանա, որովհետեւ հաղորդակցման և հաղորդակցության դերն աննկարագրելի է բոլոր ոլորտներում: Անհատները, ընկերությունները, գերատեսչությունները, պետությունը, իշխանությունները, քաղաքական և հասարակական կառույցները, ի վերջո, բոլոր ոլորտները կարիք ունեն հաղորդակցության ձևավորման և կառավարման: Այն մարդիկ, ովքեր ընտրելու են այս ուղին, պետք է հասկանան, որ սա բարդ ուղի է եւ այդ բարդ ուղին ընտրելու պարագայում ամեն օր սովորելու, նոր բան իմանալու ունակություն պետք է, որովհետեւ այս մասնագիտությունն ամեն վայրկյան փոխվում է: Շահում են այն մասնագետները, ովքեր միշտ զգում են հասարակության զարկերակը:


Զրուցեց Էլեն ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031