Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` նախարարությունն սկզբունքային փոփոխություններ է առաջարկում մի քանի ուղղություններում: Առաջինը վերաբերում է հանրակրթության բովանդակությանը: Այստեղ խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրել հմտություններով, արժեքներով եւ դիրքորոշումներով: Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել սեփական ուսումնական պլանները: Նորարություններ են նախատեսվում ներառական կրթության հատվածում` կրթության առանձնահատուկ պայմանների փոփոխությունից մինչեւ ֆինանսավորում: Ցանկում հաջորդը` ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունն է` ատեստավորման համատեքստում: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը, եւ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարն առանձնացրել է կառավարման ոլորտը: Այստեղ նախատեսվում է տարանջատել տնօրենի գործառույթները` վարչատնտեսական եւ բովանդակային մասերով: Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրեններին կվերապահվի միայն կրթության որակի եւ բովանդակության հարցերը:
Գլխադասային` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով