Արտախորհրդարանական ուժերն ազդել են Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության ու պրոցեսների վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ: «Առավոտի» հետ զրույցում այդ ուժերից մեկի՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն ասաց, որ ընդդիմության առաքելություններից մեկն էլ այլընտրանքային մոտեցում ներկայացնելն է գործող իշխանությանը, ինչը իրենք անում են այդ հանդիպումների ժամանակ. «Մենք կարողանում ենք որոշակիորեն ազդել պրոցեսների վրա: Մեր կողմից առաջարկվող մոտեցումներից շատ շատերն են ընդունվել նաեւ ընդհանուր իշխող քաղաքական ուժի հատկապես արտաքին քաղաքականության մեջ: Ցավոք, չեմ կարող մանրամասնել, միայն ասեմ, որ շատ արդյունավետ են այդ հանդիպումները»:
Սանասարյանը, որպես օրինակ, նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելը եղել է իրենց առաջարկը ու ինքն էլ այդ հանձնաժողովում է լինելու. «Այդ հանդիպումներն արդյունավետ են եւ առաջիկայում էլ ավելի շատ առաջարկներով ու կոնկրետ լուծումներով հանդես ենք գալու»:
Այն քննադատություններին, որ Փաշինյանը իր «արբանյակ կուսակցություններին» հավաքում է, տպավորություն է ուզում թողնել, թե քաղաքական դաշտում համախմբված են իր շուրջը՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես հերքում եմ, որ որեւիցե ձեւով կարող է «Ինքնիշխան Հայաստանը» կամ ես լինենք արբանյակ որեւէ այլ ուժի կամ գործչի: Նման բան չի կարող լինել»:
Կարդացեք նաև
Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, որ նոր-նոր է կալանավայրից դուրս գալուց հետո անցել պատգամավորական գործունեությանը, «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ արտախորհրդարանական ուժը, որը չի հաղթահարել անցողիկ շեմը, ավելի մեծ ազդեցություն է ունենում իշխող ուժի վրա, կարողանում է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն կատարել, ինչպես Սանասարյանն է պնդում, իսկ դուք, որ խորհրդարանում եք, իշխանության վրա որեւէ կերպ չեք ազդում, էլ ի՞նչ արժեք ունի ձեր մանդատը՝ պատասխանեց. «Ձեր հարցադրումը ճիշտ է, բայց պատասխանը պետք է ուրիշ տեղ փնտրել: Իշխանությունից է կախված: Եթե մոտ 30% քվե ստացած ուժի փոխարեն 0,00 քվե չստացած ուժերի կարծիքի հետ է հաշվի նստում, ուրեմն ճիշտ է իրենց հարցադրում անեք»:
Հարցին՝ ձեզ ասում են՝ եկել եք ԱԺ, փափուկ աթոռներ եք գտել, կառչել աթոռից ու չեք ուզում մանդատը վայր դնել, թեեւ այդ մանդատը ոչինչ չի տալիս՝ Զաքարյանը պատասխանեց. «Ես կալանավայրից հեռուստացույցով լսեցի իմ գործընկերների հայտարարությունը այդ մասին, ինքս էլ այդ կարծիքին եմ անձնապես, որ այն պահից, երբ մանդատը դնելը ինչ-որ իմպուլս կտա, դեպի դրական ընթացք կտա մեր պետականությանը, մեր ժողովրդին, մի ակնթարթ անգամ ես չեմ հապաղի: ԱԺ ամբիոնը ընդամենը քաղաքական պայքարի գործիքակազմերից մեկն է: Երբ զգանք, որ արդյունավետությունը մանդատը դնելու մեջ է, անպայման կգնանք այդ քայլին»:
Թե ինչքանով է այդ խորհրդարանը արդյունավետ, երբ միմյանց վրա շշեր են նետում, փոխադարձ վիրավորում, պատգամավորների օգնականների ծեծում՝ Մխիթար Զաքարյանի գնահատմամբ՝ նման միջադեպեր աշխարհի շատ խորհրդարաններում էլ լինում են. «Որպես խորհրդարանի արդյունավետության ցուցիչ ճիշտ չէ դա վերցնել, կարող է միջադեպեր էլ լինեն եւ խորհրդարանն արդյունավետ աշխատի: Բնականաբար, այստեղ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունը առողջ չի ու որպես ընդդիմություն պետք է ասեմ, որ իշխանությունն է դրա պատասխանատուն»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ընդդիմադիրներին առաջարկել էր հուշագիր ստորագրել, որ միմյանց չեն վիրավորելու, չեն հայհոյելու, այսպես ասած «գծից դուրս» քննադատություն չի լինելու: Մխիթար Զաքարյանի դիտարկմամբ՝ դրանք գեղեցիկ խոսքեր են. «Եթե անկեղծ է, կարելի է քննարկել, բայց որոշում է խմբակցությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2021