Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած հանդիպման առիթը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է։ Երեկ հայտնի դարձավ, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն ավագանու կազմի կեսից ավելիի ստորագրությունն ունեն, որպեսզի Մարությանին անվստահություն հայտնեն։
Փաշինյանի հետ այսօրվա հանդիպումից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Ամեն Գալջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի հետ քննարկել են ստեղծված քաղաքական ճգնաժամը՝ կապված Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի հետ։
«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ եւ արդեն հայտնի է, որ Մարությանը մեկ տարի է՝ դուրս է եկել կուսակցությունից եւ դրանից հետո սկսվել է քաղաքական ճգնաժամ։ Մենք մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, բայց ցավոք, չի հաջողվել»,-ասաց Գալջյանը։
Նրա կարծիքով՝ 2018-ին Հայկ Մարությանը դարձել էր կուսակցության անդամ, ապա այս կուսակցության վարչությունն է նրան առաջադրել քաղաքապետի թեկնածու, հետո քարոզարշավ, հետո ընտրվեց, իսկ երկու տարի անց դուրս է եկել կուսակցությունից․ «Դա քաղաքականապես անտրամաբանական է»։
Կարդացեք նաև
Թե ինչպես է արտահայտվել այդ ճգնաժամը, Գալջյանն այսպես մեկնաբանեց․ «Թե կառավարության հետ փոխհարաբերություններում, թե Երեւանի հետ հարաբերություններում բազմաթիվ անգամ արտահայտվել է, ուղղակի մենք դա հրապարակային չենք դարձրել»։
Գալջանն ասաց, որ շուտով մանրամասների մասին կհայտարարեն, եւ ՔՊ-ի քաղաքապետի նոր թեկնածու անունն էլ կհայտարարեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ