Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ամոթ չէ՞, ո՞վ է ում վրա ճնշում գործադրում, մի փաստ թող ներկայացնեն»․Ախուրյանում ՔՊ-ի ցուցակը գլխավորողը՝ դաշնակցականներին

Դեկտեմբեր 16,2021 19:45

Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Ալբերտ Այվազյանն՝ Առափիի համայնքապետը, Aravot.am-ի զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի հնչեցրած այն մեղադրանքներին, որ ՔՊ-ն Ախուրյանում քաղաքական և ուժային տեռորի է ենթարկում «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներին, հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները կիրառելով՝ փորձում է զավթել Ախուրյանում տեղական իշխանությունն, ասաց․

«Կոնկրետ փաստեր ունե՞ն, եթե կոնկրետ փաստեր ունեն, թող ասեն, բայց մենք կոնկրետ փաստեր ունենք, որ իրենք էլ մեր վրա են ճնշում գործադրում։ Ընկել են ծովը, ձեռքերը գցել են փրփուրներից, չի կարելի այդպես, էս մի շաբաթն էլ կանցնի, ամեն ինչ կընկնի իր տեղը, կյանքն իր հունով կգնա, մենք էլի ապրելու ենք մեր շրջանում, մեր մարզում։ Բա ամոթ չէ՞, ո՞վ է ում վրա ճնշում գործադրում, մի հատ փաստ ներկայացնեն։ Ո՞վ չգիտի դաշնակցականներին, այս երկրում ո՞վ չի ճանաչում այդ կուսակցությանը»։

Ալբերտ Այվազյանը հավաստիացրեց, որ կոնկրետ իր ու իր թիմի կողմից որևէ մեկի նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվել և ոչ մի փորձ չի արվել որևէ մեկին համոզելու կամ վախեցնելու։

«Չկա նման բան, դա իրենց երևակայությունն է, ընկել են երևակայության գիրկը, օրական մի բան հորինում ու տարածում են»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե ՔՊ-ին մեղադրում են ձայն փախցնելու փորձերի մեջ, Ալբերտ Այվազյանը դարձյալ խնդրեց կոնկրետ փաստերով խոսել։

«Ես կոնկրետ փաստեր ունեն, թե իրենք մեր թիմից ում վրա են փորձել ազդել, փորձել են ճնշել, ձայն գողանալ, բայց չեմ բարձրաձայնում»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր հարցին՝ իրենք ավելի շատ ձայներ չունե՞ն, քան ՔՊ-ն, երկու դաշինքները միասին 14 մանդատ ունեն, իսկ ՔՊ-ն՝ 13, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Դե իրենք իրենց ուզում են ապահովագրել ավելի շատ։ Իրենք երկուսը միացել են, այդտեղ օրենքի բաց կա, 28 տոկոս ձայն հավաքողն ասում է՝ ես եմ ղեկավարը, ես շատ ձայն եմ հավաքել, եթե իրենք դպրոց չեն ավարտել, մաթեմատիկա չեն անցել ու չգիտեն, որ 48-ն ավելի մեծ թիվ է, քան 28-ը կամ 22-ը, իրենք արդեն մտածելու տեղիք ունեն։ Այս համայնքը ո՞նց պիտի ղեկավարեն, երբ մեծն ու փոքրը իրարից չեն տարբերում։

Իրենք հաղթող ուժ չեն, ժողովուրդն էլ իրենց այդ իրավունքը չի տվել, ուղղակի օրենքի բացով ուզում են գալ իշխանության։

Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ ոչ մեկի վրա ճնշում չենք գործադրել, թող իրենց թեկնածուներից որևէ մեկն ասի, որ Ալբերտ Այվազյանը իր հետ զրույց է ունեցել, մեկին մի բան ասել կամ խնդրել եմ կամ մի բանով ահաբեկել եմ։ Եթե ունեն նման փաստեր, թող բողոքեն, ինձ դատի տան, բայց մենք ունենք նման փաստ, որ իրենք ճնշում են գործադրել մեր թեկնածուներից երկուսի վրա; Աշխատավարձ են խոստանում 500 հազար դրամ, ես չգիտեմ այդ համայնքապետի աշխատավարձը ուրեմն պիտի մեկ ու կես միլիոն պիտի լինի, եթե սովորական մասնագետին 500 հազար աշխատավարձ են խոստանում»։

Հիշեցնենք, որ Ախուրյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «ՔՊ»-ն ստացել է 6195 ձայն, «Ախուրյան» դաշինքը՝ 3854 ձայն, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810։ Երկու ընդդիմադիր դաշինքները, որոնց երկուսի ղեկավարներն էլ դաշնակցականներ են, համաձայնագիր են ստորագրել Ախուրյանում տեղական ինքնակառավարումը համատեղ ստանձնելու։ Ընդդիմադիր դաշինքները միասին ունեն 14 մանդատ, ՔՊ-ն՝ 13, այս երկու ուժերը միասին հավաքել են 6664 ձայն, ինչը 469 ձայնով ավել է ՔՊ-ի ձայներից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031