«Շատ կարեւոր է, որ տնօրենը տնտեսական հարցերով չմտահոգվի։ Ինչպե՞ս է վարչատնտեսական կառավարչի նշանակումը լինելու»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ դպրոցի տնօրենը պատասխանատու է լինելու կրթության որակի, երեխաների առաջադիմության, կրթական ծրագրերի համար, իսկ նշանակվող գույքային կառավարիչը՝ վարչատնտեսական հարցերի համար։
«Հիմնական նպատակն է դպրոցին վերադարձնել կրթության որակով եւ բովանդակությամբ զբաղվելու պայմանը։ Այս պահին դպրոցի տնօրենը զբաղվում է բոլոր հարցերով։ Վարչատնտեսական մասի առանձնացումը չի լինելու մեխանիկորեն։ Այսինքն, ամեն դպրոցում չի լինելու առանձին մարդ, որը զբաղվելու է այդ հարցերով, որովհետեւ աշխատանքի ծավալները տարբեր են։ Օրինակ՝ գնումների հարցերի համար կարող է լինել մեկ մասնագետ, որը մի քանի դպրոցի համար կարող է արդյունավետ եւ կենտրոնացված անել այդ աշխատանքը։ Առանձին մեխանիզմ կունենանք, ըստ որի՝ կառավարումը կլինի ըստ դպրոցի կարիքների։ Դպրոցի տնօրենը կնշանակվի մրցութային կարգով, իսկ վարչատնտեսական պատասխանատուի նշանակման կարգը կսահմանի կառավարությունը»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հայտնեց՝ ընդդիմության հետ պայմանավորվել են այս նախագծի երկրորդ ընթերցումը կատարել հաջորդ տարի, հրավիրել հանրային լսումներ․ «Չեմ կարծում, որ լինի տնօրեն, որը կդժգոհի իր վրայից ֆինանսական պարտավորությունները հանելու փաստից»։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց՝ այս փոփոխությամբ կրթական համակարգում երկիշխանություն է հաստատվելու․ «Երկու տնօրեն նշանակելով՝ ապակուսակցականացնո՞ւմ եք դպրոցները, թե ավագանու համամասնական ցուցակներից վեդրոներով տնօրենների եք նշանակում։ Անունով ասեմ՝ «Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը ՔՊ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ