Հարցազրույց մատնահարդար Արման Գեւորգյանի հետ
– Ինչո՞ւ հենց մատնահարդարումն ընտրեցիք, չէ՞ որ դա «կանացի» մասնագիտություն է համարվում։
– Որովհետեւ տղա մատնահարդար չկար Հայաստանում, իսկ ես ցանկացա լինել առաջինը, ինչու չէ՝ նաեւ ճանաչված, ձգտում էի լավ աշխատանքներ կատարել եւ դառնալ պահանջված մասնագետ։
– Այս մասնագիտությունը ընտրելու ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ եք ունեցել։
Կարդացեք նաև
– Կանայք եւ աղջիկները սկզբում չէին ցանկանում ինձ մոտ սպասարկվել, եւ ես ապրում էի խոր հիասթափություն, մտածելով՝ սա ինձ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, շարունակե՞մ, թե՞ դադարեցնեմ… Հիմա ամեն ինչ այլ է:
– Սպասարկման հիգիենան ապահովելու համար ի՞նչ կանոնների պետք է հետեւի մատնահարդարը։
– Սպասարկման հիգիենան ապահովելու համար պետք է անպայման ախտահանված լինեն կտրող գործիքները, ինչով որ աշխատում ենք հաճախորդների հետ եւ մնացած ամեն ինչը պետք է լինի միանգամյա օգտագործման համար, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա, եւ սպասարկումը ամբողջովին լինի ստերիլիզացված։
– Հնարավո՞ր է մատնահարդարման շնորհիվ ձեր անհատականությունը ընդգծել։
– Այո, հնարավոր է, երբ բարկացած եմ լինում, սկսում եմ աշխատել, եւ այդպես հանգստանում եմ, նման դեպքերում ինձ մոտ հետաքրքիր դետալներ են ստացվում։ Իմ հաճախորդների մեծ մասը լավ գիտի ինձ, եւ տխուր կամ բարկացած ժամանակ ես՝ վերցնելով վրձինը, սկսում եմ հետաքրքիր դետալներ նկարել։
– Ձեր մասնագիտության դրական եւ բացասական կողմերը։
– Դրական կողմ կարող եմ նշել այն, որ պահանջված մասնագիտություն է, եւ եթե գործդ լավ անես, նաեւ շահութաբեր է, ինձ համար ամենակարեւորը սերն է իմ մասնագիտության հանդեպ, ես իմ կատարած աշխատանքից մեծ բավականություն եմ ստանում: Ինչ վերաբերում է բացասական կողմին, հետեւյալը կնշեմ՝ շատ-շատ դժվար է աղջիկների հետ աշխատելը։ Բայց ես փորձում եմ ամեն հաճախորդի յուրահատուկ մոտեցում ցույց տալ, նկատի ունեմ, որ գործ ունենք տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ։
– Կա՞ն նախընտրած գույներ, որոնք մատնահարդարման համար հաճախ եք առաջարկում ձեր հաճախորդներին։
– Հաճախորդի մատները դիտելով եմ խորհուրդ տալիս՝ ինչ գույն կամ ինչ ձեւ կարող է ընտրել, իսկ գույների առումով, իմ կարծիքով, ամենաոճայինները սպիտակն ու սեւն են։
– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ մատնահարդարներին։
– Խորհուրդ կտամ շուտ չհիասթափվել, որովհետեւ բավականին բարդ մասնագիտություն է մատնահարդարումը, գործ ունենք մարդու ձեռքերի եւ եղունգների խնամքի հետ։ Հաճախորդ հավաքելը շատ դժվար է, պետք է աշխատել լրիվ ստերիլ գործիքներով, որ հաճախորդներն էլ վստահ լինեն: Եվ եթե ընտրել ես այս ոլորտը, միայն սովորելով չպետք է սահմանափակվել, պետք է անընդհատ աշխատել, պետք է նվիրվել եւ լավ յուրացնել, քանի որ սովորելու բան միշտ կա:
Զրուցեց Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Արման Գեւորգյանը
«Առավոտ» օրաթերթ
16.12.2021