2022 թ․ Երևանի բյուջեի նախագիծը ներկայացնում է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը
Երևանի 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսվում է ավտոբուսների, վերելակների գնումներ, մանկապարտեզների, բուժհաստատությունների վերանորոգում, կանաչ տարածքների ավելացում:
Երևան համայնքի 2022թ. բյուջեի եկամտային մասը բյուջեի նախագծով կկազմի շուրջ 94.6 մլրդ. դրամ, ծախսային մասը՝ 98.8 մլրդ. դրամ, դեֆիցիտը՝ 4.2 մլրդ. դրամ: 2021թ. համեմատ նախատեսվում է սեփական եկամուտների շուրջ 3.8 մլրդ. դրամի աճ, որն ինքնըստինքյան նշանակում է համարժեք գումարի չափով ավել ծրագրերի իրականացում:
Մանկապարտեզների հիմնանորոգում
2022 թվականի բյուջեի նախագծով նախադպրոցական հաստատությունների համար նախատեսվում է շուրջ 5.8 մլրդ. դրամ կամ թվով 22 մանկապարտեզների հիմնանորոգում: 2018թ.-ից մինչ օրս համայնքային բյուջեի սեփական եկամուտների միջոցներով, նաև այլ ծրագրերի շրջանակում իրականացվել է թվով 52 մանկապարտեզների նորոգում և հիմնանորոգում:
Առողջապահություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպություններին համայնքային բյուջեից հատկացվող միջոցները կրկնապատկվել են՝ 250 մլն. դրամ՝ 2021թ.-ին, 500 մլն. դրամ՝ 2022-ին: Կհիմնանորոգվեն թվով 4 բուժհաստատություններ: 2018թ.-ից մինչ օրս համայնքային բյուջեի սեփական եկամուտների միջոցներով վերանորոգվել են թվով 28 բուժհաստատություններ:
Վերելակների փոխարինում
Ներկայումս Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում թվով 3500 վերելակներ ենթակա են փոխարինման: Որպես կամավոր լիազորություն, և նաև հաշվի առնելով քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչը՝ 2019-2020 թթ.-ի ընթացքում 520 վերելակ արդեն փոխարինվել է նորերով, ևս 100-ը՝ 2021 թվականին: 2022թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված է տեղադրել ևս 100 նոր վերելակ: 2021թ.-ի համայնքային բյուջեի գերակատարման արդյունքում նախապես պլանավորված 100 վերելակների փոխարեն նախատեսվում է նորերով փոխարինել ևս 280 վերելակ: Արդյունքում՝ 2019-2022 թթ.-ին նորերով փոխարինված վերելակների թիվը կհասնի շուրջ 1000-ի:
Հանրային տրանսպորտ
2020-2021 թթ.-ին ձեռք բերվեցին 2 տեսակի ավտոբուսներ՝ 6.6 և 8.6 մետրանոցներ: Ընդհանուր՝ 311 հատ։ 2022 թվականին համայնքային բյուջեի եկամուտներով ձեռք կբերվի ևս 100 նոր 8.6 ավտոբուս:
Աշխատավարձերի բարձրացում
2022թ.-ի բյուջեով նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների առանձին հաստիքների դրույքաչափերի բարձրացում, սակայն աշխատավարձերի բարձրացումը լինելու է փուլային, ինչը պայմանավորված է տնտեսության և գնաճի գործոններով:
Այլ ծրագրեր
Համայնքային բյուջեից միջոցներ կնախատեսվեն մայրաքաղաքի կանաչ տարածքների շարունակական ավելացմանը, ինչպես նաև նոր աղբավայրի կառուցմանը, որի համար վարկային միջոցներ են նախատեսվում նաև ՀՀ կառավարության կողմից:
Փոփոխություններ տեղական տուրքերում
Գազալցակայաններում հեղուկ և սեղմված գազի, իսկ բենզալցակայաններում՝ բենզինի տեղական տուրքերը կփոփոխվեն: Յուրաքանչյուրի մասով տուրքը տարեկան կտրվածքով կբարձրանա 600000 դրամի չափով:
Ամփոփում
Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Երևանի քաղաքապետարանի՝ 2022թ.-ի համար բոլոր նախատեսած ծրագրերը գործնականում կատարվեն: Այս ամենի հիմքում մայրաքաղաքի կայուն զարգացման ռազմավարությունն ապահովելն ու երևանցիների առջև ծառացած խնդիրների աստիճանական լուծումն է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն